HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղաշենում անձնագրերից անհետանում է դրոշմակնիքի թանաքը. մթնոլորտը լարված է

Տրդատ Մուշեղյան

Ի տարբերություն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի 27/1 ընտրատեղամասի` 27/2 ընտրատեղամասում ընտրական գործընթացը անցնում է լարված մթնոլորտում։ Տեղամասի ներսում անընդհատ մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, ինչը դժվարացնում է ընտրական հանձնաժողովի աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահը կարգը պահպանելու համար դիմեց ոստիկանության աշխատակիցներին, որոնք 27/2 ընտրատեղամասում գնալով շատանում են։ Մարդիկ բողոքում են, որ գալիս են և հերթի մեջ են ընկնում, ինչի պատճառով անընդհատ իրարանցում և լարվածություն է ստեղծվում։

Րոպեներ առաջ հերթական արտառոց դեպքը արձանագրվեց։ Ընտրողների անձնագրերից ժամանակից շուտ անհետանում է դրոշմակնիքի թանաքը, որը նվազագույնը պետք է անհետանա 24 ժամվա ընթացքում։

Կնիքը կարմիրով նշված մոխրագույն շրջանակն է, որ մեր ֆիքսելու պահին արդեն գրեթե մաքրված էր

Հանձնաժողովի նախագահը կապվեց ընտրատարածքայաին ընտրական հանձնաժողովի հետ, որտեղից նրան փոխանցեցին` հետևել ցուցակներում առկա դրոշմակնիքների առկայությանը, որպեսզի կրկնակի քվեարկության դեպքերը բացառվեն` այդ ձևով շարունակելով ընտրական գործընթացը։ Համայնքապետի թեկնածու Առաքել Գրիգորյանի վստահված անձը պահանջում էր կանգնեցնել ընտրությունների ընթացքը։ Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Հիշեցնենք, որ Գեղաշենում այսօր համայնքապետի ընտրություն է: Պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` արդեն 20 տարի համայնքը ղեկավարող, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Կարեն Անտոնյանը, անկուսակցական Առաքել Գրիգորյանը և ՀՀԿ-ն ներկայացնող Սարգիս Մանուկյանը։ 14։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 3103 անձանցից ընտրությանը մասնակցել են 870-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter