HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

1990-ականների սերնդի կյանքն ու կռիվը նոր ֆիլմում

«Կյանք ու կռիվ» նոր գեղարվեստական ֆիլմը, որը էկրաններ բարձրացավ Հայաստանի անկախության 25-ամյակի օրը, փորձում է վերստեղծել ու իմաստավորել այն սերնդի դրաման ու սպասելիքները, որն անկախության առաջին տարիներին երիտասարդ էր, ոգևորված, սիրահարված ու մի քիչ էլ շփոթված:

Հին կյանքը՝ իր հստակ գծագրված սովետահայ կայունությամբ (լճացմամբ) ավարտվել էր, վրա էր հասել հուսադրող ու միաժամանակ՝ թևաթափ անող ապագան, որն ամեն վայրկյան ենթակա էր փոփոխման: Եվ իհարկե, Արցախյան պատերազմն էր:

Համակարգի փոփոխությունն ու ռազմական գործողությունները 20-25 տարեկան երիտասարդների ամենօրյա կյանքն էին ու ինքնադրսևորվելու համար մղվող կռիվը (նույնպես ամենօրյա): Նաև սերը, ընկերությունն ու հիասթափությունը: Տեղի էր ունենում արժեքների շրջադարձային վերադասավորում:

«Շարմ հոլդինգի» նկարահանած «Կյանք ու կռիվ» ֆիլմը զարմանալի նրբանկատ, գրագետ ու եթե կարելի է այսպես ասել՝ արժանապատվորեն, վերստեղծում է 1990-1993 թթ. հայաստանյան կյանքը՝ դիտարկված չորս ընկերների ու նրանց երկու քույրերի տեսանկյունից:

Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը միանգամից առաջարկում է հանդիսատեսին սուզվել մի իրականություն, որը նախապատմություն կարիք չունի: Այսինքն, պետք չէ բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ և որտեղ: Դա տրվում է միանգամից և մեկ փաթեթում: Հանդիսատեսը մտնում է հերոսների առօրյա առանց բեքգրաունդային մանրամասների, և անհատի նկարագրերն ու դրաման դառնում են երկրի նկարագիրն ու դրաման: Դա իհարկե, վկայում է առաջին հերթին լավ մշակված սցենարի մասին:

Սովորաբար երբ հայ ռեժիսորները ֆիլմեր են ստեղծում ոչ շատ վաղ ժամանակների մասին, ստիպված են լինում բացատրել քաղաքական, հասարակական և հոգեբանական վիճակը, ինչի արդյունքում ֆիլմը խեղդվում է մանրամասների մեջ (հաճախ ավելի խճճող) ու սկսում կաղալ: Այդպես, օրինակ, տեղի ունեցավ Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմի հետ, քանի որ ռեժիսորը անընդհատ ուզում էր բացատրել ու դրանով իսկ՝ արդարացնել իր հերոսների քայլերը: Սցենարը լողում էր, դիալոգները՝ նույնպես:

Իսկ, օրինակ, ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը այլ ճանապարհով գնաց. նա հրաժարվեց միջավայրի բացատրությունից՝ ընտրելով պոստֆակտում դիրքը: Նրա «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմում 1990-ականները ներկայացվում եմ արդեն ընդհանրացված ու ամփոփված: Այլ խոսքով ասած՝ ոչ թե վերապրում ես, այլ դիտում այդ վերապրումը, և պատմությունն ինքնին դառնում է ոչ կարևոր:

1990-ականների մասին է նաև Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը հիշատակված մյուս ֆիլմերից առանձնանում է: Այն պարզապես կեղծ է: Ռեժիսորը ոչ թե պատմություն է պատմում, այլ պաթետիկ բեկորներով փորձում է ստանալ մարդկային ճակատագիր, որն այդպես էլ չի կառուցվում՝ հիշողության մեջ մնալով որպես հռետորական ծամոն:

Իսկ «Կյանք ու կռիվ» ֆիլմը որակյալ պատմություն է պատմում՝ անկեղծ ու բազմազան մարդկային ճակատագրերով, որոնց հետևելով էլ հանդիսատեսը բացահայտում է լուսանցքից դուրս մնացած նախապատմությունը՝ առանց հավելյալ կադրերի ու բառերի: Ֆիլմում կոնկրետ ժամանակի պատկերն է, կենսագրություն ունեցող գործող անձիք ու տրամաբանության ափից դուրս չեկող երկխոսություններ:

Մնացածը կռահվում է: Եվ սա թերևս այս կինոպատմության ամենացայտուն առավելությունն է:

Ֆիլմն ազատ է պաթետիկ տեքստից ու պաթետիկ դերասանական առոգանությունից, ինչը առատորեն սփռվում է հայաստանյան կինոյի վերջին աշխատանքներում՝ ներկայացվելով որպես հայրենասիրություն:

«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսորը խնդիր չի դրել ռազմա-հայրենասիրական կինո նկարահանել, նա պարզապես լավ հյուսված պատմություն է պատմում մի քանի երիտասարդների ու նրանց շրջապատի եռամյա կյանքի մասին: Եվ այդ կյանքը դառնում է Հայաստանի փոքր մոդելը:

Չորս ընկերներից մեկը մեկնելու է Ամերիկա, երկրորդը տեղափոխվելու է Մոսկվա, երրորդը զոհվելու է Արցախում, չորրորդը՝ անցնելով երկար փորձությունների միջով ու հայտնվելով կյանքի ու մահվան եզրագծում, հավանաբար մնալու է Հայաստանում:

Բոլորն էլ շատ լավ ուրվագծված կերպարներն են՝ իրենց բնավորություններով, մասնագիտություններով, ընտանեկան միջավայրներով, դիրքորոշումների իսկությամբ: Մեկը թեթև է նայում կյանքին, մյուսը՝ ընտրում է կարիերան, երրորդը ընտանեկան տրավմայից հետո ռազմի դաշտ է մեկնում ու փորձում ինքնամաքրվել, իսկ չորրորդը որոնման ճանապարհին է:

Իրականում, հենց այդպիսին էր Հայաստանը, այդ չորս ընկերների կերպարների պես: Չմոռանանք նաև աղջիկներին. ռացիոն էմոցիայից վեր դասած ու իր ընտրության պատասխանատվությունից սառած Աննան (Անի Խաչիկյան), սթրես ապրած, լսելու ու խոսելու կարողությունը կորցրած, բայց ապրելու հաճույքը զգալու պատրաստ Սոֆին (Էլեն Սարգսյան), Քեմբրիջում սովորած ու որպես բուժքույր արցախյան ճակատամարտ մեկնած սփյուռքահայ Սալբին (Նանոր Պետրոսյան): Նրանք նույնպես շատ լավ տեղավորվում են կինոպատմական Հայաստանի ձևաչափում:

Սա այն ֆիլմերից է, որի սյուժեն պատմելու կարիք չկա, քանի որ սյուժեն ֆիլմի շարժիչ ուժն է, ու հնարավոր սփոյլերներից խուսափելու ու դիտման թարմությունը չփչացնելու համար կարելի է պատումի ճյուղավորումները բաց թողնել:

Ֆիլմի ժանրը մելոդրամա է (ընդ որում՝ ամենակենսունակ ու ճիշտ կառուցման դեպքում՝ ամենաազդեցիկ ժանրը), առանցքում են այնպիսի բազային հասկացություններ, ինչպիսին են ընկերությունը, սերը, դավաճանությունը, խանդը, իսկ ավելի ընդհանրացնող բաների մասին (ասենք, մարդու ոտնատեղն այս ցնցվող մոլորակի վրա) բարձրաձայն չի ասվում, դա թողնված է հերոսների ճակատագրերին հետևող, կարեկցող ու հուզվող հանդիսատեսին:

Դրան մեծապես օգնում է ֆիլմի լեզուն: Այն առավել ընկալելի ու բնական է, հավասարապես ազատագրված գռեհիկ խոսակցական երանգներից և գրական չափազանցված օսլայումից: Եվ նկատվում է, որ եթե կադրում պետք է բարբառով խոսվի, դա արվում է առավել ազնիվ՝ լեզվի կրողների միջոցով:

Ի վերջո, եթե ստում ես դետալներում, կասկածի տակ ես դնում նաև ամբողջականը: «Կյանք և կռիվ» ֆիլմում փնթի ու ակնհայտ սուտ չկա:

Ընդհանրապես, դիտման ժամանակ պարբերաբար մտածում ես՝ ինչ լավ է, որ այս դրվագը չուռճացվեց ավելորդ հուզականությամբ, կամ էլ՝ փառք Աստծո, կարողացան չգայթակղվել ու մահվան լուրը իմացող հերոսների խոշոր պլանները չշահագործել: Եվ ամենակարևորը՝ թույլ չտվեցին, որ տեքստերն իրենց իմաստային ծաղրը դառնան՝ համալրվելով շինծու դադարներով ու վեհ շեշտադրումներով:

Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, ռեժիսոր և սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանն, իրականում շատ մեծ գործ են արել: Կարելի է ենթադրել, որ ամենաբարդը եղել է քասթինգը: Ինչպես ասում են՝ իմանալ ճանապարհն ու կարողանալ այն անցնել, տարբեր բաներ են:

«Կյանք ու կռիվ» ֆիլմը հայաստանյան կինոարտադրության ամենահաջողված աշխատանքներից է այն բանի շնորհիվ, որ հստակեցված է նրա ժանրը և ընտրված են այդ ժանրի կինոպատմություն խաղալու ունակ դերասաններ:

Դերասաններից շատերը նորահայտ են և «չփոշոտված»՝ Սամվել Թադևոսյան, Հայկ Մարգարյան, Հայկ Պետրոսյան և այլոք: Երևի հիմա իրոք այն իրավիճակն է, երբ ասմունքին սովոր դերասանները պարզապես չեն կարող բնական ապրել կադրում, և հարկավոր է գտնել նրանց, որոնց վրա դեռ չի հասցրել նստել բուհական պաթետիկ մեթոդիկայի կամ սերիալներին հատուկ ֆրագմենտացված մոտեցման փոշին (առնվազն, ոչ հաստ շերտով):

Իսկ այն դերասանները,  որոնք ծանոթ են թատրոնից ու կինոյից, իրենց մասնագիտությանը խորապես տիրապետողներ են: Ամուր ու ենթազգացմունքներով օժտված պերսոնաժներ են ստեղծել Դավիթ Հակոբյանը (թոշակի անցած դատախազի ու վարանող թոռնիկին կյանքի խիստ խրատներ տվող պապի դերում) ու Գրիգորի Հովակիմյանը (ռազմի դաշտում հայտնված հուզառատ գյումրեցի գիտակի դերում):

Այդ երկու դերասաններն էլ կրում են ամենալավ դերասանական դպրոցի՝ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի ունիվերսալ ու ճկուն դերասանների դրոշմը: Նույն թատրոնի կազմում է նաև Սամվել Թոփալյանը, շատ վառ էներգետիկայով դերասան, որի դերը «Կյանք և կռիվ» ֆիլմում դժվար հավասարակշռելի է. մի քայլ աջ կամ մի քայլ ձախ, ընկնում ես սենթիմենտալության անդունդը:

Անսպասելի բրուտալ հրամանատարի դերում է Վարդան Պետրոսյանը, ում համար սա առաջին աշխատանքն է բանտարկությունից ազատվելուց հետո:

Ընդհանրապես, կան կերպարներ, որոնք ճանաչելի ու ընդունելի են բոլոր ժամանակներում: Ֆիլմի կերպարներից շատերը ընկալելի են թե՛ 1990-ականներին, թե՛ այսօր:

Ֆիլմի որոշ դրվագներ բեմականացված են այնպես, որպեսզի ապահովեն ինտրիգն ու էքշընը (ասենք, պատանդների ազատման ու պաշարման տեսարանում), և անգամ այդ դրվագի չափազանցումները խանգարող չեն, քանի որ պահպանված է ճիշտ կառուցվածքը: Կա դավաճան, բայց նա հիմնավորում ունի: Եվ այդ հիմնավորւմը կեղծ չէ, մանկությունից է ձգվում:

Շատ ավելի արժեքավոր են այն դրվագները, որտեղ երիտասարդները, հատկապես գլխավոր հերոսը՝ լեզուներ ուսումնասիրող, գյուղում ուսուցիչ աշխատող ու ինքն իրեն վերագտնելու նպատակով կամավոր ռազմաճակատում կռվող Տիգրանը (Սամվել Թադևոսյան) փորձում են մտովի հարցնել իրենք իրենց՝ կա՞նք, թե չկա՞նք...

Եվ ի՞նչ անենք, որպեսզի մեզ պետքական զգանք: Պետքական թե՛ այս արյունալի ժամանակներում, թե՛ խաղաղ կյանքի պայմաններում:

Սա այն հարցն է, որի պատասխանին սպասելով արդեն մի նոր սերունդ է հասակ առել անկախ Հայաստանում: Այդ ցավոտ հարը այսօրվա 20-ամյա երիտասարդները ժառանգել են իրենց ծնողներից: Հա՛րցն են ժառանգել, ոչ թե պատասխանը:

Անպատասխան այդ հարցերը իրականում շատ են խանգարում կյանքը կառուցելուն ու ըմբոշխնելուն, թեկուզ միայն այն պատճառով, որ ամեն վայրկյան դրդում են կռվել:

Հետաքրքիր է, որ «Կյանք և կռիվ» ֆիիլմը այդ մասին էլ է ակնարկում: Միգուցե ոչ միտումնավոր, բայց ֆիլմը լիցքավորում է ոչ միայն մելոդրամատիկ գրագետ պատմության շնորհիվ, այլև իր արդիականությամբ: Ի վերջո, որոնող ու ազնիվ կերպարները առաջինն են իրենց վրա ընդունում հարց ձևակերպելու հարվածը: Երբեմն նույնիսկ կյանքի գնով:

«Կյանք ու կռիվ» ֆիլմի բյուջեն կազմել է 150 մլն դրամ, գումարի մեծ մասը ներդրել է ֆիլմարտադրող «Շարմ հոլդինգը», ֆինանսական աջակցություն են ցուցաբերել տարբեր մասնավոր խոշոր ընկերություններ: Որպես խորհրդատու հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որը մարտական տեսարանների նկարահանման համար տրամադրել է համազգեստ և զինտեխնիկա: Ֆիլմի բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեքի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը:

Ֆիլմն ավարտվում է Շուշիի ազատագրումով: Հաղթանակի վավերագրական կադրեր են, իսկ ծանր վիրավոր գլխավոր հերոսը փակում է աչքերը: Երիտասարդությունը ավարտվում է, իսկ կյանքը ... դեռ անհայտ է:

«Շարմ հոլդինգը» նախատեսում է նկարահանել ֆիլմի շարունակությունը: Նույն հերոսներին կհանդիպենք  25 տարվա հեռավորությունից, արդեն մեր օրերում: Դժվար է ասել, թե ինչի նման կլինի հաջորդ ֆիլմը (երկրորդը միշտ ավելի դժվար է, քան առաջինը):

«Կյանք ու կռիվ» ֆիլմը ինքնին արդեն ամբողջական մի պատմություն է, որը կարելի է շարունակել, բայց կարելի է և չշարունակել:

Ֆիլմն արդեն հասանելի է համացանցում (28.01.2017):

Մեկնաբանություններ (2)

Զառա
Այս վերլուծության հետ ավելի համամիտ եմ :)
Անահիտ
լավ ֆիլմա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter