HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Business Support Centre-ը հնարավորություն է տալիս հայկական ՏՏ-ն դուրս բերել բրիտանական շուկա

«ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն ՏՏ արտադրանք և ծառայություններ ներկայացնող ընկերություններ, այլև բիզնես առաջարկով հանդես եկող կազմակերպություններ: Business Support Centre (BSC) բիզնեսի աջակցման կենտրոնը էքսպոյին ներկայանում է նոր նախագծով, որ միտված է հայկական ՏՏ ոլորտի միջազգայնացմանը:

BSC ընկերության «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» նախագծի ասիստենտ Աննա Պողոսյանը, խոսելով հայ-բրիտանական համագործակցության ծրագրի մասին, նշում է. «Մեր նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-բրիտանական համագործակցության արդյունքում հայկական ընկերությունները տանել բրիտանական շուկա: Փետրվար ամսին նախատեսում ենք հայկական 10-15 ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություններ ուղարկել Մեծ Բրիտանիա, որպեսզի այնտեղ ձևավորվեն բիզնեսի հարթակներ, որտեղ կկնքվեն պայմանագրեր և կստեղծվեն բիզնես հարաբերություններ»:

Նախագիծն իրականացվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ: Ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի հայկական բոլոր ընկերությունները՝ և՛ նորաստեղծ, և՛ որոշակի հաջողություններ գրանցած, սակայն ընտրվելու են միայն 10-15-ը: «Մասնակցության հայտը հնարավոր կլինի լրացնել օնլայն և օֆլայն տարբերակներով: Դիմումի հայտի շրջանակներում դիմորդներին կտրվեն մի քանի հարցեր: Ծրագրի մասնակից ընկերությունները կընտրենք՝ գնահատելով դրանց պոտենցիալը, արտաքին շուկա դուրս գալու ցանկությունն ու պատրաստվածությունը, պահանջները»,-ասում է Աննա Պողոսյանը:

BSC բիզնեսի աջակցման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ Բրիտանիայում մի քանի օրվա բիզնես հանդիպումների ընթացքում կապ կստեղծվի բրիտանական ներդրողների և պետական տարբեր կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են բրիտանական ՏՏ ոլորտը միջազգայնացնելով: Կլինեն նաև միջնորդ կազմակերպություններ, որոնք կապում են բրիտանական ընկերությունները այլ երկրների ընկերությունների հետ:  

«Ծրագրի ֆինանսավորումը մենք ենք իրականացնելու: Այս պահի դրությամբ այնպես է, որ ընկերությունները պետք է հոգան իրենց ճանապարհածախսը և Բրիտանիայում կեցության ծախսերը, բայց այժմ աշխատում ենք նաև այդ ուղղությամբ: Կան տարբեր ֆոնդեր, ներդրողներ, որոնց հետ հիմա բանակցում ենք: Քանի որ մենք նաև ԻՏՁՄ անդամ ենք, դրա միջոցով էլ փորձում ենք գտնել ներդրողների, որոնք կհոգան նաև այդ ծախսերը, որ մեր ՏՏ ոլորտի ընկերությունները առանց ֆինանսական որևէ խոչընդոտի կարողանան մասնակցել ծրագրին»,- մանրամասնում է Աննա Պողոսյանը:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» նախագծի մասին «ԴիջիԹեք էքսպո 2016» ցուցահանդեսի շրջանակներում կպատմի BSC բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը:

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter