HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թեկնածությունն առաջադրած Ջերմուկի գործող քաղաքապետը ընտրության է գնում առանց մրցակցի

Վայոց ձորի մարզի խոշորացող համայնքներից Ջերմուկը, որի կազմում ընդգրկվելու են Գնդեվազ, Հերհեր եւ Կարմրաշեն համայնքները, ի տարբերություն Վայք եւ Զառիթափ փնջերի, ամենավիճարկելին էր արդյունավետության տեսանկյունից: Քաղաքային համայնքի հետ միավորվող երեք գյուղական համայնքներից երկուսի՝ Հերհերի ու Կարմրաշենի բնակիչները հարց էին բարձրացրել ընդգրկվելու ոչ թե Ջերմուկի, այլ Վայք քաղաքի կազմում: Հարցը մի քանի անգամ քննարկվել էր, սակայն կառավարության որոշումը մնացել էր անփոփոխ:

Հոկտեմբերի 2-ին խոշորացող Ջերմուկ համայնքում երեք գյուղական համայնքների բնակիչները ջերմուկցիների հետ համատեղ ընտրելու են համայնքի ղեկավար եւ ավագանի: Ավագանու 11 անդամի տեղի համար առաջադրված 20 թեկնածուներից ինքնաբացարկից հետո պայքարի մեջ են 19 թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար հայտ էին ներկայացրել Ջերմուկի գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ Հերհերի գյուղապետարանի առաջատար մասնագետ Արամ Սարգսյանը: Վերջինս սեպտեմբերի 19-ին ինքնաբացարկ է հայտնել եւ Ջերմուկի քաղաքապետն ընտրությունների է գնում առանց մրցակցի:

«Հետք»-ի հետ զրույցում քաղաքապետի նախկին թեկնածու Արամ Սարգսյանը նշեց, որ առաջադրվել է՝ նկատի ունենալով Ջերմուկին միացող երեք գյուղական համայնքների խնդիրները, որոնց ինքն առավել քաջատեղյակ է, քան քաղաքային համայնքի ղեկավարը: Իսկ ինքնաբացարկի որոշումը կայացրել է նախընտրական ընդհանուր տրամադրություններից ելնելով:

«Դե ընթացքում արդեն պարզ էր, որ դժվար էր լինելու Ջերմուկում բավարար ձայն ունենալն, այդ պատճառով էլ ինքնաբացարկ հայտնեցի: Դրանից հետո հանդիպել եմ Ջերմուկի ներկայիս քաղաքապետի հետ, քննարկել ենք մի շարք հարցեր, եկել ենք համաձայնության, որ խոշորացումից հետո միացող գյուղական համայնքների բնակիչները կենտրոն գան միայն անձնագրի ու կադաստրի հետ հարցեր ունենալու դեպքում, իսկ մնացած թղթատարությունը տարվի տեղում»,- հայտնեց Արամ Սարգսյանը:

Ջերմուկ խոշորացող համայնքի ղեկավարի միակ թեկնածու, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի վստահեցմամբ` միավորվելուց հետո գյուղական համայնքների խնդիրները չեն անտեսվելու: «Գնդեվազ համայնքը կարելի է հաշվել, որ տարիներ շարունակ խոշորացվածի պես է եղել Ջերմուկի հետ, բոլոր ծառայությունները կատարվել են Ջերմուկում, շատ գնդեվազցիներ աշխատում են այստեղ եւ այլ:- պարզաբանում է Վարդան Հովհաննիսյանը,- Հերհերի եւ Կարմրաշենի նման ցածր բյուջեով համայնքների միավորվելը Ջերմուկի հետ առավել ձեռնտու է հենց իրենց համար զարգացման ծրագրերից օգտվելու տեսանկյունից: Տուրիզմի ոլորտում հիմա մենք գնում ենք նաեւ գյուղական տուրիզմը զարգացնելուն, Գնդեվազն էլ, Հերհերն էլ այդ առում մեծ պոտենցիալ ունեն: Եվ հետո, չի լինելու այնպես, որ ասենք գյուղը չունենա խմելու ջուր, մենք հանկարծ որոշենք եղած գումարները ծախսել միայն Ջերմուկի վրա: Կլինի առաջնային խնդիրների տարանջատում երկրորդականից»:

Վարդան Հովհաննիսյանը

Հարցին, թե Հերհեր եւ Կարմրաշեն գյուղերը շրջանցիկ ճանապարհով են միանում Ջերմուկին եւ գուցե գերադասելին կլիներ այս համայնքների խոշորացումը Վայքի հետ, քաղաքապետի թեկնածուն հավաստիացրեց, որ խոշորացումից հետ կկառուցվի նշված համայնքներ տանող 10 կմ ճանապարհ:

«Ճանապարհն իհարկե կա, դաշտամիջյան է, որ ուղիղ գծով այդ գյուղերը կապում է Ջերմուկի հետ, հիմա դա խճապատելու ենք, որ մեքենաներնը կարողանան ազատ երթեւեկել,- հայտնեց Վարդան Հովհաննիսյանը,- բացի դրանից` խոշորացված համայնքի դեպքում շատ ավելի մեծանում է բյուջեն, որը թույլ կտա ավելի շատ ծրագրեր իրականացնել: Բացի այդ, 2017թ-ին կառավարությունը պետք է վերանայի դոտացիաների բաժանման կարգը: Կարծում եմ կարգը վերանայելուց հետո կլինեն տարբերակումներ եւ ստատուսային հարցն էլ կդառնա առաջնային: Բյուջեում ավելացումներ են սպասվում նաեւ ոսկու հանքի գործարկումից: Այնպես որ տարատեսակ ծրագրերի իրականացումը քաղաքային ու գյուղական համայնքներում լրիվ իրատեսական են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter