HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների աշխատակիցները հիմնականում կշահեն Հարկային օրենսգրքից, որոնք՝ կտուժեն

Ինչպես երեկ գրել ենք` ՀՀ ազգային ժողովում որոշ մանրամասներ են ներկայացվել նոր Հարկային օրենսգրքից (ՀՕ)։ Ի տարբերության առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի, որոշակի փոփոխություններ են կատարվել՝ հանձնելու երկրորդ ընթերցման։ Եկամտային հարկին վերաբերող հատվածը ՀՕ-ի ամենից մեծ աղմուկ ու դժգոհություններ առաջացրած խնդրահարույց մասերից է։

Նախ հիշեցնենք, որ նոր տարբերակում առաջարկվում է եկամտային հարկը հաշվարկել ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

Մինչդեռ առաջին ընթերցման ներկայացված տարբերակում այն ուներ հետևյալ տեսքը.

Համեմատության համար նշենք, որ գործող օրենսդրությամբ մինչև 120 000 դրամի համար սահմանված է  24.4%, 120 000 դրամից մինչև 2 000 000 դրամի դեպքում՝ 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ն, իսկ 2 000 000 դրամից ավելիի դեպքում՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%-ը։

Իսկ երբ համեմատում ենք ՀՕ-ի նախկին ու ներկա տարբերակներում տեղ գտած ցուցանիշներն, ապա նոր տարբերակում աշխատավարձի առաջին շեմը 120 000 դրամից հասցվել է 150 000 դրամի, իսկ երկրորդ շեմը՝ 1 000 000 դրամից բարձրացվել է 2 000 000 դրամ։  

Ավելի պարզ ասած, ինչպես երեկ փաստել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, սա նշանակում է, որ մինչև 280 000 դրամ աշխատավարձ ստացողներից, ըստ ՀՕ-ի նոր տարբերակի, ավելի քիչ եկամտային հարկ կգանձվի, քան այսօրվա գործող օրենքով է սահմանված։

Սակայն, այստեղ տուժում են 280 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները, քանի որ այս շեմից սկսած եկամտային հարկի չափն ավելի մեծ է լինում, քան այսօր է։

Տնտեսության որ ոլորտների աշխատակիցները կշահեն, որոնք՝ կտուժեն

Փորձենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներին հիման վրա հասկանալ, թե տնտեսության որ ոլորտների աշխատակիցները հիմնականում օգուտ կքաղեն ՀՕ-ի նոր տարբերակով նախատեսված դրույքաչափերից, իսկ որ ոլորտների աշխատակիցները՝ կտուժեն։

Վիճծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում տնտեսության ոլորտների աշխատակիցների միջին աշխատավարձերի վերաբերյալ։

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա մայիսի դրությամբ,  Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվություն և կապ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, ինչպես նաև՝ հանքարդյունաբերություն ոլորտների աշխատակիցները։  Ամենացածրը՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ու գյուղատնտեսություն ոլորտների աշխատակիցները։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ինչպես տեսնում ենք, միջինում մինչև 280 հազ. դրամ աշխատավարձ սահմանված է 16 ոլորտներում՝ մշակույթ, զվարճություններ հանգիստ ոլորտից մինչև էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում։ Իսկ երեք ոլորտներում՝ տեղեկատվություն և կապ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, հանքարդյունաբերություն, աշխատավարձի միջին չափը գերազանցում է 280 հազ. դրամը։

Այսինքն՝ հիմնական շահողները լինելու են առաջին 16 ոլորտներից, հիմնական տուժողները՝ նշված 3  ոլորտներից։ Սա, իհարկե, չի նշանակում, որ օրինակ ֆինանսական և ապահովագրական ոլորտում բոլորի աշխատավարձն է  գերազանցում 280 հազար դրամը, կամ որ առևտրի  կամ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում, օրինակ, չկան մարդիկ որ դրանից բարձր են ստանում։ Խոսում ենք միջին ամսական անվանական աշխատավարձի մասին է։ Իսկ երբ խոսում ենք միջին որևէ ցուցանիշի մասին, չենք մոռանում, որ բացառություններ անպայման լինում են։

Երեկ Վ. Միրումյանը շեշտել էր, որ  280 հազար դրամ աշխատավարձ ստացողները կազմում են ՀՀ վարձու աշխատողների մոտ 90%-ը։ Այսինքն՝ հարկային բեռի թեթևացումը նախատեսված  է նրանց համար։ Սա, իհարկե, կարող է գոհացնել նշված խմբի մեջ մտնող աշխատողներին։ Բայց դրանից ավելի բարձր ստացողների համար՝ դժգության առիթ դառնալ։ Իսկ դժգոհողները կլինեն գլխավորապես, ինչպես տեսանք, տեղեկատվական տեխնոլոգիաների ու ֆինանսաապահովագրական ոլորտի ներկայացուցիչները։ Հանքարդյունաբերության դեպքում, գուցե, դժգություններն ավելի քիչ լինեն, քանի որ այստեղ, ինչպես վկայում են ոլորտին տեղյակ մարդիկ, աշխատավարձը բավականին անհավասարաչափ է բաշխված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter