ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Իմ փրկությունը միշտ երաժշտությունն է լինելու



Նա համարվում է բրիտանական երաժշտական աշխարհի ամենայուրօրինակ և ամենաարտասովոր երևույթներից մեկը, ով իր տարօրինակ, բայց չափազանց տպավորիչ ոճով դարձավ շատ ու շատ երաժիշտների, նորաձևության աշխարհի հայտնի անունների կուռքն ու ներշնչանքի աղբյուրը: Թեև ապրեց ընդամենը 27 տարի, բայց հասցրեց հսկայական ազդեցություն ունենալ 21-րդ դարասկզբի երաժշտության վրա՝ դառնալով նրա առաջնորդներից մեկը: Մեծ է այս արտիստի ներդրումը հատկապես սոուլ երաժշտության հանրահռչակման ուղղությամբ, որը միաժամանակ հարստացրեց նոր ու անսպասելի մեկնաբանությամբ՝ ջազի, փոփի, գոսպելի, R&B-ի, տեղ-տեղ ռոքի համաձուլվածքում:

Էմի Ուայնհաուս. բրիտանական երաժշտության երկնակամարում շողացող այս աստղը իր անսովոր կերպարով, ստեղծագործությամբ և ապրած ակնթարթային կյանքով ու նույնիսկ ողբերգական ավարտով, անջնջելի հետք է թողել 21-րդ դարի երաժշտության պատմության մեջ: Իր թողած ժառանգությամբ և ապրած կյանքով նա ի վերջո համալրեց հայտնի «27 ակումբ»-ի խորհրդանշական շարքերը՝ եզրափակելով այն: Նա ոչ միայն երաժշտության զարկերակին էր, այլև, մշտապես, սկանդալների կենտրոնում:

Բոլորն էլ գիտեն, որ անսովոր տաղանդով օժտված այս երգչուհին տառապում էր թմրանյութերից և ալկոհոլային կախվածությունից, որի պատճառով նա ավելի շատ սկսեց սկանդալային իրավիճակներում հայտնվել, քան բեմում կամ ձայնագրման ստուդիաներում: Նա սկսեց հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել ձախողված ելույթների, դատական գործընթացների կամ աղմկահարույց վիճաբանությունների մասին անվերջանալի պատմություններով: Դրանք հաճախ էին ավարտվում վերջնական ու հստակ մի որոշմամբ՝ « Խստացված բուժում՝ վերականգնողական կենտրոնում», որը, սակայն սկսվում ու ավարտվում էր նույն պահին և նույն տեղում՝ Էմիի համառ դիմադրությամբ: Նման մի պատմության  ծնունդ է նրա ամենահայտնի և երգչուհու կարիերայում անփոխարինելի դեր զբաղեցնող «Rehab» երգը: Այն Էմիի կենսագրության մի մասն է, որն ուղիղ կերպով հասցեագրված է նրա՝ վերականգնողական կլինիկայի հետ ունեցած թերևս միակ ռեալ առնչությանը: Երգը նաև  արտահայտությունն է նրա ժխտական, ինչ-որ տեղ քամահրանքով վերաբերմունքին ներքին խնդիրների լուծմանն ուղղված այս մեթոդի հանդեպ: Արտաքուստ պարզ և սովորական կյանքի սև անկյուններից մի պատառիկ ներկայացնող այս պատմությունը մեծ արձագանքներ գտավ ոչ միայն երաժշտասերների, այլև այս ասպարեզում լուրջ մասնագետների շրջանում:

«Rehab»-ը դարձավ Է. Ուայնհաուսի մեծագույն հիթն ու հաջողության գագաթնակետը: Այն 2008թ.-ին 3 «Գրեմի» մրցանակ շահեց:

Երգը թողարկվեց 2006թ. լույս տեսած «Back To Black» ալբոմի կազմում: Այն երգչուհու երկրորդ ստուդիական և նրա կենդանության օրոք վերջին ալբոմն էր: «Rehab»-ը հոկտեմբերի 23-ին թողարկվեց որպես գլխավոր սինգլ և անմիջապես նվաճեց բրիտանական թոփ –սինգլների 7-րդ հորիզոնականը, իսկ ամերիկյան լավագույն հարյուրյակում «Rehab»-ը 9-րդ տեղը գրավեց: 2007թ. հունվարից արդեն սինգլը թողարկվեց տարբեր երկրներում՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքների մեծ ու փոքր անկյունները: Երգչուհու հանրային հնչողության հասած պայքարն ու ,այլ կերպ ասած, քայքայումը ալկոհոլից և թմրադեղերից, ինչպես նաև սկանդալային պատմությունների կիզակետում լինելը, իսկ վերջում՝ ողբերգական մահը իրենց գործուն ազդեցությունն ունեցան այս երգի հանդեպ ունեցած արձագանքներում: Նրա մեջ ասես ամփոփված էր Էմիի կյանքն ու էությունը, որի համար էլ մինչ օրս շարունակում է լայն լսարան ունենալ և մնալ որպես Ուայնհաուսի ստորագրությունը երաժշտության պատմության մեջ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Էմիի հետ աշխատանքնային պայմանագիր կնքած և նրա երաժշտական գործունեությունը համակարգող մենեջերական թիմը պահանջեց անհապաղ բուժման գնալ: Հերթական ոչ ադեկվատ պահվածքն ու իրավիճակը այլևս վստահության ոչ մի նշույլ չէր կարող թողնել պատասխանատվությունն իր վրա վերցրած ընկերության մոտ: Ձայնագրման ստուդիայում որոշ աշխատանքներ հաջողվել էր ավարտին հասցնել, սակայն ալբոմ թողարկելու համար պրոդյուսեր Սալամ Ռեմիին դեռ երկար աշխատանք և համբերություն էր պետք գալու: Ի դեպ, նա երգչուհու դեբյուտային՝ «Frank» ալբոմի պրոդյուսերն էր: Էմիի վիճակը գնալով ավելի բարդանում էր, քանի որ նա անվերջ բեմ էր դուրս գալիս հարբած կամ ընդհանրապես ձայնագրության չէր ներկայանում:

Թվում էր՝ այլընտրանք չկար, Էմիին անհապաղ բուժում և կենտրոնացում էր հարկավոր: Երգչուհին իր կյանքին վերաբերող բոլոր տեսակի գանգատներին, խորհուրդներին, նկատողություններին կարող էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել, սակայն հոր կարծիքը բոլոր պարագաներում նրա համար հենարան էր, մանավանդ, երբ ինքն էլ էր հասկանում, որ ինչ-որ բան այնքան էլ այնպես չէ իր կյանքում: « Ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք ինքն էլ է կարծում, որ այդ բուժումն ինձ անհրաժեշտ է: Նա ասաց՝  «Ոչ, բայց ,ամեն դեպքում, կարող ես մի անգամ փորձել»: Դե ես էլ փորձեցի. 15 րոպեով մտա, «Բարև ձեզ» ասացի, հետո բացատրեցի, որ ես խմում եմ, քանի որ սիրահարված եմ և շատ խճճված հարաբերությունների մեջ եմ հիմա: Հետո դուրս եկա այնտեղից»,- պատմել է Էմին հարցազրույցներից մեկում:

Կլինիկական բուժման պնդումն ավարտվեց մենեջերական այդ ընկերության հետ հրաժեշտի որոշմամբ: «Ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն ես ինչ-որ տեղ կիթառ նվագեի,- ասում էր Էմին,- իմ փրկությունը միշտ երաժշտությունն է լինելու»:

«Rehab»-ում ևս Էմին հաստատում է բուժման իր տարբերակը՝ ավելի լավ է տանը Ռեյի հետ մնալ (Ռեյ Չարլզ) կամ  միստր Հեթուեյի (Դոնի Հեթուեյի), քանի որ նրանցից ավելի շատ բան ունի սովորելու, քան նրանցից, ովքեր հիվանդանոցներում են:

«I՚d rather be at home with a Ray

I ain՚t got seventy days

՚Cause there՚s nothing, there՚s nothing you can teach me

That I can՚t learn from Mr. Hathaway»

Նոր ալբոմի ձայնագրությունները ամբողջացնելու և թողարկման շարունակության պատասխանատվությունը ստանձնեց անգլիացի երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Ռոնսընը: Անդրադառնալով երգի պատմությանը՝ Ռոնսընը նշել է, որ «Rehab»-ը Էմին հորինել է հանպատրաստից, նյույորքյան ցերեկային մի զբոսանքի ժամանակ: Աշխատանքային լարված շաբաթից հետո նրանք դուրս էին եկել թարմ օդի և Էմիի ընկերոջ համար նվեր գնելու: Էմին ճանապարհին խոսում էր իր կյանքում այդ օրերի դժվարությունների ու խնդիրների մասին, ասում, որ ինքը կարծես մի աստիճան ներքև է գլորվել և այլն: Հետո նա, ըստ Ռոնսընի, հավանաբար տրամադրությունից ելնելով, սկսեց կորցնել իրեն և հայրը եկավ՝ փորձում էր միջամտել և խելքի բերել նրան: Իսկ այս ընթացքում Էմին գրեթե երգելով արտասանում էր արդեն ձևավորված տողեր, որոնք Ռոնսընի ականջին արդեն պատրաստի երգի նման հնչեցին- « He tried to make me go to rehab and I was like, ՚Pfft, no no no….»: Վերականգնողական կենտրոն ուղարկվելիք փորձերի պատմության այս մասը ամենաշատը դուր եկավ պրոդյուսերին: Զբոսանքն ավարտված էր, քանի որ նա որոշեց շտապել ետ դեպի ստուդիա, նոր երգի ձայնագրման փորձերը սկսելու:

Մ. Ռոնսընի ռեհաբյան այս տարբերակը հաստատել է նաև Էմիի հայրը՝ Միտչ Ուայնհաուսը «Amy, My Daughter» գրքում, սակայն բրիտանական «Daily Mail» հեղինակավոր պարբերականում 2007թ. Էմին փոքր-իչ այլ կերպ է մեկնաբանում երգի ծնունդը. Դատելով նրա խառնվածքից և էկսցենտրիկ բնավորությունից՝ անձամբ ինձ համար իրականությանը առավել մոտ է թվում այս տարբերակը:

«Մարկի հետ քայլում էինք փողոցում, և ես սկսեցի խելքից դուրս բարձր ձայնով  երգել:- ասում է երգչուհին,- Իրականում դա մի տեսակ հիմար վիճակ էլ էր: Ես մի ամբողջ տուն երգեցի ճիշտ այնպես, ինչպես այն հնչում է ձայնագրության մեջ: Մարկը ծիծաղում էր, հետո հարցրեց, թե ո՞վ է երգի հեղինակը (նրան դուր էր եկել այն): Ես ասացի, որ հենց նոր հորինեցի: Մարկը սկսեց համոզել, որ դա երգի վերածեմ… ընդամենը 5 րոպե պահանջվեց դրա համար: Ինձ համար նման երգ հորինելը բոլորովին դժվար բան չէր, որովհետև այն ամենի մասին էր, ինչ ինձնից ակնկալում էր իմ նախկին պրոդյուսերական ընկերության ղեկավարը»:

 

«Rehab»-ը բուռն ծափահարությունների արժանացավ հատկապես երաժշտական քննադատների մոտ, համընդհանուր դրվատանքի, բարձր ու ազդեցիկ գնահատականների միջով նա դուրս եկավ համաշխարհային լսարաններ: նրան համեմատում էին ջազի այնպիսի լեգենդար անունների հետ, ինչպիսիք էին Էտա Ջեյմսը կամ էլլա Ֆիցջերալդը: Վոկալի առանձնահատկությամբ փայլող Է. Ուայնհաուսը այդ հոդվածներում փայլում էր նաև կատարողական վառ բնութագրումներով:  Երգը 3 «Գրեմիից» բացի (Տարվա երգ, Լավագույն ձայնագրություն, Լավագույն կանացի վոկալ կատարում), «Ivor Novello Awards»-ում լավագույն հեղինակային աշխատանք է ճանաչվել 2007թ., Էմին բարձր գնահատանքի էր արժանանում նաև որպես երգահան: Բազմաթիվ մրցանակներն ու մրցանակաբաշխություններում տարբեր հաղթանակները, սակայն, երգչուհու հոգեկան աշխարհում աստղեր կամ աստղային զգացողություններ այդպես էլ չարթնացրին: Նա երգեց, հաղթեց ու շարունակեց ապրել իր խնդիրներով լի կյանքում. մինչև 2011թ. հուլիսի 23-ը:

«Ես աստղ դառնալու ձգտումով առաջնորդվող այն աղջիկը չեմ, որը փորձում է ցանկացած բան դառնալ, բացի երաժշտից:- ասել է երգչուհին իր առաջին հարցազրույցներից մեկում,- Ես չեմ մտածում, որ ճանաչված եմ դառնալու, չեմ էլ կարծում, թե ի վիճակի կլինեի գլուխ հանել դրանից: Ես հավանաբար խելագարվեի»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ