Կիրակի, 23 սեպտեմբերի

Կուտակումներ Շնողի տեղամասում



Շնողի թիվ 31/01 ընտրատեղամասը գտնվում է գյուղի  արվեստի դպրոցում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Բլբուլյանը մեզ հայտնեց, որ ժամը 10:00-ի դրությամբ տեղամասում փակցված քվեաթերթիկի նմուշի բացակայության պատճառով ավագանու անդամի թեկնածու Զավեն Ղազարյանի վստահված անձ Ավետիք Ղազարյանը բողոք է ներկայացրել  տեղամասային ընտրական հանձնաժողովին: 

«Բողոքի մասին տեղյակ եմ պահել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովին: Ասացին, որ մեզ ավագանու քվեարերթիկի նմուշ այս տարի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն տրամադրել: Ստեղծված վիճակում ընտրողը նախապես տեղյակ չի լինում, թե ավագանու իր թեկնածուն ընտրական քվեարթերթիկում որ համարն է և դժվարությամբ է կատարում իր ընտրությունը»,- բացատրեց Մարինե Բլբուլյանը:

Ժամը 11:10-ի սահմաններում տեղամասում ընտրության ներկայացած ընտրող Գոհար Ջամալյանի նույնականացման քարտը ձեռքից  վայր ընկավ և տեղամասի սենյակի փայտապատ հատակի փայտերի արանքով հայտնվեց հատակի տակ: Ընտրողը դուրս եկավ տեղամասից և քիչ հետո տեղամաս վերադարձավ Շնողի համայնքապետի թեկնածու Անդրանիկ Մելիքսեթյանի հետ: «Ընտրողներիցս մեկը կորցրել է իր նույնականացման քարտը, եկել եմ` տեսնեմ ինչպես է լինելու նրա ընտրության գործը»,- մեր հարցին պատասխանեց թեկնածուն:

Վստահված անձանց դժգոհությունից հետո թեկնածու Անդրանիկ Մելիքսեթյանը արագ հեռացավ տեղամասից: Ընտրողի հարազատները մոտ կես ժամ չարչարվելով տեղամասի հատակը քանդելուց հետո փայտե հատակի տակից հանեցին ընտրող Գոհար Ջամալյանի նույնականացման քարտը: «Ժողովուրդ, արագացրեց, ընտրությանը խանգառում եք»,- դժգոհեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Բլբուլյանը:

Վերջինիս տեղեկացմամբ` տեղամասի 829 ընտրողներից ժամը 14-ին ընտրությանը մասնակցել էին 325 ընտրողներ: Տեղամասի  փոքր տարածքում 21 ավագանու անդամների և համայնքապետի 5 թեկնածուների  վստահված անձինք դժվարանում էին իրենց  կանգնելու հարմար տեղ գտնել՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար: Տեղամասի բակում մարդկանց մեծ կուտակումներ կային:

Թիվ 31/02 ընտրատեղամասը տեղակայված է Շնողի միջնակարգ դպրոցի շենքում: Վաղ առավոտից տեղամասի բակում  ավտոմեքենաների մեծ կուտակումներ կան: Տեղամասի 1-ին հարկում առավոտից ավագանու անդամների վստահված անձանց վկայականներով կանգնած են համայնքապետի թեկնածու Հայկազ Քոչինյանի տղան՝ Էդգար Քոչինյանը, եղբայրը՝ Հովիկ Քոչինյանը, եղբոր տղան և այլ բարեկամներ:

Ժամը 10-ի սահմաններում թիվ 31/2 ընտրատեղամաս ընտրելու եկավ ե համայնքապետի թեկնածու Դավիթ Ղումաշյանը: Վերջինս «Հետքին» հայտնեց, որ գոհ է ընտրությունների ընթացքից: Թիվ 31/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արամ Պողոսյանի տեղեկացմամբ` տեղամասի 1471 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ  ընտրության ներկայացել են 580 ընտրողներ:   Հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ տեղամասում ժամը 14:00-ի դրությամբ խախտումներ և այլ բողոքներ չեն արձանագրվել: Ժամը 15:25-ի դրությամբ ընտրությանը մասնակցած 580 ընտրողներից 52-ը ընտրել էին այլ անձանց օգնությամբ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ