ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Բժշկուհու ձախողված բիզնեսը և չվերադարձրած պարտքի դիմաց խոստացված պանելները



Շվեդիայում բնակվող Կարեն Ներսեսյանը չի կարողանում հետ ստանալ իր վաղեմի ծանոթ Մարինե Օսիկյանին տված 5000 եվրոն:

Կարեն Ներսիսյանը պատմում է, որ 2014թ. գարնանը ընտանիքի հետ մեկնել է Հայաստանից և բնակություն հաստատել Շվեդիայում: Հունիս ամսին զանգահարել է իր ծանոթ Մարինե Օսիկյանին, որպեսզի հարցնի ծանոթ նոտար ունենալու մասին: Խոսակցության ժամանակ Մարինեն խնդրել է 4500 եվրո գումար տրամադրել պարտքով և խոստացել 2 ամսում հետ վերադարձնել այն: Կարենը չի մերժել Մարինեի խնդրանքը, և իր հարևանին՝ փաստաբան Արմեն Բաղդասարյանին խնդրել է իր հաշվեհամարից հանել այդ գումարը և փոխանցել Մարինե Օսիկյանին: Կարեն Ներսեսյանի խնդրանքը հարևանը կատարել է: 25 օր անց Մարինե Օսիկյանը ևս 500 եվրո է խնդրել:

«Ես զանգահարեցի նույն ընկերոջս ու նրան խնդրեցի Մարինեին տալ այդ 500 եվրոն: Ասացի, որ Մարինեն իմ վաղեմի ծանոթն է, շատ վստահելի ու պարկեշտ անձնավորություն է: Արմենն էլ դեռ առաջին անգամ հարցրել էր, թե՝ բա ստացական կամ մի թուղթ չվերցնեմ, ասել էի՝ պետք չէ, առանց մտավախության տուր այդ գումարը: 500 եվրոն հարևանս իր անձնական գումարներից էր տվել»,- պատմում է Կարեն Ներսեսյանը:

Սակայն երկու տարի է՝ Մարինե Օսիկյանը գումարը հետ չի վերադարձրել: Չի պատասխանում Կարեն Ներսեսյանի զանգերին:

Այս տարվա օգոստոսին Կարեն Ներսեսյանը դիմել է ոստիկանություն: Հայտնել է, որ Մարինե Օսիկյանը, օգտնվելով իր նկատմամբ ունեցած վստահությունից, ցանկանում է հափշտակել պարտքով վերցրած գումարը: Ոստիկանության կենտրոնական բաժնի տարածքում «խարդախության» հիմքով նյութեր են նախապատրաստվել: Սակայն քրեական գործ հարուցել ոստիկանությունը մերժել է:

Մարինե Օսիկյանը բժշիշկ է, Կ.Եսայանի անվան պոլիկլինիկայի փոխտնօրենն է:

Նա ոստիկանությանը բացատրություն տալիս ասել է, որ գումարը ոչ թե պարտքով է վերցրել, այլ Կարեն Ներսիսյանի հետ պայմանավորվել է հավաքովի պանելներ գնել տուն կառուցելու, հետագայում նաև վաճառելու նպատակով, իսկ վաճառքից ստացված գումարները պետք է բաժանեին երկուսի միջև: Այլ կերպ ասած՝ համատեղ բիզնեսի համար Կարենին խնդրել է գումար ներդնել:

«Այնուհետև Կարենի հետ տարաձայնություններ եղան, և ես չկարողացա այդ գործն ավարտին հասցնել,- բացատրության մեջ գրել է Մարինե Օսիկյանը,-Արմեն Բաղդասարյանին և Կարեն Ներսեսյանին շատ անգամներ ասել եմ, որ վաճառեք պանելները և գումարը տոկոսներով վերցրեք»:

Կարեն Ներսեսյանը հերքում է համատեղ բիզնեսի և որևէ գործում իր գումարները ներդնելու որևէ պայմանավորվածություն: Ասում է, որ ինքն ընդամենը ցանկացել է օգնել իր վաղեմի ծանոթին և պարտքով գումար է տրամադրել: Թե ինչ նպատակներով է այդ գումարն օգտագործել Մարինե Օսիկյանը, ինքը տեղյակ չէ: Կարեն Ներսեսյանը Մարինե Օսիկյանի հարազատների հետ հեռախոսազրույցներում էլ խնդրել է վերադարձնել գումարները, սակայն դա էլ արդյուք չի տվել:

Պոլիկլինիկայի փոխտնօերնի՝  ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը, ըստ Արմեն Բաղդասարյանի, որևէ կերպ նյութերով չի հիմնավորվել: Որտեղ, ինչ տների կառուցմամբ էր զբաղվում բժշկուհին և ինչպես պետք է վաճառեր և եկամուտն էլ բաժաներ, չի հիմնավորված: Այդ բոլոր գործողությունների համար անհրաժեշտ է գործող հարկային մարմիններում գրանցված  ձեռնարկություն, հաշվապահություն, հատուկ մասնագիտական թույլտվություններ, որոնց առկայությունը նյութերի նախապատրաստման փուլում չի ստուգվել: Փոխարենը հիմք են ընդունվել Մարինե Օսիկյանի բացատրությունները:

Լրացուցիչ բացատրությունում Մարինե Օսիկյանը նշել է, որ պանելները list.am-ի միջոցով վաճառքի է հանել, սակայն գինը գնորդները ցածր գին են առաջարկում: Պանելների վաճառքի հարցում խնդրել է օգնել նաև Արմեն Բաղդասարյանին, սակայն վերջինիս ուղարկած գնորդները ևս չեն ցանկացել գնել դրանք: Մարինե Օսիկյանը հայտնել է, որ չի ցանկացել խաբել Կարենին և չվերադարձնել նրանից ստացած գումարները, և պանելները վաճառելուց հետո գումարները հետ կվերադարձվեն Կարեն Ներսեսյանին: «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել»,- օգոստոսին տված բացատրության մեջ գրել է Մարինե Օսիկյանը:

Պանելները, ըստ նրա բացատրության, գտնվում են Կոտայքի մարզում՝ ամայի դաշտում: Դրանք վաճառելու և գումարը վերցնելու իրենց առաջարկություն է արել Մարինե Օսիկյանը պարտատուներին: Սակայն վերջիններս պնդում են, որ պանել չեն պարտքով տվել, որ պանել հետ վերցնեն:

list.am-ում այս պահին դեռևս պահպանված է Մարինե Օսիկյանի հայտարարությունը: Պանելների վաճառքի հայտարարությունը տեղադրված է դեռևս 2014թ. հոկտեմբերից: Պանելների արժեքը 4800 դոլար է: 144 քմ հավաքովի պանելներով, ըստ հայտարարության, կարելի է 2 տուն հավաքել:

Այդուհանդերձ, Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը որոշել է մերժել նյութերով քրեական գործ հարուցելը: Նա հիմնավորել է, որ Մարինե Օսիկյանի արարքում բացակայում են ՔՕ 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, այն է՝ խարդախությունը, քանի որ կողմերի միջև առկա ֆինանսական վեճը վերաբերում է մասնավոր իրավունքի տիրույթին, կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման օրենքով սահմանված դատական կարգով:

Գործը այսպիսի ընթացք ստանալու հարցում, Կարեն Ներսեսյանի կարծիքով, մեծ դեր է խաղացել Մարինե Օսիկյանի եղբայրը՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը: Արմեն Բաղդասարյանը, սակայն, բողոքարկել է քրեական գործ չհարուցելու ոստիկանության որոշումը:

Մարինե Օսիկյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Վերջինս նշեց, որ ցանկանում է զրուցել Արմեն Բաղդասարյանի հետ, որից հետո կկապվի մեզ հետ և կպատմի եղելությունը: Նա խոստացել էր զանգահարել մինչև կիրակի՝ հոկտեմբերի 2-ը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ