HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հուլիսի 17-31-ը Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների աննախադեպ ծավալի խախտումներ

Հուլիսի 17-ից 30-ը՝ ՊՊԾ գունդը գրավելու հաջորդող օրերին, Հայաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Երևանում, տեղի ունեցան բողոքի ակցիաներ, երթեր, որոնք ոստիկանության կողմից ուղեկցվեցին բռնությամբ, քաղաքացիներին բերման ենթարկելով, Սարի թաղի և Խորենացի փողոցի բախումներով։ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն ասում է, որ հուլիսի 17-31-ը Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների աննախադեպ ծավալի խախտումներ։ Եթե խմբավորի այդ օրերին տեղի ունեցած խախտումները, ապա առաջին հերթին կառանձնացնի քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ իրացնելու իրավունքի խախտումը, ինչպես նաև պետության՝ անձի հավաքին մասնակցելու, իրացնելու իրավունքը չապահովելու խախտումը։

Հարությունյանի դիտարկմամբ՝ ոստիկանության կողմից դրսևորվել է կամայական գործողությունների մի ամբողջ շարք, որի հետևանքով քաղաքացիները ոչ իրավական հիմքերով, անօրինական կարգով բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, նրանց նկատմամբ կիրառվեց բռնություն, զրկվեցին իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորություններից։

«Հուլսիս 20-ից սկսած՝ նաև հավաքի մասնակիցների նկտամամբ կեղծ քրեական գործեր սկսեցին հարուցվել, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր աչքի ընկան ակտիվությամբ, որոշակի դերակատարում ունեցան՝ մարդկանց հավաքելու գործում կամ այդ օրերին ելույթներ ունեցան։ Փաստորեն, ոստիկանական համակարգը լծվեց խաղաղ հավաքն ամբողջությամբ տապալելու և  մարդու իրավունքների խախտումներն իրացնելու գործում»,-նշում է ՀԿ-ի ղեկավարը։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի համար առավել հեշտ է նշել, թե այդ օրերին մարդու իրավունքների ինչպիսի խախատումներ չեն գրանցվել, քան արձանագրել խախտված իրավունքները։ Իր գնահատմամբ՝ հուլիսյան դեպքերին տեղի է ունեցել մարդու իրավունքների խախատումների մի ամբողջ փունջ՝ ոչ միայն սահմանադրությամբ, այլև միջազգային համաձայնագրերով ամրագրված։

«Իսկապես աննախադեպ էին այդ ընթացքում տեղի ուենցած խախտումները՝ հատկապես հաշվի առնելով «բարեփոխված ոստիկանի» մասին ամպագորգոռ հայտարարությունները։ Այդ մի քանի օրերի ընթացքում պարզ դարձավ, թե նրանք որքանով են բարեփոխված և ինչպիսի ոստիկանական համակարգ ունենք։ Իրականում՝ ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունեցել, և այն ընդամենը պատրանք է, որը հրամցնում են մեզ»,-նշում է փաստաբանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ոստիկանությունից հավաքագրել է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց, եթե 2014 թվականին խաղաղ հավաքներից ոստիկանական բաժանմունքներ են բերման ենթարկվել 52 անձինք, ապա նախորդ տարի այդ թիվը հասել է 380-ի, այս տարի արդեն անցել՝ 900-ը։

Դ. Իոննիսյանը պնդում է՝ ոստիկանության այդ տեղեկատվության մեջ ներառված չեն բազմաթիվ դեպքեր, մասնավորապես հուլիսի 17-ին Վանաձորում տեղի ունեցած բերման ենթարկման փաստը։

Խորենացի փողոցում և Սարի թաղում կիրառված հատուկ միջոցների մասին Իոննիսյանը մանրամասնում է. այդ օրերին օգտագործվել է 71 ձեռքի լուսաձայնային նռնակ, 26 հատ 40 մմ-անոց կրակվող լուսաձայնային նռնակ և երեք կրակոց արցունքաբեր գազ։ Արցունքաբեր գազից տուժել է ընդամենը մեկ քաղաքացիական անձ և 18 ոստիկան։

Յոթ քաղաքացի ստացել է այրվածքներ, 33 քաղաքացի՝ կոտրվածքներ։ Իոննիսյանը հարցնում է՝ ո՞նց կարող է քաղաքացին ստանալ կոտրվածք արցունքաբեր գազից կամ լուսաձայանաին նռնակից: Ըստ նրա, սա ապացույց է, որ քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկվել։

198 քաղաքացիների՝ ոստիկանության զորքերի N զորամասեր բերման ենթարկումը համարում է հայաստանյան օրենսդրության խախտում, նշելով որ սա համազոր է, որ մարդականց տեղափոխեին Վովա Գասարյանի նկուղ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիներին չի կարելի տանել ոստիկանության զորքերի զորամաս։

Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան հուլիսյան դեպքերին երկու տեսանկյունից է դիտարկում՝ ոստիկանության գործունեությունը Սարի թաղում և ձերբակալված անձնանց մասով։

Առաջինի մասով իրենց կազմակերպության եզրակացությունն այն է, որ  ոստիկանության կողմից Սարի թաղում անհամաչափ ուժ է կիրառվել, և մինչ իրադարձությունները՝ ոստիկանությունը քաղաքացիներին չի զգուշացրել՝ դադարեցնել հավաքը։

«Հասկանում ենք՝ իրավիճակը մի փոքր լարված է եղել, սակայն ոստիկանությանը դա իրավունք չէր տալիս, որ բոլորի վրա հարձակվեին, այլ պետք է առանձնացնեին այն անձնանց, ովքեր խախտում էին օրենքը և նրանց նկատմամբ կիրառեին համաչափ ուժ՝ նրանց կարգի հրավիրելով»,-նշում է նա։

Անդրադառանալով կիրառված հատուկ միջոցներին՝ ասում է, որ դրանք բավականին վնաս են հասցրել՝ առաջին և երկրորդ կարգի այրվածքներ պատճառելով հավաքի մասնակիցներին։

Իսկ լրագրողներին հասցված վնասների վերաբերյալ Գոգիան ընդգծում է՝ թեև լրագրողներին զգուշացրին էին հեռու կանգնել բախման կենտրոնից, այդուհանդերձ նրանց վրա ևս ձայնային նռնակներով հարձակում եղել է։

Գոգիան պնդում է՝ ոստիկանության կողմից ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառվել, և  ոստիկանությունը պետք է պատժի անհատ ոստիկաններին, քաղաքացիական հագուստով ոստիկաններին։

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter