Կիրակի, 23 սեպտեմբերի

Ոչ ոք չի ուզում «Կորեայի ձորի» սատկած ձկների հետքերով գնալ



Այս տարվա հուլիսին Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում ձկների զանգվածային սատկելու դեպքի պատճառներն այդպես էլ մնացել են չբացահայտված, մեղավորները՝ նույնպես:

Հիշեցնենք, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ գետի նշված հատվածում կան բազմաթիվ սատկած ձկներ։ Ահազանգը փոխանցվել էր Բնապահպանության նախարարություն՝ ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Ահազանգից հետո նախարարության Բնապահպանական տեսչության աշխատակիցները մեկնել էին դեպքի վայր, իրականացրել ջրի հետազոտություն եւ սատկած ձկան նմուշառում, որն ուղարկվել էր սննդի անվտանգության պետական ծառայություն:

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ «Հետք»-ի՝ հուլիսին արված հարցմանն ի պատասխան, սեպտեմբերի 9-ին Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ հուլիսի 4-ին Հրազդան գետի ջրի ֆիզիկա-քիմիական բաղադրության ճշտման նպատակով նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիայի կողմից ձկների անկման վայրից վերցված ջրի նմուշներում հայտնաբերվել է ակտիվ քլորի բարձր քանակություն, ինչը կարող էր հանդիսանալ ձկների անկման պատճառ: Սակայն, «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հանձնված սատկած ձկների ուսումնասիրություն լաբորատորիայի կողմից չի իրականացվել` փորձանմուշների նեխած լինելու պատճառով: Բնապահպանության նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքները հանձնվել են ոստիկանության Արաբկիրի բաժին»,-նշված էր նախարարության պատասխանի մեջ:

Մեր հաջորդ հարցումնն ուղղված էր արդեն ոստիկանությանը: «Հետքի» հարցմանն ի պատասխան, ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին ոստիկանությունը ստացել է ՍԱՊԾ եւ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունից գրություն առ այն, որ ձկների նմուշները կիսանեխած, տիղմոտ ու ցեխոտ լինելու պատճառով հնարավոր չի եղել փորձաքննության ենթարկել, իսկ ջրերի նմուշներում առկա է եղել ակտիվ քլոր, ինչը եւ կարող էր պատճառ հանդիսանալ ձկների անկման։

Ոստիկանությունը պարզաբանում է. նկատի ունենալով, որ որեւէ հանցագործության կամ զանցանքի հատկանիշ չի հայտնաբերվել, 2016 թ. հուլիսի 25-ին նախապատրաստված նյութերով կազմվել է համապատասխան եզրակացություն եւ կցվել բաժնի 2-րդ մատյանին առընթեր թղթապանակին։

Ուշագրավ է, որ, իրավապահ մարմիններն արձանագրել են 100 հատ մասսայական ոչնչացված ձուկ։ Այս թիվը չի համապատասխանում ՀԲՃ-ի հայտարարած թվին, այն է՝ առնվազն մի քանի հարյուր:

Մեկ ձկան ոչնչացման հետեւանքով բնությանը պատճառված վնասի չափը, համաձայն 2005 թվականի մայիսի 3-ին ընդունված «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին  պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի (գ) կետի՝ կազմում է 1000 դրամ գումար: Տվյալ դեպքում, ըստ ոստիկանության, բնությանը պատճառվել է մոտ 100 հազար դրամի նյութական վնաս՝ նշելով, որ ձկների որոշակի քանակություն գետի հոսքը տարել է։

Հրազդան գետում ջրի մեջ քլորի առկայության պատճառները  կառույցներից որեւէ մեկը չի բացահայտել: Նման գործառույթ որեւէ մարմին իրեն չի վերապահել:

«Կորեայի ձոր» կոչվող տարածքում սա ձկների անկման առաջին դեպքը չէ: Հրազդանի կիրճում գործող ռեստորանների, արտադրական օբյեկտների հարակից տարածքներում վերջին 6-7 տարիներին բազմաթիվ նման դեպքեր են գրանցվել: Որեւէ դեպքում մեղավորները չեն հայտնաբերվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ