HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս են գնահատում մրցակից կուսակցությունների ներկայացուցիչները վանաձորյան նախընտրական քարոզարշավը

Գայանե Սարգսյան

Այժեմնիկ Օհանյան,  «Բարգավաճ  Հայաստան» կուսակցություն

-Շատ տխուր, շատ տխուր, ես ամեն ինչ սպասում էի, բայց սա… Ես հենց նոր եմ իմացել: Դուք գիտեք հորս՝ Հայկ Օհանյանին (Հ. Օհանյանը Վանաձորի պատվավոր քաղաքացի է, եղել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղարը. հեղ.): Այդ մարդը ամբողջ քաղաքին ճանաչում է ու բոլորին ձեռքով է բարևում` իր բանվոր ծանոթներից մինչև այսօրվա ղեկավարները:

Կեղտոտ տեխնոլոգիաներով նկարել են, որտեղ ինքը նախընտրական պայմաններից դուրս  բարևում է  Մամիկոնին ձեռքով, ու գցել են դա իրենց տեսահոլովակի մեջ: Ես դա այսօր եմ իմացել: Ու ես այնքան եմ ցավ ապրում իմ հոր համար, որ ինքը դա տեսնի, ինչքան ծանր կտանի: Փաստորեն ստացվում է, որ իմ մեջքից դանակ են խրում: Ես ամեն ինչի պատրաստ էի իմ նկատմամբ, իմ անձի նկատմամբ, բայց որ հորս նկատմամբ այդ ձևի տհաճ բաներ կարող են անել, ես չէի սպասում: Ես գիտեի, որ ամեն ինչ շատ կեղտոտ է լինելու, բայց որ այս աստիճանի փոքրահոգություն կարող են անել, ես չէի սպասում:

Ես այնքան եմ խնայել իրեն, որ այս գործընթացների մեջ չընկնի, իրեն վատ չզգա, բայց իմ ամենախոցելի տեղն, ըստ երևույթին, գտան:

Ու ամբողջ քաղաքով գնում է, որ մենք միավորվել ենք ՀՀԿ-ի հետ, ու սա անիմաստ ընտրություն է: Առաջին անգամ եմ ասում՝ ես իմ ձեռքը կկտրեմ, բայց այդ կուսակցության հետ չեմ միավորվի…

Քրիստ Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

-Խախտումների առումով Հանրապետական կուսակցությունը ոչ մի նոր բան չի արել, ցավոք սրտի: Այսինքն, այն, ինչ 20 տարի տեսել էինք իրենց կողմից՝ ռեսուրսների չարաշահում, ադմինիստրատիվ լծակների օգտագործում, պետական կամ համայնքապատկան հիմնարկների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ… Ցավոք սրտի, դրանք բոլորը շարունակվել են ամբողջ թափով: Բայց մենք չենք կենտրոնացել դրա վրա, մեր քարոզարշավն ենք արել, այդ քարոզարշավի ընթացքում փորձել ենք հնարավորինս շատ  մարդ տեսնել, որովհետև այդ հանդիպումները շատ ավելի արդյունավետ են եղել, քան ճնշումներով ու ստիբողաբար արված հանդիպումները: Նաև եթերի ժամային  սահմանափակումներ են եղել, այն իմաստով, որ հավասարաչափ ծածկույթ չի ապահովվել, բայց այդ բացը ևս փորձել ենք փակել թաղային, բակային ու անհատական հանդիպումներով:

Մեր նախընտրական քարոզարշավը ես գնահատում եմ պոզիտիվ, իսկ ընդհանուր վանաձորյան քարոզարշավի մասով մի բան կասեմ միայն՝ ոչ մի նորություն…

Ռուբեն Ոսկանյան, ՀԱԿ

-Խախտումների առումով ասեմ, որ հանրապետակաները ակնոցներ, «Կոկա-կոլա» են բաժանում, նաև խանութների պատերին ու անթույլատրելի այլ վայրերում պաստառներ կան փակցված: Քարոզարշավը  անհավասար պայմաններում է  անցել, այսինքն՝ տարբեր գումարի սահմաններում ենք իրականացրել: Բացի դա, գիտեք, քարոզարշավը սեպտեմբերի 9-ից է սկսվել, բայց մարդիկ կային, որ մինչ այդ արդեն անց էին կացնում քարոզարշավ: Ես չեմ ասում անօրինական է դա, բայց ամեն դեպքում դա իր ազդեցությունն ունեցել է սկզբնական շրջանում: Մենք այս ընթացքում հնարավորինս փորձեցինք փոխել այդ վիճակը: 

Կարծում եմ, ընդհանուր առմամբ նորմալ անցավ քարոզարշավը, և ամենակարևորը՝ առանց լուրջ միջադեպերի:

Վահան Ղույումչյան, «Համախմբում» կուսակցություն

-Դրականը ավելի շատ է, դեռ առայժմ չեմ տեսել մեծ խախտումներ: Իհարկե, իշխանության ուժերը սկզբից փորձեցին խանգարել, այդ մասին ես հայտարարություն արել եմ: Դրանից հետո ուրիշ խոչընդոտներ ես չեմ տեսել:

Հիմնականում դրական էր, որ անձական հողի վրա որևէ խնդիրներ չառաջացան, չհաշված մեկ-երկու խնդիրները, բայց իշխանական երկու ուժերից Հանրապետականն, իմ կարծիքով, իրեն ավելի լավ պահեց, քան Դաշնակցությունը: Հատկապես վերջին օրերին սկսեցին անձնական, կեղծ, զրպարտիչ  բաներ հայտարարել: Դա երևի իրենց նյարդայնության հետևանքն էր: Մնացած մասով նորմալ է անցել:   

Ես թերթերում կարդացել եմ, որ նույն իշխանական ուժերը պատրաստվում են խժդժություններ հրահրել: Ես կոչով դիմել եմ նրանց, որ իրենց նման բաներ թույլ չտան: Բայց սա ընդամենը լուրերի մակարդակով է, հստակ փաստեր դեռ չկան: Ընդհանուր առմամբ Վանաձորի նախընտրական քարոզարշավը գնահատում եմ դրական: Կուսակցությունների միջև պայքարը բերել է որոշակի մակարդակի բարձրացման. գոնե փորձում են ծրագրեր ներկայացնել: Նախկինում անձերի խնդիր էր ու վիճակն ավելի վատ էր:

Վահե Դոխոյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն

-Կոնկրետ մեր կողմից կազմակերպված քարոզարշավը կարծում եմ, շատ գրագետ էր գոնե այն առումով, որ մենք երբևիցե խայծ կուլ չտվեցինք ու չանդրադարձանք որևէ մեկի բացթողումներին, վիրավորանքներին: Քարոզարշավի ընթացքում բոլորն ականատես եղան, որ թիրախը Հանրապետական կուսակցությունն էր: Ու չնայած նրան, որ էնպես չէ, որ Հանրապետականն է միայն եղել իշխանության մեջ, կամ էնպես չի, որ նորաթուխ որոշ ընդդիմադիրներ քիչ բացթողումներ ունեին, բայց ամեն դեպքում շատ ընդդիմադիրներ իրենց քարոզարշավը կառուցել էին թիրախավորելով հանրապետականին: Մենք կարողացանք մի բան բացատրել մեր համաքաղաքացիներին, որ իհարկե, կարգ է փոխվել, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է գնալու ընտրություններին, բայց չէինք կարող չանձնավորել: Ու շատ կարևոր էր մեր թեկնածուի անձը, ով այս ընթացքում ավելի սիրվեց վանաձորցիների կողմից:

Բուն խախտումներ չենք արձանագրել: Իհարկե, ասեկոսներ շատ են տարածվում այս կամ այն ուժի կողմից: Արդեն երկու օր է, մեզ տեղեկություններ են հասել, որ պատրաստվում են ընտրակաշառք բաժանել, բայց որպես իշխող ուժ մենք ամեն ինչ անելու ենք, որ ոչ մի քաղաքական ուժ ընտրակաշառք չբաժանի:

Կարծում եմ, այս քարոզարշավը շատերի համար թատերաբեմ, էր բայց ընդհանուր նորմալ եմ գնահատում:

Նելսոն Մամուլյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն

-Նախընտրական քարոզարշավն անցավ ընդհանուր առմամբ հանդարտ, վերջին օրերին միայն որոշակի արհեստական ակտվություն նկատվեց` որոշ կուսակցությունների կողմից «փոխհրաձգություններ»  եղան: ՀՅԴ-ն հավատարիմ մնաց իր սկզբունքներին` քարոզարշավի համար հանդուրժողականության առանցքը պահպանելով և որպես քարոզարշավի հիմնական նպատակ դնելով Վանաձորի խնդիրները, դրանց լուծումների մեր առաջարկները: Որպես բացթողում կարող եմ արձանագրել համամասնական ցուցակների թիվ 1 համարների դեբատների բացակայությունը. կազմակերպված այդպիսի բոլոր դեբատներին ես մասնակլցել եմ, իսկ որոշ կուսակցությունների (օրինակ` ՀՀԿ, ԼՀ, ԲՀԿ, ՀՎ), ներկայացուցիչները չներկայացան: Քարոզչական պաստառների մասով ևս որոշ կուսակցությունների կողմից նկատելի էին ակնհայտ խախտումներ:

Արամ Խաչատրյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

-Նորմալ եմ գնահատում, ոչ մի խոչընդոտի չենք հանդիպել, միայն դեպքեր են եղել, որ պաստառներ են պոկվել, մնացած դեպքերում մենք նորմալ մեր գործողություններն իրականացրել ենք՝ համաձայն մեր նախընտրական պլանի: Բնականաբար, մրցակցություն, որոշակի լարվածություն կա, բայց խախտումներ, որպես այդպիսին, չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter