HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՀԱԿ հանձնաժողովի նախագահը 34/45 ընտրատեղամասի «խաղաղությունը» պայմանավորում է իր կուսակցական պատկանելությամբ

Գյումրու «Սլաբոդկա» կոչվող թաղամասի թիվ 6 հիմնական դպրոցում տեղակայված 34/45 ընտրատեղամասում, որ մշտապես գտնվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերահսկողության տակ եւ տարատեսակ ընտրություններում աչքի է ընկել առավելապես որպես թաղի հեղինակությունների կողմից ղեկավարվող, աղմկահարույց խախտումներով հայտնի տեղամաս, այս անգամ զարմանալի խաղաղություն էր տիրում: Թիվ 34/45 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արփենիկ Կիրակոսյանն արձանագրած կարգ ու կանոնը պայմանավորեց իր կուսակցական պատկանելությամբ:

«Դե որովհետեւ էս անգամ հանձնաժողովի նախագահը ՀԱԿ-ից է, դրա համար էլ ամեն ինչ խաղաղ է: Բոլորը «տեսնում են», բոլորը «լսում են», ոչ մեկ սխալմամբ մյուսի տեղը չի ստորագրում՝ ամեն ինչ հերթով, կարգով արվում է»,-«Հետք»-ին փոխանցեց Արփենիկ Կիրակոսյանը:

1961 ընտրողից ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 261 ընտրող: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ներկայացուցչի կողմից հայտնաբերվել է կենսաչափական անձնագրով քվեարկությանը մասնակցության փորձ, որն անմիջապես կանխվել է:

«Հանձնաժողովի անդամն արդեն արձանագրել էր՝ չնկատելով, որ կենսաչափական անձնագիր է, մենք քվեաթերթիկն անմիջապես անվավեր ճանաչեցինք, տեղում մարեցինք, ելունդ էլ կպցրեցինք,-հայտնեց հանձանժողովի նախագահը,-դրանից հետո ունեցել ենք եւս 4 հոգի, ովքեր ցանկացել են կենսաչափական անձնագրով մասնակցել ընտրություններին, հետ ենք ուղարկել, գնացել են, նույնականացման քարտերով հետ են եկել եւ իրենց ընտրությունը կատարել են: Այս ընթացքում մեկ տատիկի օգնել են ընտրել, ուրիշ այլ արտառոց կամ ինչ-որ անսովոր իրադարձություններ տեղի չեն ունեցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter