HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով աճել են. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով գերազանցել են 2015թ. 8 ամիսների ցուցանիշը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 18 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է գրանցել` չնայած «աշխարհաքաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններին», ինչի հետևանքով երկրի խոշորագույն հարկ վճարողներից առաջին 4-ի հարկային եկամուտները նվազել են ավելի քան 15 մլրդ դրամով. «Զանգեզուրի ՊՄԿ»՝ 11.4 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»՝ 2.4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»՝ 0.9 մլրդ դրամ, «Ղ-Տելեկոմ»՝ 0.6 մլրդ դրամ: Ավելին, ՊԵԿ-ը կանխատեսում է, որ այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ:

«Ընդհանուր առմամբ, 3-րդ եռամսյակի տվյալներով ավեն քան 200 կազմակերպություն հարկային եկամուտների նվազում կունենա, իսկ դրանց վճարած հարկային եկամուտների ընդհանուր պակասը նախորդ տարվա նկատմամբ կկազմի ավելի քան 47 մլրդ դրամ»,-նշել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Ըստ նրա՝ մտահոգիչ է մի քանի խոշոր ոլորտների՝ կապի, էներգետիկայի մետաղական հանքարդյունահանման, բանկային գործունեության հարկային եկամուտների նվազումը: Եթե 2015թ.-ին խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված 520 կազմակերպությունների հարկային եկամուտների մոտ 56%-ն այս ոլորտներում գործող 46 կազմակերպություններն են ապահովել, ապա այս տարվա 9 ամսվա տվյալներով դրանց փաստացի հարկային եկամուտները կնվազեն գրեթե 17 մլրդ դրամով: Վերջինների տեսակարար կշիռն ընդհանուր հարկային  եկամուտներում կկազմի մոտ 49%:

«Նման պատկերը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով՝ թանկարժեք մետաղների համաշխարհային գների շարունակական անկմամբ, կապի ոլորտում մատուցված ծառայությունների նվազմամբ, էներգետիկայի ոլորտում սակագների և իրացման ծավալների, ինչպես նաև բանկային համակարգում շահութաբերության նվազմամբ»,- ասել է Ռ. Մաշադյանը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ բացասական ազդեցությունները հնարավոր է եղել չեզոքացնել ստվերային շրջանառությունների բացահայտման ուղղությամբ վարչարարական արդյունավետ գործիքների կիրառման, հարկ վճարողների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, բացատրական և իրազեկման աշխատանքների ծավալների ավելացման ու հարկ վճարողների ինքնահայտարարագրման գիտակցության բարձրացման շնորհիվ:

Տեսչությանը պետը հավելել է, որ 9 ամիսների տվյալներով հարկային եկամուտների աճ կունենան «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ ՍՊԸ-ն՝ 5.3 մլրդ դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն՝ 4.2 մլրդ դրամ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 1.6 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 0.7 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 0.5 մլրդ դրամ:

«Հարկային օրենսդրության պահանջների կատարումը պարտադիր է բոլոր հարկ վճարողների համար անխտիր՝ անկախ նրանց մեծությունից և սեփականատերի հասարակական դիրքից»,- ասել է Ռաֆիկ Մաշադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter