Կիրակի, 23 սեպտեմբերի

Անասնագողության պատճառով հոկտեմբերի 2-ին Ճոճկանում համայնքապետի լարված ընտրություններ են սպասվում



Ճոճկանում վերջին երկու տարիներին գյուղացիներից 25-ից ավելի կով են գողացել: Անասնագողության վերջին դեպքը գյուղում գրանցվել է այս տարվա սեպտեմբերի 18-ին: Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժինը անցած 2 տարիներին Ճոճկանում անասնագողության ոչ մի դեպք չի բացահայտել:

Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանը հայտնեց, որ պատասխանատվություն է կրում մայիս ամսից հետո իր պաշտոնավարման 4 ամիսներին Ճոճկանում անասնագողության մեկ դեպքով կատարված երեք անասունների գողության համար միայն: Ոստիկանապետ Վ. Մոսինյանի պաշտոնավարման ամիսներին, սակայն, Ճոճկանում ոչ թե 3, այլ 13 կով են գողացել: Ոստիկանապետին ստիպված հիշեցրինք չբացահայտված գործերի մասին: Վ. Մոսինյանն այդ ժամանակ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին և խորհուրդ տվեց կատարված անասնագողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն:

Հոկտեմբերի 2-ին Ճոճկանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Ընտրությունների շեմին անասնատերերը դժգոհում են, որ գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Արկադի Թամազյանն անտարբերություն է դրսևորել իրենց անասունների գողության առնչությամբ: Ճոճկանցի Սամվել Սիրադեղյանը պնդում է, որ նախկին գյուղապետ Սամվել Գիգոլյանի պաշտոնավարման 4 տարիներին Ճոճկանում անգամ ճուտ չեն գողացել: Սամվել Գիգոլյանի որդին՝ Լեռնիկ Գիգոլյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն է: Գյուղապետ Արկադի Թամազյանը վրդովված պնդում է, որ ընտրությունների շեմին՝օգոստոսի 12-ին և 18-ին Ճոճկանում տեղի ունեցած անասնագողություններն ընտրողների մոտ իրեն անվանարկելու նպատակ են ունեցել:

Ճոճկանի վերին թաղամասը կոչվում է թիվ 1 թաղամաս: Անասնագողությունները տեղի են ունենում միայն վերին թաղին հարող Ճոճկանի «Նովեր» հանդամասի արոտավայրից: «Էս վերջին երկու տարում մեր թաղից մի 25-30 կով են տարել: Ոստիկանությանը դիմել ենք: Ասել են՝ ձեր գողը ձեր վերին թաղումն ա: Գնացեք ման եկեք, գտեք: Որ ես չեմ տեսել ով է տարել, գնամ ո՞ւմ ասեմ` դու իմ ապրանքը տարել ես: Հիմա էլ կով չունենք, 10 հատ կով ունեինք, որը սատկեց, որը գողացան: Մեզանից ընդհանուր հաշվով 4 կով են գողացել»,- հայտնեց Գրետա Խուդինյանը:

Գրետա Խուդինյանը

Գրետայի ասելով՝օգոստոսի 12-ին ամուսինը 4 կով է տարել գյուղի «Նովերի» արոտավայր: «Երկու կովը մեր հարևան Մացակյան Ալվարդինն էր, մեկը՝ Քարամյան Ամալինը, մեկն էլ՝ իմը: Էդ 4 կովերն օգոստոսի 12-ի օրը կորան ու կորան»,- պատմեց Գրետան: Դրանից առաջ, Գրետա Խուդինյանի ասելով, նույն արոտավայրից իր մեկ երինջն են գողացել: Մեկ հղի կով էլ գողանալիս եղանով տվել են կովին, կովը տուն է հասել և դռանը սատկել: «Եթե տեսնում եք գողանում են, էլ ինչու՞ եք կովերը տանում այնտեղ»,- հարցրի: «Բա որտե՞ղ տանենք, արոտվայրն էնտեղ է,- պատասխանեց Գրետան և շարունակեց,- չորս հատ կով Երիցյան Վահագիցն են տարել, մեր գյուղացի Խելոքանց Երիցյան Ռուբենից են 5 կով տարել, 3 հատ կով Չերչինյան Ջիվանանցից են տարել: Ոստիկանությունն էլ մի 15 օր առաջ Ալավերդուց եկել էր Մացակյան Ալվարդենց տուն, լեկցիաներ գրեցին, հաշվառումներ արեցին, ստորագրություններ վերցրին, ասացին՝ մենք կգտնենք: Գնացին ու գնացին»,- պատմեց Գրետան: Կովերի գողությունից հետո Գրետայի 7 անձից կազմված ընտանիքը գոյատևում է մանկուց հաշմանդամ աղջկա՝ 34-ամյա Նարգիզի 16 հազար դրամ թոշակով:

Ռուբեն Երիցյանը և Սամվել Սիրադեղյանը

Ճոճկանցի Ռուբեն Երիցյանն էլ պատմեց. «Այս տարվա հուլիսի 2-ին անասունները սովորականի պես արոտ ենք ուղարկել: Էդ օրը ես շատ վաղ գնացի վազի մեջի խոտը հնձելու, կինս ու երեխան մի ժամով տեղ էին գնացել: Հետ են եկել, ման են եկել, էս կողմ, էն կողմ, երկու կովերս չեն գտել: Անցկացավ մի առժամանակ, էդ 4 կովերը տարան, մի ամիսը չլրացած՝ մեր գյուղացի Ալվարդանց 4 կովը տարան: Սեպտեմբերի 18-ին էլ նորից մեր երեք կթի կովը տարան՝ ծանրած հորթը տակին: Ծանրած հորթը փորումը, համ էլ կթվեր: Դրա հետ էլ երկու էրինջ, մի մոզին տարան: Ինձանից 5 հատ անասուն տարան, գոմս դատարկվեց»,- հառաչեց Ռուբեն Երիցյանը:

Հեշտ չի եղել Ռուբենի համար 5 կով պահելը: Ռուբենն «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին էս պահին երկու միլիոն դրամ վարկն է մարում: «Թանկ ու կրակ խոտ առա, կեր ենք առել, պահել, որ էսօր-վաղը ծախենք, էդ վարկերը փակենք, էդ էլ հմի ոչ անասունը կա, ոչ էլ գումարը կա, ես չգիտեմ՝ ինչ անեմ»,- ասաց դառնացած Ռուբենը: «Հնարավո՞ր է` թուրքերն են անասունը գողանում»,- հարցրի: «Ոչ, ոչ: Թուրքի ոտը վաղուց կտրվել է մեր գեղից: Սահմանապահ զորքեր կան, հսկում են տարածքը: Մերոնք են, մեր գյուղից են տանողները: Մորթեցին, տարան ի՞նչ արին: Արդեն 10-րդ օրն է՝ իմ կովերից ոչ մի հետք, ոչ մի բան չկա: Զանգել ենք ոստիկանություն, քանի անգամ դիմել ենք ոստիկանության պետին, ոչ մի բան»,- հայտնեց Ռուբենը: Ռուբենի կինը՝ Կարինեն, ասացին գնացել է Երևան՝ իրենց 5 կովերի գողության համար բողոքելու:

Ճոճկանցի Ամալյա Քարամյանի մինուճար կովը օգոստոսի 12-ին գողացել են «Նովեր» հանդամասից. «Էդ մի ապրանքն էր, քորփուց պահելեմ, նոր-նոր արդյունքը պետք է քաղեի, էդ էլ գլխիս տվին, տարան: Բոլորս դիմել ենք համ գյուղապետին, համ ոստիկանությանը, ասել են՝ կհետևանք»,- պատմեց Ամալյան:

Կարինե Երիցյանն էլ պատմեց, որ իրենց 4 կովերը 2015թ. հունիսի 25-ին են գողացել. «Երեխեքս տոչնի մի ամիս մեր 4 կովերին ման եկան, չգտան: էնենց ապրանք էր, կողքով անցնողը հետևիցը նայեր: Երկու հատ ծանրած էրինջներ էին, մեկը բուղուկ էր, մի հատ էլ ծանրած մեծ կով էր, որը համարյա 500 կգ միս ուներ: Էդ սաղ ձմեռը մենք փետ էլ չկարողացանք առնել, որ վառենք: 8-ը ջան մի տան միջին, սառնամանիքում ապրել չէր լինում: Էդ ապրանքով տեինք մենք ապրիլ, ի՞նչ անենք: Տարան-տարան»: Կարինեի խոսքով՝ անասունն արդեն 20-30 տարի է այդ արոտավայրն են տանում, միայն վերջին երկու տարիներին է «Նովեր» հանդամասից անասնագողություն լինում:

Արկադի Թամազյանը

Գյուղապետ Արկադի Թամազյանը, իր ասելով, անասնագողությունը կանխելու համար անասնատերերին խորհուրդ է տվել հերթով արոտավայրում հսկողություն անել. «Ես միանշանակ ընդունում եմ՝ մեղք է ժողովուրդը: Ես անձամբ գնացել եմ ոստիկանություն, ոստիկանապետին խնդրել եմ էդ հարցը պարզաբանել: Ես պատրաստ եմ ցանկացած առաջարկության, բայց գյուղապետն ի՞նչ անի, գնա իրենց փոխարեն չոբանություն անի՞: Ես իրենց խնդրել եմ տեր կանգնեն իրենց անասուններին»,- ասաց Արկադի Թամազյանը:

Հոկտեմբերի 2-ին Ճոճկանի գյուղապետի պաշտոնի համար մրցակցելու են գործող գյուղապետ Արկադի Թամազյանը և Սամվել Անդրեասյանը: Նախընտրական լարված իրավիճակի մասին հարցուփորձ արեցինք Ճոճկանի գյուղամիջում: «Ես մեր գյուղի վիճակը շատ վատ եմ գնահատում: Ընտրության համար թշնամի չեն դառնում,  հարազատին հարազատից չեն գցում: Երկուսն էլ գյուղի մարդիկ են, երկուսին էլ շատ հարգում ենք: Դա չի նշանակում, որ եթե ես ընտրում եմ Թամազյան կամ ընտրում եմ Անդրեասյան, որևէ մեկի թշնամին եմ: Իրենք էլ թող թշնամաբար ընտրողներին չնայեն»,- ասաց գյուղի բուժքուր Սաթենիկ Հովհաննիսյանը: Սաթենիկը դժգոհեց, որ Ճոճկանում խմելու ջուր չունեն: «Քանի տարի է` խմելու ջուրը բերում եմ Շնողից՝ հորանցս դռնիցը: Ես Ճոճկանում ոչ մի զարգացում չեմ տեսնում»,- ասաց Սաթենիկը:

Սաթենիկ Հովհաննիսյանը

Արկադի Թամազյանը գյուղի նախընտրական վիճակը նորմալ համարեց: «Խմելու ջրագծի ներքին ցանցի գործարկման էլեկտրաէներգիայի միացման խնդիրն է մնացել, որը կմիացվի հոկտեմբեր ամսվա ընթացքում»,- բացատրեց նա: Վերջինիս հարցրինք նաև նախընտրական իր ծրագրի մասին: «Խոստանում եմ 60 մլն դրամ ներդրումով կապիտալ վերանորոգման ենթակել գյուղի կենտրոնական փողոցը: Գյուղի կուլտուրայի տան վերանորոգման ավարտից հետո կլուծվի նաև գյուղի հանդիսությունների սրահի խնդիրը»,- հայտնեց նա: Ասաց, որ  որոշել է վերաբացել նաև գյուղի երաժշտական դպրոցը: Լուծելու է նաև գյուղի՝ դեռևս չլուսավորված փողոցների լուսավորության խնդիրը:

Համայնքապետի մյուս թեկնածու Սամվել Անդրեասյանը ընտրվելու դեպքում որոշել է  նախապայմաններ ստեղծել համայնքի գյուղմեխանիզացիայից գյուղացիների  հավասարաչափ օգտվելու և դրանցից առաջացած եկամուտները համայնքի բյուջե մուտքագրելու համար: «Ես ճոճկանցիների համար անվճար կդարձնեմ նաև գյուղի ալրաղացը: Այսօր 1կգ ցորենը աղալու համար գյուղացիներից պահանջում են 14 դրամ: Կբետոնապատեմ նաև գյուղամիջյան անանցանելի ճանապարհները: Հողատերերն իմ աջակցությամբ կդառնան արտադրողներ»,- խոստանում է  Ս. Անդրեասյանը:

Թեկնածու Ս. Անդրեսյանը խոստանում է նաև հողատերերին ապահովել տնկիներով, ոռոգման անխափան ջրով: Անդրադառնալով Ճոճկանում կատարվող անասնագողության դեպքերին՝ Ս. Անդրեասյանը նշեց, որ գյուղում գողանում են գրեթե նույն գյուղացիների անասունները: Ճոճկանում շարունակվող անասանագողությունը վերացնելու առումով թեկնածուները խոստումներ չտվեցին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ