HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաղաղբյուրում կլինի կինիշխանություն

Գայանե Սարգսյան

Հոկտեմբերի 2-ին համայնքապետի ու ավագանու անդամի ընտրություններ կանցկացվեն նաև Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Պաղաղբյուր համայնքում: Համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է  առաջադրել գործող կին գյուղապետը՝ Արուսյակ Դումիկյանը: Գյուղի տղամարդկանցից և ոչ ոք չի առաջադրվել ոչ միայն համայնքապետի, այլև ավագանու պաշտոնի համար:

«Ավագանու կազմում տղամարդիկ ունեցել ենք, բայց էս տարի չունենք, լրիվ թեկնածուները կին են՝ համայնքի ղեկավարին էլ, ավագանունն էլ: Տղամարդիկ  չուզեցին, ում առաջարկեցինք, ոնց համոզեցինք, չուզեցին: Կան, որ Ռուսաստան են ուզում գնան-գան, բացակայում են, դրա համար չուզեցին»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց համայնքապետը:

Գործող ավագանու կազմում կանանց ու տղամարդկանց ընդգրկվածությունը եղել է ¼-ի հարաբերությամբ: Այս ավագանու կազմից իր թեկնածությունն առաջադրել է միայն Լիլյա Շաբոյանը: Ավագանու անդամներից անկուսակցական Ալեքսանդր Շաբոյանը թեև հրաժարվել է առաջադրվել, սակայն դեմ չի եղել կնոջ՝ 39-ամյա Աննա Թմոյանի առաջադրմանը: Առաջադրված 6 կին թեկնածուներից կընտրվեն 5-ը:

«Կանանց միապետություն ե՞ք ստեղծում»,- կատակում եմ:

«Ինչ ճիշտ՝ ճիշտ, ես էլ էդ ձև ուզեցի: Սեմինար է, ծրագրեր են, բան են, ոչ մեկը չէր գալիս, ոչ մի բանի չէին մասնակցում: Իսկ կին որ լինի, կտանեմ հետս, կբերեմ»,- բացատրում է  համայնքապետը:

Ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս նախընտրասկան ծրագրում համայնքապետի թեկնածուն ընգրկել է ճանապարհի կառուցման ու ջրագիծ-կոյուղագծի փոփոխման հարցը:

Չնայած նրան, որ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ճանապարհի նորոգման հարցում չի կարողացել հաջողության հասնել, Ա. Դումիկյանը հույսը չի կտրում: Այս անգամ վերընտրվելու դեպքում մտադիր է դիմել բարեգործների օգնությանը, հատկապես որ համայնքային բյուջեով հնարավոր չի լինում ոչինչ անել:

Համայնքային բյուջեով պլանավորված  սեփական եկամուտների մասը 1 մլն 400 հզր դրամ է, ևս 3.5 մլն դրամ կազմում է տրամադրվող դոտացիան:

«3.500.000 դոտացիան բավարարում է գյուղապետարանի 3 աշխատողիս աշխատավարձին, մնում ա 1 մլն 400 հազարը,  էդ էլ ես պիտի ժողովրդից հավաքեմ»,- ասում է  համայնքապետը:

Պաղաղբյուրում ընտրելու իրավունք ունի 62 մարդ: Ընտրողներից գյուղում փաստացի բնակվում է շուրջ 50-ը: Ա. Դումիկյանի խոսքով, պաղաղբյուրցիների մասնակցության մակարդակը ընտրություններին մշտապես բարձր է լինում: Ակնկալվում է, որ այս անգամ ընտրությանը կմասնակցի ընտրողների 70-80 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter