«Ամուսիններ էին, ուրիշ ոչ մի խնդիր չկա». հանձնաժողովի նախագահը մեկնաբանում է քվեախցում երկու հոգով գտնվելու փաստը
Տրդատ Մուշեղյան
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի թիվ 27/1 ընտրատեղամասի քվեախցում քիչ առաջ իրենց ընտրությունն էին կատարում միանգամից երկու հոգի։ Մեր այն հարցին, թե ինչու էին քվեախցում երկու հոգի գտնվում, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Հովհաննիսյանը շատ կարճ պատասխան տվեց. «Ամուսիններ էին, իրար հետ էին ընտրում, ուրիշ ոչ մի խնդիր չկա»։ Ամուսիններից և ոչ մեկը ընտրելու հետ կապված դժվարություններ չուներ։
Հիշեցնենք, որ Գեղաշենում այսօր համայնքապետի ընտրություն է: Պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` արդեն 20 տարի համայնքը ղեկավարող, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Կարեն Անտոնյանը, անկուսակցական Առաքել Գրիգորյանը և ՀՀԿ-ն ներկայացնող Սարգիս Մանուկյանը։ 16։30-ի դրությամբ` ընտրելու իրավունք ունեցող 3103 քաղաքացիներից իրենց ընտրությունը կատարել են 1350-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել