HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» դրամաշնորհային ծրագրերը

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը այսօր ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվել հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Ըստ գյուղնախարարության` ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:

«Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է ընձեռում ավելացնել գյուղացիների եկամտաբերությունը և գտնել նոր շուկաներ: Կարծում ենք, այն շատ շահութաբեր ուղղություն է, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ավստրիայի զարգացման գործակալությանը այս ուղղությամբ ցուցաբերվող աջակցության համար», - նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter