HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Յանդեքս» տաքսի ծառայության «հակամրցակցային գործունեությունը»

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեությունը: Այս մասին Մոսկվայում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, որը նախագահում է ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:

«Շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս («Յանդեքս» տաքսի ծառայության- խմբ.) գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ»,- գրված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը, ըստ հաղորդագրության, ընկերության վարքագիծն ուսումնասիրում է սեփական նախաձեռնությամբ:

Շաբոյանը տեղեկացրել է, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների` «Յանդեքսը» չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար:

«Հանձնաժողովը ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով: Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը»,- գրված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Հաջորդ նիստի առանցքային թեմաներն են լինելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության, մատչելի պայմաններով բնակարանաշինության խոչընդոտներին, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքի գնային քաղաքականությանն առնչվող հարցերը:

Լուսանկարը` driver.yandex-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter