Չորեքշաբթի, 20 հունիսի

Մանուկ Հերգնյան. «Հայաստանի համար հրամայական է ունենալ հզոր ռազմարդյունաբերություն»



«Հետքի» զրուցակիցն է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը։

- Հրապարակվեց «Համաշխարհային մրցունակության զեկույց 2016-2017»-ը, որտեղ Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների շարքում։ Ըստ Ձեզ՝ 79-րդ տեղը գոհացնո՞ղ ցուցանիշ է։

- Մենք զեկույցում ընդգրկվել ենք 2005 թվականից ու սկսել ենք 79-րդ տեղից։ Հետո մեր զբաղեցրած դիրքի ցուցանիշն անկում է ապրել, որից հետո՝ նորից որոշակի բարձրացել։ Ու հիմա, փաստորեն, հայտնվել ենք նույն տեղում, ինչից սկսել ենք։ Այդ տեղը մեզ ապահովելու է 3-4% իներցիոն տնտեսական աճ։ Եթե մենք մտածում ենք ավելի բարձր տնտեսական աճի պոտենցիալ ստեղծելու մասին, ապա՝ դա ենթադրում է մրցունակության էական, ավելի բարձր մակարդակ։  Կարծում եմ՝ մենք պետք է թիրախավորենք լավագույն 50-յակի մեջ լինել, որ  համարենք գոհացնող ցուցանիշ։

- Լավագույն 50-յակը որքանո՞վ է հասանելի Հայաստանի համար։

- Կարծում եմ, որ դա հասանելի թիրախ է մեզ համար առաջիկա 5-10 տարիների ընթացքում։

- Զեկույցը ներկայացնելիս նշեցիք, որ մեր տնտեսությունում առկա են էական սահմանափակումներ՝ կապված աճի պոտենցիալի հետ։ Ձեր խոսքով՝ աճի ֆինանսավորման աղբյուրներն են բանկային վարկերը, պետական միջոցները, որոնք ներգրավվում են դրսից, և սեփական կապիտալի միջոցները, այդ թվում՝ օտարեկրյա ներդրումները։ Ներդրումների մասով մեր տնտեսության վիճակն այժմ, կարծում եմ, անմխիթար է։ Ի՞նչն է պակասում Հայաստանին, որ չի կարողանում ներդրումներ ներգրավվել։

- Ներդրումների մասով երկու գլխավոր հարցերն են՝ ի՞նչ հնարավորություն է առաջարկում երկիրը ներդրողներին և ինչպիսի՞ ազդակներ է տալիս։ Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության հետ կապված  և Իրանի հետ կատարվող գործընթացների համատեքստում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում։  Եվ հետաքրքիր հնարավորություններ են բացվում ներդրողների համար տարբեր ոլորտներում՝ սկսած էներգետիկայից մինչև բարձր տեխնոլոգիական ոլորտներ։ Եվ Հայաստանն ունի հետաքրքիր բաներ առաջարկելու։ Ընդամենը ճիշտ ձևակերպելու ու մատուցելու խնդիր է։  Բայց շատ ավելի կարևոր է երկրորդ գործոնը՝ ազդակները։ Առաջին հերթին՝ վստահության մթնոլորտը, որը դու հաղորդում ես օտարեկրյա ներդրողներին։ Պետք է կարողանաս այնպիսի ազդակ հաղորդել, որ մարդիկ վստահ լինեն՝ այս տնտեսական միջավայրում կարելի է ներդրում անել առանց մեծ խնդիրներ ունենալու։

- Հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հարցում, արդյոք մենք ճի՞շտ դիրք ենք գրավել կամ առհասարակ որևէ դիրք գրավե՞լ ենք, թե՞ ոչ։

- Այդ երկիրը դեռևս ամբողջապես չի բացվել։ Իրանի տնտեսության ոլորտների մեծ մասում պատժամիջոցները դեռևս մնում են։ Մենք ուսումնասիրել ենք թեման՝ դեռևս մի քանի ոլորտներում է, որ պատժամիջոցները հանվել են։ Իրանի հետ հարաբերությունների բարդությունները պայմանավորված են ոչ միայն պատժամիջոցների հետ, այլև՝  որ շատ պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում։ Մյուսն բարդությունն էլ  պայմանավորված է Իրանի բիզնես մշակույթով։ Մենք մի քանի ընկերություններ ունենք, որ իրենց ռազմավարությունը փոխեցին Իրան մուտք գործելու նպատակով, բայց հետո որոշումները փոխեցին՝ պայմանավորված հենց նշված բիզնես մշակույթի բազմաթիվ բարդություններով, Իրանի պրոտեկցիոնիստական  քաղաքականությամբ և այլն։ Բայց դա բնավ չի նշանակում, որ մենք չենք կարող ավելի ակտիվ քաղաքականություն վարել Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Կարծում եմ՝ միջին ժամկետում, եթե այդ երկիրն ավելի բացվի և ավելի ինտեգրվի գլոբալ տնտեսությանը, մեզ համար դա բացառիկ հնարավորություն կլինի։ Ու մենք հիմա շատ ակտիվ պետք է կարողանանք սկսել, թեկուզ, ուսումնասիրության գործընթացները։

- Ուշ չէ՞։ Ուսումնասիրելու հնարավորություն կար դեռևս նախորդ տարվա սկզբից, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն առաջիկայում հանվելու են։

- Չեմ կարծում, որ ուշ է։ Կան հայկական ընկերություններ, որ արդեն իսկ գործում են Իրանում, իհարկե՝ չենք տեսնում բիզնես հնարավորությունների մասսայական օգտագործում։ Բայց համաձայն եմ՝ ավելի ակտիվ դիրքորոշում է  հարկավոր այդ հարցում։

- Խոսեցիք նաև տնտեսության վարկավորման մասին։ Մի քանի օր առաջ ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսով և սահմանեց այն 6.75 տոկոս:  Դրանից առաջ էլ մեղմացվել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը։ Ի՞նչ կտան այս քայլերը տնտեսությանը, մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը։

- Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր ու մի քիչ ուշացած։ Կարելի էր ավելի շուտ թուլացնել դրամավարկային պայմանները։ Հիմա  ֆինանսական շուկայում իրավիճակը բավական կայուն է։ Մասնավորապես՝ արտարժույթի շուկայում։ Ճնշումներ չկան և այդ առումով շատ ավելի հանգիստ կարելի է թուլացնել դրամավարկային պայմանները։ Դա հնարավորություն կտա  մի փոքր ավելի ընդլայնել վարկավորման սահմաններն՝ ավելի լավ պայմաններում, բիզնեսին՝ վերաֆինանսավորել իրենց առկա պարտավորությունները, նաև՝ ֆինանսավորել ընդլայնման ծրագրեր։ Կարծում եմ, որ դա կարևոր  ազդակ է։ Բայց առանձին վերցրած՝ միայն դրամավարկային քաղաքականության գործիքներով, իհարկե, տնտեսություն  հնարավոր չէ խթանել։  Դա պետք է աշխատի այլ տնտեսական քաղաքականությունների հետ համատեղ։

-  Հայաստանի տնտեսությունն այսօր, կարծես թե, չունի հստակ դիմագիծ։  Ո՞ր ոլորտի վրա պետք է կենտրոնանալ ու դարձնել մեզ համար դիմագիծ։

Կարծում եմ՝ աշխարհը մի քանի տարում իսկապես փոխվելու է։  Տնտեսությունները փոխվելու են։ Եվ դրա հիմնական շարժիչը լինելու են նոր տեխնոլոգիաները։ Հայաստանի համար դա յուրահատուկ հնարավորություն է։ Ես Հայաստանը կտեսնեի տեխնոլոգիապես զարգացած հզոր երկիր։ Մենք նաև այլ յուրահատկություն ունենք՝ ուղղակի մեզ համար հրամայական է ունենալ հզոր ռազմարդյունաբերություն։ Եվ դա շատ կարևոր խթան է տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար։ Բնականաբար, գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, տուրիզմը և այլ ոլորտներ ևս կարևոր նշանակություն պետք է ունենան Հայաստանի տնտեսության համար, բայց որպես շարժիչ, որպես դիմագիծ տվող գործոն ես տեսնում են նոր  տեխնոլոգիաները։ Խոսքը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասին չէ, այլ՝ շատ ավելի լայն ու ընդարձակ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու մասին։

Լուսանկարը՝ Մ. Հերգնյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ