HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հասմիկ Պապյանը` Ջաղինյանին. «Այդ նախագծի ծնունդը շոումենական մտածելակերպի արդյունք է»

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պաշտոնապես, նամակով դիմել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, պահանջելով կասեցնել «Ամենակարող երգիչ» «հակագեղագիտական նախագիծը»:

Հիշեցնենք, որ Հ1-ով եթեր է հեռարձակվում նոր երաժշտական նախագիծ, որի միջոցով տարբեր երգիչ-երգչուհիներ կատարում են տարբեր ոճերի երգեր, եւ առաջին եթերային հաղորդումները այսպես ասած նվիրված են եղել «ռաբիս»-ին: Նախագիծը փակելու համար ստորագրահավաք է մեկնարկել, որին միացել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մշակույթի գործիչներ:

Մի քանի օր առաջ էլ՝ Հայաստանի հեռուստատեսության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանի՝ Հ1 կատարած այցի ժամանակ Ռուբեն Ջաղինյանը Սարգսյանին ասել էր, որ նախագծի վերաբերյալ դժգոհություններ կան, որովհետեւ լրիվ պատահականորեն առաջին եթերներում հնչել են «ռաբիս» երգեր եւ որ դեռ լինելու են ջազային, դասական եւ այլ կատարումներ: Սարգսյանը Ջաղինյանին խորհուրդ էր տվել կապ պահպանել հանրության հետ, հաշվի առնել դիտողությունները:

Եվ ահա Հասմիկ Պապյանը նամակի միջոցով Ջաղինյանին է ներկայացրել հանրության կարծիքը, նշելով, թե ինչումն է խնդիրը:

«Նախագիծն ունի երկու ակնհայտ արատ, որոնք խիստ վտանգավոր են մեր Մշակույթի համար: Առաջին. Ռաբիսը չի մտնում հայ բնիկ կամ պրոֆեսիոնալ երգարվեստի ժանրերի մեջ, առաջացել է օտար խեղիչ ազդեցությունների «յուրացման» արդյունքում, իր մեջ կրում է հայի բնիկ հոգեկերտվածքին ոչ հարիր զգացումային ու իմաստային տարրեր եւ, ըստ այդմ, չի կարող քարոզվել հանրային միջավայրերում:

Երկրորդ. ըստ նախագծի՝ նույն երգիչը, որպեսզի հավակնի ամենակարողի կոչման, պետք է կարողանա երգել մի շարք ժանրերով՝ «ռաբիս», ժողովրդական, գուսանական, ջազ... Սա առավել քան վտանգավոր է: Երիտասարդին ներշնչել, թե նա կարող է երգել տարբեր ժանրերով, հասնել փառքի, ամենակարող կոչվել, ոչ այլ ինչ է, քան սադրանք մեր նոր սերնդի գեղագիտական դաստիարակության, մանկավարժական գիտության եւ առողջ դատողության նկատմամբ:

Պրն Ջաղինյան, խոստովանեք, որ այսպիսի տարօրինակ, արհեստածին, մարդկության գեղարվեստական փորձից չբխող նախագծի ծնունդը զուտ շոումենական մտածելակերպի արդյունք է, որը չի հենվում արվեստի օրենքների վրա, այլ բխում է «ինքնատիպ», «անակնկալ» մի բան մոգոնելու, հեռուստադիտողին «գրավելու» մարմաջից:

Նման խեղումները ունեն հստակ միտում՝ հանրությանը վերջնականապես զրկել որեւէ կարծիք ունենալուց, հասցնել նրան մտավոր եւ կրթական սանդղակի հնարավորինս ամենացածր աստիճանին, դրանով իսկ զրկել նրան մարդկային բարոյական արժեհամակարգից, հետեւապես՝ նաեւ որեւէ լծակ ունենալուց՝ հանրային գործընթացների վրա ազդելու»,-գրել է աշխարհահռչակ երգչուհին:

Նա նշել է, որ Ջաղինյանի փորձը՝ «Ամենակարող երգիչ» նախագծի հարցը բարձրացնել նախագահի մոտ, բացատրել իրավիճակը եւ դրանով լեգիտիմացնել նախագիծը, տեղին ու հաջողված չէ: Օպերային երգչուհին ավելացրել է. «Ինձ թույլ եմ տալիս Ձեզ հասցնել հայ հանրային լսարանի կարծիքն առ այն, որ վերջին երկու տասնամյակում Հ1-ը վարել է հիմնականում հակամշակույթի տարածման քաղաքականություն, որի վերջին դրսեւորումներից մեկը հենց այս նախագիծն է: Կարծում եմ դուք անհապաղ կկասեցնեք այդ հակագեղագիտական նախագիծը: Հանրությունը հույս ունի նաեւ, որ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհուրդը կձեռնարկի արմատական քայլեր՝ Հ1-ի մշակութային քաղաքականության վերանայման համար, ինչին հանրության ներկայացուցիչներս կարող ենք բերել գործուն եւ լայն մասնակցություն»:

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը միացել է Հասմիկ Պապյանին եւ հետեւյալ դիտարկումներն արել, որ Հանրայինի անչափ թանկ եւ կարևոր եթերը պիտի բացառապես ծառայի մեր իսկական մշակութային արժեքների ներկայացմանն ու տարածմանը: «Կարող է թվալ, որ Հասմիկը չափազանց կտրուկ է և անհանդուրժող, բայց այս հարցում հայ մշակույթ ներկայացնող եւ սեփական պատասխանատվությունը գիտակցող ցանկացած ոք պիտի լինի անհանդուրժող: Մենք չենք վիճարկում ռաբիսի, կլկլոցների կամ մուղամների կյանքի իրավունքը, մենք կտրականապես մերժում ենք հանրայինի եթերում դրանց տարածման անմիտ եւ դավադիր մոտեցումը»,-նշում է Արմեն Դարբինյանը:

Լուսանկարը՝ belcanto.ru կայքից

Մեկնաբանություններ (1)

Ծովինար Հովհաննիսյան
Անվերապահորեն համաձայն եմ. Փառք Աստծո, որ դեռ պայքարողներ կան. Միանում եմ ստորագրահավաքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter