HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

46 տուժած ոստիկաններից որևէ մեկը չէր ներկայացել դատարան

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տուժած 46 ոստիկաններից և ոչ մեկն այսօր չէր ներկայացել դատական նիստին:

«Երևի հիմա էլ ընկած տուժող են փնտրում, չեն գտնում»,- ասացին երեք մեղադրյալ երիտասարդների հարազատները՝ լսելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը՝ գործը Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան ուղարկելու մասին:

«Մի երկու շաբաթ էլ կպահանջվի, որ Կենտրոնի դատարանում նիստ նշանակեն, իսկ մեր երեխաները շարունակում են կալանքի տակ մնալ»,- ասացին մեղադրյալների բարեկամները: 

Գործի քննությունը տեղափոխվեց Կենտրոնի դատարան, քանի որ դատավորը ստացել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գրությունն այն մասին, որ Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկի հատվածը Կենտրոն վարչական դատարանի վարչական տարածքում է: Թեպետ դատախազը նշեց, որ միևնույնն է տարածքը սպասարկում են Էրեբունու իրավապահները, իսկ պաշտպանները կարծիք հայտնեցին, որ իրենց պաշտպանյալները անհարկի ևս մի քանի շաբաթ կալանքի տակ են մնալու, այդուհանդերձ գործի քննությունը տեղափոխվեց: 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` երեք երիտասարդներ՝ Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը և Արսեն Մկրտումնյանը հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ կատարել են զանգվածային անկարգություններ, վնասել 46 ոստիկանի ու պատճառել ավելի քան 9 մլն դրամի գույքային վնաս: Երեքն էլ մեղադրվում են ՔՕ 225 հոդվածի 2–րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարում, որի համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում: Երիտասարդներն արդեն երկու ամսից ավելի գտնվում են կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:   

Պատմության ուսուցիչը՝ բանտում

Մեղադրյալներից Գագիկ Միքայելյանի պաշտպան Արայիկ Զալյանը նշեց, որ նախաքննական մարմինը մի տեսանյութ է ներկայացրել լրատվամիջոցներից, որտեղ  երևում է, որ իր պաշտպանյալը ինչ-որ իր է նետում. «Բայց 46-ից և որևէ մեկը չկա, որ պարզված լինի, թե տուժել է իմ պաշտպանյալի գործողության հետևանքով: Քար նետելը քրեական հանցագործություն չի, թե չունենք պարզված հանգամանք՝ ինչ վնաս է հասցվել կոնկրետ անձի»,- ասաց պաշտպանը:

Գագիկ Միքայելյանի մայր Անահիտ Պողոսյանը պատմեց, որ որդին 32 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, շուտով կդառնա 2 տարեկան, մանկավարժ է. 142 ավագ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաև ԳԱԱ պատմության ինստիտուտում: Ապրիլյան դեպքերին որպես կամավոր մեկնել է, Ջեբրայիլում է եղել. «Նորմալ քաղաքացիներին բանտարկում են, հանցագործներին թողնում դրսում: Իշխանությանը ստրկամիտ քաղաքացիներ են պետք, որ հեշտ կառավարեն, իսկ իմ տղայի պես ազնիվ, խելացի մարդիկ բանտում լինեն»,- ասում է Գագիկի մայրը:

Տիկին Անահիտը պատմում է, որ տղային ծանոթ մարդու միջոցով են տնից հանել տարել. «Էլ մենք իրեն չենք տեսել, սկզբում ասել են մի 2 ժամից կթողնենք, հետո 2 օրից ու էդպես մինչ օրս»: Մայրն ասում է, որ ցույցի ժամանակ որդին ևս վնասվածք է ստացել, սակայն որևէ քննություն չի գնացել այդ մասով, որդին տուժող չի ճանաչվել:

Իսկ հիմա ասում է, որ ուտելիք են տանում բանտ. «ու վերջ, ոչ տեսնում ենք, ոչ զրուցում ենք, միայն փաստաբանների միջոցով»:

Իշխան Մարգարյան. «Տուժողը իմ որդին է ու մեր ընտանիքը»

23-ամյա Սոսո Մարգարյանն ինքն է տուժել հուլիսի 20-ին, վնասվել է ոտքը: Նրա հայրը՝ Իշխան Մարգարյանն ասում է, որ մի բեկորն ինքնըստինքյան դուրս է եկել, մյուսը դեռ ոտքի մեջ է, որ որդին բժշկական օգնություն մինչ օրս չի ստացել:

Մարգարյանների ընտանիքը որևէ ակնկալիք դատարանից չունի, ավելին՝ պարոն Իշխանի կարծիքով, Հայստանում արդարադատություն չկա, սպասում են հրահանգի:

Երկու ամսից ավելի անազատության մեջ գտնվող Սոսո Մարգարյանն ավարտել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը, այժմ սովորում է Բժշկական համալսարանում, սպորտով է զբաղվում, ճապոներեն ուսումնասիրում:

Տուժողների ու մեղադրյալների տեղերը փոխված են

Այս գործով Արսեն Մկրտումյանի բազմազավակ ընտանիքը գտնում է, որ տուժողների ու մեղադրյալների տեղեր փոխված են:

«Մենք 70 օր սթրեսի մեջ ենք, վիճակն էլ դատարանում տեսանք՝ նիհարած»,- ասացին Արսենի եղբայրները,- մենք ենք «Նուբարաշեն» ուտելիք տանում. խոզի կեր են տալիս, ով չգիտի, որ բանտի սնունդը ուտելու չի»:

Նրանք պատմեցին, որ 2 օր փնտրել են Արսենին որպես անհայտ կորած, իրենց չեն զգուշացրել իրավապահները, որ Արսենը ՁՊՎ-ում է:

Լևոն Մկրտումյանը՝ Արսեն Մկրտումյանի հայրն ասաց, որ տան խուզարկությունը իրականացվել է առանց դատարանի որոշման. «Մի հարևան բերեցին, թե տես շորերը տանում ենք»:

Արսեն Մկրտումյանի հայրը պատմեց, որ որդին դասակի հրամանատար է եղել, երկու տարի առաջ է զորացրվել, գերազանց ծառայանության համար պարգևատրվել է:

Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Կարագյոզյանը տեղեկացրեց, որ վաղը գրավի միջնորդություն է ներկայացնելու Կենտրոնի դատարան:

Մեկնաբանություններ (4)

lusik
Այս երեքը երևի գերբնական ուժի, ճարպկության տեր են՝ հայաստանյան Ռեմբո, կամ Հուլիվերներ գործուղված լիլիպուտների աշխարհ, որ վնասել են 46 ոստիկան: Ոստիկանություն և դատական համակարգ՝ ինքներդ ձեզ մի ծաղրեք:
Ա
Գան ինչ անեն?
Արջուկ
շուտով կերևան
կապիտան սքօթ
հիվանդ են ոնց գան?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter