HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները-3. Ինֆոգրաֆիկա

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

սկիզբը

2014 եւ 2015թթ. Արտակարգ իրավիճակների, Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ Քաղաքաշինության նախարարությունների աշխատակիցները գործուղումների են մեկնել աշխարհի 20 երկրի 24 քաղաքներ։

Ամենից շատ գործուղումներն իրականացվել են Մոսկվա, Թեհրան,  Սոչի, Պեկին քաղաքներ եւ Քուվեյթի Հանրապետություն:

Ստորեւ ներկայացված քարտեզում նշված են ուղղությունները՝ Երեւանից, ինչպես նաեւ տվյալ քաղաք իրականացված գործուղումների քանակը։

Երիցյանը տիեզերանավո՞վ է ճամփորդել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2014-2015թթ. ունեցած 31 արտասահմանյան գործուղումների համար ծախսել է ավելի քան 16 միլիոն դրամ:

2014թ․հուլիսին նախարար Արմեն Երիցյանի՝ դեպի Չինաստան կատարած մի գործուղման ճանապարհածախսն արժեցել է 677 հազար 500 դրամ, իսկ օրապահիկի եւ գիշերավարձի վերաբերյալ տեղեկությունը բացակայում է: Արմեն Երիցյանի հետ Չինաստան էին գործուղվել նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը եւ նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը: Նրանց գործուղումներն արժեցել են 557 հազարական դրամ:

2015թ-ին նախարարությունից ամենից շատ գործուղումներ ունեցել են ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը եւ ԱԻ նախարարը: Առաջինն ունեցել է 6, երկրորդը՝ 5 գործուղում:

2015թ-ի ամենից թանկ գործուղումն արժեցել է 1 միլիոն 988 հազար 718 դրամ․դեկտեմբերին Քուվեյթ է գործուղվել Արմեն Երիցյանը՝ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նրա ավիատոմսն արժեցել է 1 միլիոն 700 հազար դրամ:

Նախարարի՝ մայիսին դեպի Մոսկվա կատարած գործուղումն արժեցել է 900 հազար դրամ, որից ճանապարհածախսի համար ծախսվել էր 451 հազար 374 դրամ, իսկ օրապահիկի եւ գիշերավարձի համար՝ 449 հազար 158 դրամ: Նախարարը հետագա գործուղումներից մեկում Սոչիի տոմս է գնել 354 հազար դրամով, գրեթե մի այդքան էլ՝ 319 հազար դրամ, ծախսել սննդի եւ գիշերակացի համար:

Մոտ 1 միլիոն դրամ է արժեցել նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի գործուղումը Պեկին: Նրա ավիատոմսն արժեցել է 525 հազար, իսկ գիշերակացի եւ սննդի գումարը՝ 467 հազար դրամ:

2 տարի եւ ընդամենը 4 գործուղում

Ըստ Քաղաքաշինության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկանքի՝ գերատեսչության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների թիվը 2014-15թթ. եղել է ընդամենը չորսը:

Նախարարությունն այդ երկու տարիների ընթացքում արտասահմանյան գործուղումների վրա ծախսել է 1 միլիոն 795 հազար 162 դրամ, որից 748 հազար 969 դրամը՝ ավիատոմսերի համար:

2014թ. հունիսի 16-ին նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը Եվրոպայի խորհրդի տարածական/տարածքային պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Հունաստանի Նաֆպլիոն քաղաք: Զուտ ավիատոմսը պետբյուջեի վրա արժեցել է 651 հազար դրամ:

2015թ. միակ գործուղումը եղել է մարտի 18-20-ն ընկած ժամանակահատվածում: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք է մեկնել Քաղաքաշինության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արման Հարությունյանը, Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Եվրոպայի Խորհրդի 8-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Գործուղումն արժեցել է 273 հազար 321 դրամ՝ առանց ավիատոմսի: Ճանապարհածախսը եղել է հրավիրող կողմի հաշվին:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երկու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցնեի հաշվին որեւէ անգամ արտասահմանյան գործուղում չի մեկնել:

Խնայողները

2014թ-ին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմն իր 3 արտասահմանյան գործուղումների վրա ծախսել է ավելի քիչ գումար, քան հատկացված է եղել վարչապետի որոշմամբ:  Հատկացված 1 միլիոն 324 հազար դրամից ծախսվել է 1 միլիոն 263 հազար դրամ, որից 488 հազարը ավիատոմսերի արժեքն է:

2015թ-ին նախարարությունն ունեցել է 7 գործուղում, որի վրա ծախսվել է 2 միլիոն 225 հազար դրամ: Այդ տարի վարչապետի որոշումներով հատկացված գումարն ամբողջությամբ է ծախսվել: Ավիատոսմեր գնելուն ուղղվել է նշված գումարի մեծ մասը՝ 1 միլիոն 263 հազար դրամ:

2014թ. ամենաթանկ գործուղումը նախարարի տեղակալ Արսեն Քարամյանինն է: Դեպի Ղազախստան նրա գործուղումն արժեցել է 635 հազար դրամ, որից 361 հազարը զուտ ավիատոմսի արժեքն է: Ի դեպ, վերջինս ծախսել է վարչապետի որոշմամբ հատկացված գումարի 93 տոկոսը:

Գումարի տնտեսում է եղել նաեւ նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի կողմից: Նրա՝ Թեհրան գործուղման համար նախատեսված 430 հազար դրամից 20 հազարը խնայվել է:

2015թ. 7 գործուղումներից 3-ը պատկանում է նախարար Գաբրիել Ղազարյանին: Նշենք, որ նախարարի գործուղումներն իրեն ստորադաս աշխատակիցների գործուղումների համեմատությամբ բավական էժան են եղել: Օրինակ, Գաբրիել Ղազարյանի՝ Սոչի գործուղման ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 85 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նույն ուղղությամբ ավիատոմս գնելու համար 4 անգամ ավելի շատ գումար էր ծախսել:

2015թ. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ամենից թանկ գործուղման համար պետբյուջեից վճարվել է 599 հազար դրամ: Բրատիսլավա էր գործուղվել նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Վիշեգրադի եւ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդության հարցերի պատասխանատու նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ստորեւ բերված ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք 2014 եւ 2015թթ-ին երեք նախարարների գործուղումների ընդհանուր արժեքը եւ նրանց ամենաթանկ գործուղման արժեքը՝ դրամով:

Մեկնաբանություններ (4)

ապարատ
բիզնես կլասս
Լուս
ահա այսպես
Համո
պազով չէ բաըց կարան հեծանիվով գնան
Կացին
հա բա կարողա պազով գնան տղեքը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter