HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Ամենակարող երգի՞չ», թե՞ ամենակարող նախագահ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին այցելել էր Հանրային հեռուստաընկերություն՝ վերջինիս 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը գրեթե սկսվում է նրանով, որ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, աշխատանքային պայմանների բարելավման, զարգացման հեռանկարի մասին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հանրային լուրջ դժգոհությունների տեղիք տված՝ Հանրայինի եթերով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» հաղորդմանը: «Հանրապետության նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: ...Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են հանրապետության նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին»,-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանգամանքը, որ հաղորդումը դարձել է հատուկ քննարկման առարկա, նախագահ Սարգսյանը, փաստացի, մասնագիտական շրջանակների կարծիքը նախապես չհարցնելու համար նկատողություն է արել հեռուստաընկերության ղեկավարությանը, իսկ վերջինս էլ խոստացել է փոխել մոտեցումը, թույլ է տալիս ասել, որ չարչրկված այդ նախագիծը կամ կփակվի, կամ դրա բովանդակությունն ու ձևաչափն էականորեն կփոխվեն: Դժվար է հավատալ, որ նախագահի դիտողությունները անհետևանք կմնան: Ստացվում է, որ հանրության ձայնը տեղ է հասնում միայն այն բանից հետո, երբ գործին միջամտում է անձամբ նախագահը:

Դրանից առաջ, հիշեցնենք, հաղորդման կապակցությամբ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն էին հայտնել բամազթիվ մտավորականներ՝ այդ նախագիծը որակելով ազգային մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմ: Change.org-ում հաղորդումը դադարեցնելու, Հանրայինի եթերից հանելու պահանջով ստորագրահավաք էր սկսվել: Եվ չնայած ողջ լրատվադաշտը և համացանցը արդեն մոտ մեկ շաբաթ ողողված է այս աղմուղ-աղաղակով, Հանրային հեռուստաընկերությունը, մինչև նախագահի այցը, դրան բացարձակապես որևէ կերպ չէր արձագանքում: Տպավորությունն այնպիսին էր, կարծես տեղի ունեցողն իր հետ որևէ առնչություն չունի:

Հանրային հեռուստաընկերությունը թքած ուներ իր եթերային քաղաքականության նկատմամբ հանրային կարծիքի վրա՝ չնայած նրան, որ թե' հեռուստաընկերության ամբողջ անձնակազմը և թե' Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն իր աշխատակազմով աշխատավարձ են ստանում հենց այդ հանրության վճարած հարկերի հաշվին և կոչված են բավարարելու նրա տեղեկատվական, հոգևոր-մշակութային պահանջմունքները: Խնդիրն այստեղ քննադատության օբյեկտ դարձած հաղորդման բովանդակությունը չէ, կամ էլ այն «մոգոնողների» ճաշակն ու մշակույթի ընկալման մակարդակը: Այլ այն, որ հասարակության մի ստված հատվածի հստակ ձևակերպված դիրքորոշման, ակնկալիքի  հանդեպ բյուջեից սնվող հեռուստաընկերության և պետական մարմին հանդիսացող Խորհրդի կողմից ցուցաբերվում է նման արհամարհանք: Այս «կանտորաներում», փաստորեն, կամ տառապում են անսխալականության բարդույթով, որոնց թվում է՝ իրենց է վերապահված հանրային ճաշակ թելադրելու բացառիկ իրավունքն ու առաքելությունը, կամ էլ նրանց համար գոյություն ունի «հանրային» ընդամենը մեկ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը: Որովհետև, փաստորեն, հեուստաընկերությունը կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը միայն նրա դիտողությունն ընդունելու քաջությունն ու պատրաստակամությունն ունեն: Որովհետև միայն այդ դիտողությունը հանկարծ բացեց Հանրային հեուստառադիոընկերության խորհրդի նախագահի փակ աչքերն ու ականջները՝ նկատելու համար շուրջը կատարվողը:

Նեոսովետական նոմենկլատուրային այս աշխաաոճում, սակայն, Հանրային հեռուստաընկերությունն օրիգինալ չէ: Սա համախտանիշ է, որով տառապում է գրեթե ամբողջ կառավարման համակարգը: Հենց նույն բարդույթի և նույն գործելաոճի պատճառով էր, որ Երևանի քաղաքապետը 2012թ. շաբաթներ շարունակ չէր նկատում իր հրամանով մայրաքաղաքի Աբովյան փողոցից տեղափոխված և Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները հանելու հանրային սուր պահանջը, պուրակում կատարվող դրամատիկ զարգացումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աչքերն ու ականջներն էլ բացվեցին միայն այն ժամանակ, երբ պուրակ այցելց Սերժ Սարգսյանը և «գեղեցիկ չէ, Տարոն ջան» իմպրովիզով հրահանգեց ապամոնտաժել տաղավարները: Դրանից անմիջապես հետո լուծումը գտնվեց: Ու ոչ ոք չհարցրեց՝ իսկ ի՞նչ գործ ուներ նախագահը ինքնավար Երևանի քաղաքապետարանի գործառույթների տիրույթում:

«Ամենակարող երգիչ» նախագծի դեմ բողոքի պարագայում մոտավորապես տեղի է ունեցել նույնը: Ոլորտային պատասխանատուները` այսպես կոչված «բոյարները», չեն ուզում կամ չեն կարողանում ադեկվատ արձագանքել հասարակական ընդվզմանը, և խնդրի լուծումը ստանձնում է այսպես կոչված «ցարը»:

Այստեղ անգամ կարևոր չէ՝ նման իրավիճակներն առաջանում են «բոյարների» ապաշնորհության և ստեղծված իրավիճակներն օգտագործելու` «ցարի» կարողությա՞ն պատճառով, թե՞ գործ ունենք սովորական կառավարչական մանիպուլյացիայի հետ: Փաստն այն է, որ արդյունքում ձևավորվում և ամրապնդվում է երեք հիմնական համոզմունք: Նախ՝ գործ ունենք դե յուրե հանրային, բայց դե ֆակտո լավագույն դեպքում պետական ուղղակի գրաքննության տակ գտնվող հեռուստաընկերության հետ: Երկրորդ՝ անգամ Հանրային հեռուստաընկերության մակարդակում կառավարման համակարգը հասարակական պահանջներին արձագանքելու, հաշվետու լինելու, որոշումների կայացմանը նրա մասնակցությունն ապահովելու կարողությունից զուրկ է: Երրորդ՝ բոլոր որոշումները կայացվում են մեկ կենտրոնում՝ Բաղրամյան 26-ում:

Մինչդեռ այս տարվա փետրվարի 12-ին սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ծրագրային ելույթում, հենց այսպիսի երևույթները հաշվի առնելով, Սերժ Սարգսյանը նշում էր. «Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով, իրենց կարծիքով, երկու կարևոր խնդիր է լուծվում: Առաջին՝ հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով: Երկրորդ՝ պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց»:

Եթե «համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյայի» չարածի կամ սխալներով, թերություններով արածի հետևանքները մեղմելու խնդիրը պետք է ամեն անգամ նախագահը վերցնի իր վրա, ո՞ւմ են պետք այդ օղակները: Եվ պետք չէ մեղադրել հասարակությանը, երբ անգամ գյուղապետից կամ համատիրությունից մեկ տեղեկանք պատշաճ չստանալու դեպքում անմիջապես սկսում է մեղադրել իշխանության ամենավերին օղակին:

Մեկնաբանություններ (1)

Հովիկ Մանվելյան
Լիովին համաձայն եմ հեղինակի հետ: Ավելացնեմ, որ ոչ մի զարգացած երկրում պետական հեռուստատեսություն գոյություն չունի: Հարկատուները պարզապես թույլ չեն տա որ իրենց արդար վաստակած փողերը ծախսվի անհեթեթ բաների վրա: Այս հոդվածը կարդալիս, հիշեցի մեկ նորության մասին՝ Իտալիայի կառավարությունը €500 է հատկացնում 18 տարեկան երիտասարդներին մշակույթային արժեքներին ծանոթանալու համար, այսինքն այդ փողը թատրոնների, համերգների, թանգարանների, գրքերի և նման այլ բանների վրա ծախսելու համար (http://www.telegraph.co.uk/news/2016/08/23/italian-teenagers-to-receive-500-cultural-bonus-from-government/): Ոչինչ, կարևորը որ Երևանը Հռոմից ավելի հին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter