HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Հարկային օրենսգիրը մշակելիս հաշվի չեն առել ոլորտների ռազմավարական ծրագրերը»

Ազգային ժողովում երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի (ՀՕ) նախագծի շուրջ քննադատություններն ու դրանում առկա թերությունների մասին քննարկումները շարունակվում են։  

Ըստ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի՝ այս օրենսգիրքը մշակողները, գլխավորապես՝ Ֆինանսների նախարարությունը, հաշվի չեն առել երեք կարևորագույն փուլեր, որոնց միջով հարկավոր էր  անցնել մինչև այն քվերակության ներկայացնելը։

Այդ փուլերից առաջինն, ըստ նրա, պետք է լիներ հայաստանյան հարկային դաշտում առկա խնդիրների հավաքագրման ու դրանց լուծումների փնտրտուքի հարցը։ Երկրորդը՝ Հարկային օրենսգրքի հետ առնչվող ու խաչվող ոլորտների միասնական տեսլականների ու մոտեցումների սահմանումը։ «Հարկավոր էր սահմանել մոտեցումներ՝ ինչ հարց պետք է լուծի այս միասնական փաստաթուղթը։ Այդ մուտեցումները սահմանելիս պետք է հաշվի առնվեին պետական գերատեսչական մարմինների ու այն կառույցների ռազմավարությունները, որոնք գործ են ունենալու այս օրենսգրքի հետ։ Այս տարվա փետրվարին հաստատվեց ՓՄՁ ռազմավարության ծրագիրը, որտեղ կար ճանապարհային քարտեզ՝ ինչպես բարելավել ՓՄՁ-ին վերաբերող հարկային դաշտը։ Բայց այդ և տնտեսության այլ ոլորտների ռազմավարական ծրագրերը հաշվի չեն առնվել։ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է իր ռազմավարական ծրագրերը, իսկ Ֆինանսների նախարարությունը լրիվ այլ փաստաթուղթ է հաստատում՝ հաշվի չառնելով մյուսների ծրագրերը»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա»-ի նախագահը։

Եվ երրորդ փուլն, ըստ նրա, պետք է լիներ «ֆոկուս խմբերի» ձևավորումը։ «Պետք է խոսեին հասարարական կառույցների ու բիզնես հատվածների հետ՝ հասկանալու` ինչ խնդիրներ ունեն, ինչ լուծումներ են առաջարկում։ Դա էլ չի արվել»,- ասաց Հ. Ավագյանը։

Առաջին երեք փոփոխությունները, որ ասոցիացիան նկատել է ՀՕ-ի նոր տարբերակում հետևյալն են՝ ավելացված արժեքի հարկի շեմը 40 մլն դրամից բարձրացվել է 58.35 մլն դրամ, Եկամտային հարկի առաջին շեմը 120 հազ դրամից բարձրացվել է 150 հազ դրամ, երկրորդ շեմը 1 մլն դրամից բարձրացվել է 2 մլն դրամ: Հիշեցնենք, որ երեկ անդրադարձել ենք եկամտային հարկի թեմային։

Հ. Ավագյանի խոսքով՝ ՀՕ-ի նոր տարբերակն ամբողջությամբ ուսումնասիրելը ժամանակատար ու բարդ աշխատանք է։ Բայց արդեն իսկ տնտեսվարողները բազամաթիվ հարցեր են բարձրաձայնել։ «Յուրաքանչյուրն իր ոլորտին վերաբերող հատվածներ է կարդում ու զանգում, հարցնում են՝ ի՞նչ է նշանակում այս հատվածը, արդյոք իրենք ճիշտ են հասկանում։ Անհասկանալի ձևակերպումներ շատ կան»,- ասաց նա։

Որպես մի օրինակ` նա ներկայացրեց ՀՕ-ի Հոդված 62-ում (Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները) տեղ գտած հետևյալ կետը. «Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից»: Սա, ըստ Հ. Ավագյանի,  անհասկանալի է այնքանով, որ տարայավորված ապրանք ասելով՝ կարող է նկատի առնվել և´ 1 լիտր տարողությամբ հյութն ու գարեջուրը, և´ 20 լիտր տարողությամբ ջուրը։ Այդ դեպքում՝ 1 լիտր տարողությամբ հյութ արտադրողի «կյանքը բարդանում է»։ Այս հարցով «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա»-ին տնտեսվարողներից մեկն է դիմել։

Բացի այդ, ըստ նրա, երաշխիքներ չկան, որ այն ինչ գրվել է փաստաթղթում՝ օրենսգրքում, իրականանալու է։ Օրինակ՝ Վարստանում այդ նպատակով գործում է հարկային ոլորտի պաշտպանի ինստիտուտը։ Հայաստանի դեպքում այդ երաշխիքը չկա։ «Հետո՝ հարկավոր են իրազեկման լայնածավալ միջոցառումներ, ինչը ևս չի արվում։ Ահռելի փաստաթուղթը ոնց են մարդիկ ուսումնասիրելու։ Առևտրականի հետ առանձին է պետք խոսել ու բացատրել, թե ինչպես է փոխվելու իրենց կյանքը, ներմուծողի հետ՝ առանձին և այլն։ Միայն այդ ժամանակ հարկային օրենսգիրք մշակողները կարող էին տեսնել, թե հանրության տարբեր շերտերն ինչպես են արձագանքում դրան։ Անգամ մասնագետները, որոնք մշտապես հարկային ոլորտի հետ են առնչվում, չեն հասցնում ամբողջությամբ ուսումնասիրել Հարկային օրենսգիրքը»,- նշեց Հ. Ավագյանը։

Նրա խոսքով՝ այսօր անգամ հստակ հասցեատեր չկա, ում կարելի է դիմել ՀՕ-ին վերաբերող հարցերով. «Մեկ ՊԵԿ-ն է դրա պատասխանատուն, մեկ՝ Ֆինանսների նախարարությունը։ Հետո էլ չգիտես ով կլինի»։

Օրեր առաջ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա»-ն նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ետ կանչելու Հարկային օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից՝ շեշտելով, որ Հարկային օրենսգրքի նախագծում, դեռևս առաջին ընթերցման ժամանակ ներկայացված տարբերակում առկա էին մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնց ընդունումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների, մասնավորապես՝ գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։

Լուսանկարը՝ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա»-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter