HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ՍՊԸ-ին տուգանել է 10 մլն դրամի չափով

Պետական եկամուտների կոմիտեն «ՎԵՐՆԻՍԱԺ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տուգանել է 10 մլն դրամի չափով` առանց ծանուցման առևտրի իրացման վայրի կազմակերպմամբ զբաղվելու համար:

ՊԵԿ-ը հայտնում է, որ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» և «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «ՎԵՐՆԻՍԱԺ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առևտրային գործունեություն իրականացնելու համար:

«Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսպիսով, «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով:

Նշենք, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ՍՊԸ-ի հիմնադիրը Ռազմիկ Չիտչյանն է` ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ առնչվող մի քանի ընկերությունների տնօրենը: Այդ ընկերությունների շարքում են «ՍԱՄ ԿԱՐ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ինժեներինգ», «Ստրոյպրոյեկտ», «Ֆարմկո», «Սեվերստրոյ» ՓԲԸ-ները, որոնք 2015թ-ին հարկային արտոնություններ էին ստացել Հայաստանի կառավարության կողմից:

Իսկ «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ն Հյուսիսային պողոտայում գործող «Տաշիր Սթրիթ» մոլի կառուցապատողն է, որը մինչ այդ` 2014թ-ին, հիմնանորոգել էր պողոտան: Այս ընկերության բաժնետոմսերը կիսում են կրկին Սամվել Կարապետյանի հետ առնչվող մի շարք ընկերությունների տնօրեն Գոռ Բարոյանը և Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օգնական-թիկնապահը` Համիկ Մկոյանը: Սամվել Կարապետյանի և Գագիկ Բեգլարյանի բիզնես համագործակցության այլ օրինակների ծանոթացեք «Հետք»-ի այս հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter