HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվելը դեռեւս կշարունակի բուժումը` առողջապահության նախկին նախարարի ջանքերի շնորհիվ

Մետաքսե Պետրոսյան

Մեկ ամիս առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հոսպիտալացված եւ ներկայումս հետվերականգնողական թերապիա անցնող Սամվել Թադեւոսյանին մի քանի օր առաջ բժիկները տեղեկացրել էին, որ առաջիկա երեք օրվա ընթացքում նա դուրս կգրվի։ Նրան չեն բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ հապճեպ որոշումը, քանի որ մեր նախորդ այցի ժամանակ նրան բուժող բժիշկները հայտնեցին, որ Սամվելը տեւական բուժման կարիք ունի, որը կարող է ձգվել ամիսներ, գուցեեւ ավելի։

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Սամվել Թադեւոսյանը հինգ տեղից վիրավորվել էր 2011 թ․ ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում ծառայելու ընթացքում եւ կորցրել ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը։ Արդեն հինգ ու կես տարի կլինի, ինչ քսահինգամյա երիտասարդն առաջին կարգի հաշմանդամ է եւ գամված է հաշմանդամի սայլակին։

Սամվել Թադեւոսյանն ասաց, որ արդեն կարողանում է ուղիղ կանգնել եւ հենվել ձախ ոտքին, աջ ոտքի մկանը ձգված է եւ դեռեւս լրիվ չի բացվել։ Մայրը՝ Իվետան, որը մշտապես որդու կողքին է, ուրախությամբ էր արձագանքում որդու առողջացման դրական տեղաշարժին, ոգեւորված պատմում, որ տարիներ շարունակ անվասայլակում նստած լինելու արդյունքում թեքված ողնաշարը ուղղվել է, կարողանում է կանգնել եւ ոտքը նույնիսկ մի փոքր առաջ պարզել։

Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե ակնկալիքները մեծ չեն եղել, սակայն բավական դրական տեղաշարժ կա: «Սամվելը մեկ ամսվա բուժման ընթացքում ուղղել է ողնաշարի թեքվածությունը, կարողանում է ուղիղ կանգնել, ցավերը մեղմացել են»,- հայտնեց փոխտնօրենը։ Վերջինս նշեց, որ այդ ամենը դրական է անդրադարձել նաեւ երիտասարդի հոգեվիճակի վրա: «Սկզբում, երբ եկավ մեզ մոտ, շատ վատ հոգեվիճակում էր, ընկճված, հուսահատ, բայց հիմա ինքն էլ հոգեբանորեն տրամադրված է, որ պետք է քայլի»։

Մեր հարցին, թե բուժման արդյունքում ի՞նչ ակնկալիքներ ունեն մասնագետները, փոխտնօրենը պատասխանեց․ «Հուսով ենք, որ կկարողանա իր նվազագույն կարիքները հոգալ, տեղաշարժվել սահմանափակ տարածքում, ավելին ակնկալելը կլինի անիրատեսական»։

Հիվանդին դուրս գրելու հապճեպ կայացված որոշման վերաբերյալ պրն Նալբանդյանը պարզաբանեց․ «Անցնող ամսում նմանատիպ խնդիրներ ունեցող 9 հիվանդ ենք ունեցել, որոնց բուժման կազմակերպման համար կազմվել էր բժիշկների խումբ, քանի որ նրանց բուժումը տարվում էր մի քանի ուղղություններով՝ ե'ւ դեղորայքային, ե'ւ կինեզոթերապիա եւ այլն։ Սամվելին դուրս գրելու վերաբերյալ նախնական որոշում կայացնելիս տնօրինությունը չէր հասցրել բոլոր բժիշկների հետ խորհրդակցել (որոշ մասնագետներ հրավիրված են եւ մշտապես հիվանդանոցում չեն լինում)։ Այս պահին էլ դեռեւս չեմ հանդիպել նրանց, ուստի որոշեցինք, որ ներկայումս բուժման մեջ գտնվող Սամվելը եւ եւս երկու հիվանդ կշարունակեն բուժումը եւ առժամանակ կմնան մեր հսկողության տակ»։

Ի՞նչ է լինելու դուրս գրվելուց հետո, արդյոք նա կկարողանա՞ ինքուրույն կատարել կինեզոթերապիայով կատարվող մկանային վարժությունները, վերջինս պատասխանեց, որ ոչինչ հստակ ասել չի կարող։ «Սակայն, ուզում եմ տեղեկացնել, որ մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել տարին երկու անգամ Սամվելին ընդունել մեր կենտրոն բուժման»։

Երկու օր առաջ «Իզմիրլյան» ԲԿ էր այցելել առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը նախանձախնդրորեն հետեւում էր արցախյան քառօրյա պատերազմում հրազենային վիրավորումից հաշմված երիտասարդների հետվերականգողական բուժման ընթացքին։ Նա Սամվելին վստահեցրել էր, որ կշարունակի բուժումը, մանավանդ որ հիվանդի մոտ առկա է դեռեւս չփակված պառկելախոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter