HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ դպրոցներում և «Բանակից` ՏՏ ոլորտ». ԻՏՁՄ- ի ծրագրերը «ԴիջիԹեք էքսպո»-ում

«ԴիջիԹեք էքսպո 2016» տեխնոլոգիական ցուցահանդեսին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ևս ներկայացնում է իր ծրագրերն ու նախագծերը: 2008 թվականից այն իրականացնում է «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը, որի շարունակությունն էր 2014 թվականին ընդունված հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը, ինչի արդյունքում շուրջ 150 դպրոցներում արդեն գործում են ինժեներական խմբակներ:

Ծրագիրը նախատեսված է դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի երիտասարդ խմբակավար Շաքե Երիցյանը պատմում է. «Ի սկզբանե ծրագիրը 12 տարեկանից բարձր երեխաների համար էր, բայց տարիքային շեմն իջեցվել է: Այժմ սովորողների շարքում ունենք 9-10 տարեկան երեխաներ: Սարքավորումների հիմնական մասը, որ տրամադրվում է դպրոցներում ինժեներական լաբորատորիաների գործունեության համար, արտադրվում է Հայաստանում, գտնվում են հովանավորներ, ովքեր իրականացնում են դրանց ֆինանսավորումը, իսկ կառավարությունը վճարում է խմբակավարներին»:

«Արմաթը» ցուցահանդեսին ներկայացնում է Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչ սարքը, որը հատուկ պլաստմասսայի հալման միջոցով ստեղծում է տարբեր մոդելներ, որոնք երեխաները ստանում են համակարգչի միջոցով: «Սրա նպատակն այն է, որ երեխաները ամեն դետալ իրենց ձեռքով պատրաստեն՝ չինական կոմպլեկտ գնելու փոխարեն, օրինակ՝ ռոբոտի վրա դրվող անիվը»,-նշում է Շաքեն:

Երեխաները սովորում են ստեղծել տարբեր ռոբոտներ՝ թռչող, գծին հետևող, գույները տարբերող, մոտն ու հեռուն հասկացող: Ծրագրի հիմնական նպատակն այն է, որ մեծանալով` նրանք կարողանան տեխնիկական ճանապարհով լուծել իրենց համայնքային խնդիրները, օրինակ՝ գյուղի մի ծայրից մյուսը ջուր տանելու խնդիրը: «Արդյունքում ունենում ենք սերունդ, որ փոքր տարիքից տեխնիկապես զարգացած է ու կարող է զարգացնել մեր երկրի բոլոր ոլորտները, այդ թվում՝ ռազմաարդյունաբերությունը»,-ասում է խմբակավարը:

Խմբակներն անվճար են, գործում են դասերից դուրս: ԻՏՁՄ-ն նախատեսում է 2019 թվականին ունենալ 1200 ինժեներական խմբակ-լաբորատորիա Հայաստանում և Արցախում: Ծրագիրը շարունակվում է նաև մասնագիտացված ավագ դպրոց-ուսումնարանում, որտեղ տալիս են որակյալ կրթություն ծրագրավորման ոլորտում:

«ԴիջիԹեք էքսպո 2016»-ին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայանում է նաև «Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրով: ԻՏՁՄ-ն կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ բանակից զորացրված անձանց, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից՝ զորացրված կամ մոտ ժամանակներս զորացրվող ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար: Դասընթացներն անվճար են, տևում են 6 ամիս:

«ԴիջիԹեք էքսպո»-ում ծրագիրը ներկայացնում է բանակից ամիսներ առաջ զորացրված, այժմ ճարտարագիտական համալսարանի ուսանող Արմեն Դերիկյանը, որն արդեն երկու ամիս է՝ մասնակցում է ծրագրին:  «Դասընթացը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորում, ռոբոտատեխնիկա, էլեկտրոնիկա, եռաչափ մոդելավորում: Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են քննություններ, և լավագույն ցուցանիշներ գրանցած անձինք աշխատանքային փորձաշրջան են անցնում ոլորտի տարբեր ընկերություններում»,-ասում է Արմենը:

Դասընթացը հեշտացնում է երիտասարդների մուտքը դեպի աշխատանքային շուկա: Դասավանդողների թվում են ՏՏ ոլորտի հայտնի ընկերությունների («Ինստիգեյթ», «Սինոփսիս») մասնագետները, որոնք, այստեղ տեսնելով որակյալ կադրեր, հրավիրում են նրանց:

Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ՝ անկախ իրենց ունեցած գիտելիքներից և մասնագիտական ուղղվածությունից: «Կան մարդիկ, ովքեր ավարտել են պատմական կամ բանասիրական ֆակուլտետները, բայց գալով մեզ մոտ՝ դարձել են ծրագրավորողներ»,-նշում է Արմեն Դերիկյանը:

Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք էքսպո 2016» ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 2-ը:

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Բարև Ձեզ ։Կցանկանայի ճշտել հնարավոր է տվյալ ծրագիրը դպրոցում ներդնել ։Ինքս ավարտել եմ ՀՊՄՀ Ինֆորմատիկա բաժինը և մեծ սիրով դասընթացները կիրականացնեի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter