HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրացական երազանք»-ի իրական երազանքը

2016 թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգաբնակչությունն ընտրելու է երկրի նոր խորհրդարանը, և, բնականաբար, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ հանրության առանձին խմբեր, նախքան առաջադրված քաղաքական ուժերի և թեկնածուների՝ ապագայի խոստումների մասին տարածած թեզիսների ընթերցումը, հայացքով հետ են շրջվելու և ամփոփելու են վերջին 4 տարիներին երկիրը ղեկավարած «Վրացական երազանքի» ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև համեմատականեր են անցկացվելու այս և 2012 թ. նախորդող շրջանի Վրաստանի իշխանությունների իրականացրած ծրագրերի միջև: Ներկա ջրբաժան ժամանակահատվածում ՀՀ-ի և ընդհանրապես հայության համար, բնականաբար, առաջնահերթ հետաքրքրություն են ներկայացնում Վրաստանում և հատկապես Ջավախքում ապրող հայության խնդիրները: Ինչու՞ հատկապես: Կարծում ենք արդեն միայն դպրոցականի համար բացատրվելիք այս հարցը լայն հանրության համար չունի այլևս լրացուցիչ ներկայացման կարիք:      

Մեր այցելությունները Ջավախքի տարբեր շրջաներ, զրույցները տարբեր շրջանակների հետ, ինչպես նաև առկա փաստերի համադրումը հիմնովին հօդս են ցնդեցնում տարածված այն մոտեցումները, թե «Վրացական երազանքի» կառավարման 4 տարիները կտրուկ տարբերվել են սահակաշվիլիական տխրահռչակ 9-10 տարիներից և բարօրություն են բերել ջավախքահայությանը: Համակողմանիորեն քննարկենք մի շարք գլոբալ խնդիրներ:

Իշխանական թևի ներկա հայ և վրացի քարոզիչները խոսում են գյուղոլորտին, ճանապարհաշինությանը, ենթակառույցներին և այլ ոլորտներին առնչվող բազմապիսի իրականացրած և իրականացվելիք ծրագրերի մասին: Բերում են թվեր, էլի թվեր ու այս ամենը ժողովրդական հերոսի կեցվածքով ելույթներում և հանդիպումներում ներկայացնում ջավախքահայությանը: Գիտեք՝ մի պահ տպավորություն է ստեղծվում, թե Վրաստանն ապաստան է տվել պատերազմներից կամ այլ աղետներից մազապուրծ ասիական ինչ-որ ցեղի և վերջիններիս հենց այնպես, որպես հումանիստական տիեզերական քայլ, նվեր է մատուցել այս ամենը: Վրաստանի քաղաքացի հանդիսացող, միլիոնավոր դոլարներ հարկ վճարող, ավելին՝ ՌԴ-ից ու այլ երկրներից տասնյակ միլիոնավոր դոլարներ երկիր բերող, երկրի գյուղմթերքների հիմնական արտադրող ջավախքահայության շրջանում իսկ ինչու՞ չպետք է իրականացվեին նման ծրագրեր: Թե՞ պետք է խոստովանենք՝ Ջավախքը մշտապես օտարացած, վրացական պետական ծրագրերից դուրս էր, և հիմա այդ ծրագրերը տարածելը Ջավախքի վրա համարվում է շրջադարձային իրադարձություն: Ընդդիմախոսներն այստեղ կհակադարձեն՝ ծրագրեր են, իրականացվել են, նորմալ և ընդունված երևույթ է, որ նախընտրական շրջանում պրոպագանդվի: Համաձայն ենք: Բայց միթե՞ ջավախքահայության ցավոտ կողմը դա է, միթե՞ խնդիրներից առաջնահերթը այդ սոցիալ-տնտեսական կոչվածն է, որը, ինչպես վրացի ու վրացական դհոլի տակ պարող հայ գործիչները կասեին, աշխարհի ամեն անկյունում էլ կա: Վրաստանի իշխանությունները, մոլորության մեջ դնելով ինչպես ՀՀ շատ գործիչների, այնպես էլ միջազգային լայն հանրությանը՝ փորձում են Ջավախքում առկա քաղաքական-ազգային հիմնահարցը ներկայացնել պարզունակ լույսի ներքո՝ որպես սոցիալ-տնտեսական, դրանով ստեղծելով խիստ վտանգավոր իրադրություն: Այստեղ վրացական կողմը խստագույնս նմանվում է Մ.Ս. Գորբաչովին և այդ շրջանի գործիչներին, ովքեր, փորձելով հայտնի կենդանու տեղը դնել կամ իրենց, կամ լայն հանրությանը, փորձում էին նույն վրացական-աբխազական-օսական, արցախյան, Ադրբեջանական ԽՍՀ տարբեր վայրերում ապրող հայության շրջանում ընթացող, մերձդնեստրյան և այլ գործընթացներ ներկայացնել որպես սոցիալ-տնտեսական կամ մանր խուլիգանական հարցեր և գործում էին ըստ այդմ՝ գործի դնելով, օրինակ, արցախահայությանը տնտեսապես կշտացնելու կամ ուժային մեթոդներով սանձելու տեխնոլոգիան: Կրկին դպրոցականին պետք է բացատրել, թե ինչի հանգեցրեց այդ տխրահռչակ վարքագիծը: Հիմա՝ ջավախքում առկա և քաղաքական դրդապատճառից ծնված ազգային-կրթական-մշակութային հիմանական հարցը միթե՞ կարելի է լուծել, օրինակ, մի մութ փողոց լուսավորելով, մի մայթ վերանորոգելով կամ մի գյուղի գերեզմանատան ճանապարհ խճապատելով (Ախալցխայի Սբ. Նշան բռնազավթված եկեղեցին ևս, փոխանակ իրական տերերին վերադարձնելու, նախընտրական վերջին օրերին լույսերով շրջապատվեց): Պարզորոշ է՝ ոչ:

Իսկ ի՞նչ է նշանակում ազգային-քաղաքական հիմնահարց: Շատ պարզ բացատրություն. ջավախքցին ուզում է հայրենի հողի վրա ապրել արժանապատվորեն, ուզում է մայրենի լեզվով գիրք կարդալ, ուզում է, որ այդ մայրենիով գիրք կարդան նաև իր սերունդները, ուզում է հայրենի գյուղի գյուղապետ, դպրոցի տնօրեն կամ շրջանային մակարդակի որևէ հաստատությունում աշխատանքի անցնել: Կամ, ավելի պարզ՝ ջավախքցին ուզում է ապրել որպես հայ՝ բառի ողջ փիլիսոփայությամբ: Ուզում է, բայց չի կարողանում: Ահա հիմնահարցը: Ընդդիմախոսները կասեն՝ իսկ ո՞վ է խանգարում, թող պետական լեզվին՝ վրացերենին տիրատեպեն, ուզածդ տեղը կարող են աշխատել: Լավ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ միջազգային կոչված պարտավորություններով Վրաստանը պետք է տարածաշրջանային լեզվին՝ հայերենին շնորհի իրավական կարգավիճակ (միջազգային այդ փաստաթղթի չվավերացումը բնավ չի ազատում Վրաստանին մեղքի բաժնից), ինչն էլ պահանջում է ջավախքահայությունը: Սակայն ներկա դաժան հանգամանքներում արդյո՞ք ջավախքահայությունը կորոշի տիրապետել վրացերենին: Ինչու՞ դաժան: Բացատրենք: Վրացական սահմանները սահակաշվիլիական տարիներից սկսյալ մինչ օրս փակ են ոչ միայն անգամ մայրենի լեզու և գրականություն դասագրքերի, այլև՝ բոլոր տեսակի հայատառ գրականության առջև, և սահմանային անցակետերում ուղևորների ձեռքից խլվում են ամեն տեսակի գիրք, լրագիր կամ վրան մաշտոցյան տառ պարունակող ցանկացած այլ իր: Եվ այս դաժան պատկերը լուսավոր մեր դարում ոչ միայն չի վերանում, այլ, ինչպես մեր վերադարձին նշեց մեր վարորդը՝ «սահմանին ամեն օր գայկան մի պտույտով սեղմում են»:

Փաստենք, որ արդեն 3-րդ ուսումնական տարին է, ինչ ՀՀ սփյուռքի նախարարությունը ի զորու չէ Ջավախքի շուրջ 13.000 աշակերտներին գոնե մեկ դասագիրք հասցնել: Հրանուշ Հակոբյանի անցյալ տարվա հերոսական փորձը՝ ՀՀ նախագահի ինքնաթիռով երկնքից անցկացնել որոշ քանակի դասագիրք և ուղարկել Ջավախք, կրկին չօգնեց, քանի որ նախկին ԽՍՀՄ ՆԳ Ժողկոմի կազմում ստեղծված «Եռյակի» կանոնններով գործող վրացական հատուկ ծառայությունները և վերջիններիս կամակատար (ճարահատյալ կամ հաճույքով) ժողկրթբաժնի ներկայացուցիչներն ինչպես ստացել էին, այդպես էլ դրանք հետ ուղարկեցին: Պաշտոնական պատճառը՝ իբր դասագրքերի՝ ծրագրերին անհամապատասխանությունն էր: Իրական պատճառը….  Ստորև կներկայացնենք: Այստեղ չենք կարող չգնահատել Սփյուռքի նախարարի արդարամիտ քայլը. նա 40.000 դրամ էլ, հաճույքով Ջավախք այցելելու ցանկություն էլ ուներ, սակայն 2016 թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցած Ջիվանիական օրվա տոնակատարության շրջանակներում  չայցելեց Ջավախք: Չայցելեց և անխնա քննադատվեց: Չայցելեց, քանի որ պարզապես չէր կարող նայել ջավախքահայության, տեղի ուսուցիչների ու այն բազմահազար մանուկների աչքերին, որոնց արդեն երրորդ տարին է, ինչ չի կարող գեթ մի դասագիրք հասցնել: Ամաչեց և չայցելեց: Չէր էլ կարող բացատրել, որ ինքը վերջապես նախարար է, ավելին՝ կին է և չի կարող շատերի պես գրքերը թաքցնել ներքնաշորերի մեջ և անցնել սահմանը: Հավելենք, որ նախարարն անգամ այդ դեպքում չէր կարող մի քանի գիրք հասցնել աշակերտներին, քանի որ, որպես կանոն, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Ջավախքում «օկուպացվում» կամ «գերեվարվում» են վրացական ՆԳ «ժողկոմատի» աշխատակիցների կողմից և գործնականում մեր պաշտոնյաները շփվում են ոչ թե ջավախքահայության, այլ «հատուկ» մարդկանց հետ:    

Այսքանից հետո՝ միայն հայտնի կենդանին և մեկ էլ հարցից անտեղյակ կամ սեփական շահերից ելնելով իրենց նույն կենդանու տեղը դրած հայազգի որոշ գործիչներ չեն հասկանա, որ ջավախքահայության գլխին դամոկլյան սրի նման կախված է ձուլման իրական վտանգ: Ավելին՝ վրացական ՆԳ «ժողկոմատը» վաղուց արդեն կիրառում է ձուլման դաժան մեխանիզմներ և, եթե սեփական կաշվի պահանջներով առաջնորդվողները փորձում են ծածկել, ապա ժողովրդին չես խաբի: Ահա քաղաքամերձ գյուղերից մեկի ուսուցչի խոսքերը. «Բալա ջան, ինչ կհարցնես, մեզնեն կուզեն վրացի ստանալ… Ի՞նչխ սորվինք էդ լիզուն, երբ որ մեզի օրը ցերեկով սահմանին պատվազրկենկը, Հայաստանից բերված գրքերը խլենկը, գիրք բերող մեր տղոցը, ուսանողնուն, ով որ մի քիչ սահմանին դիմակայեկը, ցկենկը սև ցուցակներն ու հետապնդենկը…»: Նույնաբովանդակ արտահայտություններ կարող ես լսել գրեթե ամեն քայլափոխի, յուրաքանչյուր ջավախքցուց: Ինչպես հնուց է ասված՝ «ձայն բազմաց, ձայն աստծո»: 

Այն որ, ինչպես Սահակաշվիլու, այնպես էլ «Վրացական երազանքի» երազանքն է ջավախքահայությունից ստանալ 150.000 քանակությամբ թարմ, ինտելեկտուալ ու հայկական հզոր գենեորով վրացական զանգված, արդեն պարզորոշ հայտարարում են «Վրացական երազանքի» ճարտարապետները: Ախալցխայում Բ. Իվանիշվիլու ցնցող հայտարարությունը, այն է՝ Ջավախքում հայությունն ինքն է մեղավոր, քանի որ չի ձուլվում, ցանկացած այլ երկրի պարագայում կառաջացներ իրական սկանդալ (գոնե ԶԼՄ-ների մակարդակով), իսկ ահա Ջավախքի պարագայում քար լռություն: Միայն մի քանի ջավախքահայ գործիչներ եկան Երևան, հանդիպեցին արտգործնախարարի տեղակալ Շ. Քոչարյանի հետ, հորդորեցին, որ գոնե բացատրություն պահանջվի պաշտոնական ձևով և…  վերջ (իմաստ կա՞, արդյոք, խոսելու Վրաստանում ՀՀ դեսպանության կամ չեմպիոն-դեսպանի մասին): Հավելենք, որ Ջավախքի ՀԿ սեկտորի խորհրդի պահանջով վրացական կողմն այդպես էլ չբարեհաճեց մեկնաբանել Բ. Իվանիշվիլու կողմից այդ եզրույթի օգտագործման փաստը: «Վրացական երազանքից» առաջադրված թեկնածու Ռ. Պողոսյանը, հայկական ԶԼՄ-ներին տալով խայտառակ մի հարցազրույց և փորձելով սվաղել սեփական կուսակցության հակահայ բոլոր գործողությունները՝ փորձեց նաև դառնալ Բ. Իվանիշվիլու փաստաբանը և ասել, որ վերջինս ի նկատի ուներ ինտեգրումը, ոչ թե ձուլումը: Նույն կերպ վարվեց նաև Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունների մոլի կամակատար, մի ժամանակ Սահակաշվիլու թևի տակ պարող, իսկ այժմ «Վրացական երազանքի» առաջնորդների փափուկ մասերում հարմար տեղավորված, ջավախքահայության շրջանում վաղուց մերժված Վան Բայբուրդը: Թբիլիսյան այս և այլ գործիչների նման գործելաոճը ևս ի ավելորդ անգամ ապացուցում է ջավախքահայության՝ ինքնավարության պահանջների արդարացիությունը, և թբիլիսյան այս խեղկատակները, ովքեր կամ անտեղյակորեն, կամ ստորաբար խեղաթյուրում են Ջավախքում առկա իրողությունները, այլևս չպետք է հնչեցնեն հայաբնակ այս տարածաշրջանի անունն անգամ:

Ի դեպ, ջավախքահայությանն ինտեգրելու նպատակով Վրաստանի համապատասխան նախարարությունները մշակել կայքէջերում տեղադրել են 5-7 տարվա ռազմավարական գործողությունների նախագիծ, որի համաձայն՝ հարյուրավոր ծրագրեր և միլիոնավոր դոլարներ են նախատեսվում նշյալ ժամանակահատվածի համար, որոնց իրականացումով պետք է զարկ տրվի վրաց լեզվի և մշակույթի տարածումը Ջավախքում: Շատերը մակերեսային դատողությամբ օրինակ են բերում այլ երկրներ, թե ինչպես կարելի է, օրինակ, ապրել Ռուսաստանում կամ Իրանում և ռուսերեն կամ պարսկերեն չիմանալ, այո, անհնար է, քանի որ ռուսական կամ պարսկական միջավայրը չի յուրացնում հայոց վանքերն ու եկեղեցիները, հայոց նախնյաց ոսկորները պոլիէթիլենային պարկերով չի լցնում աղբանոց (տե՛ս այս օրերի ամենաթարմ օրինակը՝ Ջավախքի Գումբուրդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու հարակից տարածքի հայոց հնագույն գերեզմանոցից պեղված ոսկորների ճակատագիրը, էլ չենք խոսում ավերված, իմա՝ այլանդակված Խոջիվանքի կամ այլ հարյուրավոր վայրերի մասին), ի վերջո՝ Ռուսաստանի կամ Իրանի սահմանին գազանաբար չեն առգրավվում հայերեն գրքերը: Ահա այս միջավայրերում, որտեղ ոչ միայն վտանգ չկա հայկական դիմագծի կորստյան (իսկ եթե կա, օրինակ, Ռուսաստանում, ապա դա բոլորովին այլ իրողություն է), ոչ միայն չի մերժվում, այլև հակառակը, պետական լեզուն դիտվում է որպես քաղաքակրթական արժեք, հայության զարգացման և իրական ինտեգրման լրացուցիչ խթան: Հավելենք նաև, որ Ադրբեջանից հետո Վրաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ արգելված է հայատառ գրքի տեղափոխումը: Անգամ թշնամական Թուրքայի սահմաններին չկա նման երևույթ, և շատ գործիչներ համշենահայության համար անարգել տեղափոխում են հայերեն գրականություն: Զավեշտական է նաև այս պարագան. քանի որ դեպի Արևմտյան Հայաստան ճանապարհն անցնում է Ջավախքով, վրացական հատուկ ծառայությունները, վախենալով որ նշյալ գրականությունը ուղևորները կարող են հանկարծ թողնել Ջավախքում, առաջին անցակետում (Բավրա-Նինոծմինդա) այդ գրքերն ու թերթերն ամբողջովին կնքում են՝ վստահ լինելու համար, որ դրանք միայն կբացվեն միայն վրաց-թուրքական մյուս անցակետերում:

Եթե վրացական իշխանությունների իրական նպատակը լիներ վրացերենի ուսուցանումը, ապա վերջիններս տասնամյակներ շարունակ չէին մերժի հայ-վրացական պետական բարձրակարգ բուհի հիմնման պահանջը, որը դրել է ջավախքահայությունը Վրաստանի և ՀՀ կառավարություների առջև: Պարզորոշ է, որ այդ բուհում հնարավոր կլիներ ուսուցանել և՛ խորը մասնագիտական առարկաներ (հայերենով), և՛ խորացված ուսումնասիրել վրացերենը: Արդյունքում՝ բազմահազար ջավախքահայ ուսանողության մեծ մասը կմնար հայրենիքում, կտիրապետեր պետական լեզվին և կունենար աշխատանք: Այսինքն՝ կարելի էր ինչ-որ հաջողության հասնել անգամ առանց հարցի գլոբալ կարգավորման, այն է՝ եվրոպական փաստաթղթերի վավերացման և հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհման: Սակայն այստեղ կառաջանա մեկ բայց. նշյալ ուսանողությունը, ինտեգրվելով հանդերձ, չի ձուլվի, հայ կմնա, երիտասարդությունը չի արտագաղթի, Ջավախքը կզարգանա, ինչն էլ բնականաբար, անհանդուրժելի է որոշ իշխանությունների համար: 

Վրացական իշխանությունների վերոնշյալ քայլերը լիարժեքորեն բացահայտում, գաղտնազերծում կամ քողազերծում են իրական նպատակերը, այն, որ վերջիններս ոչ թե ցանկանում են ջավախքահայությանն ուսուցանել պետական լեզուն, այլ՝ ազգային գիտակցության խեղման միջոցով արագընթաց կերպով ձուլել այդ ժողովրդին, և այն իրողությունը, որ Վրաստանում պետական լեզուն ուսուցանվում է բռնի, դաժան ու նվաստացուցիչ մեթոդներով, այլևս աքսիոմա է: Իսկ բնության մեջ ցանկացած բռնություն ծնում է հակազդեցություն:

Իրականում Ջավախքում վաղուց արդեն լավ են տեսել «ինտեգրացիա» կոչված այդ խաբկանքի տակ թաքնված գայլի ականջները, և «ձուլում» կոչվող այդ վայրի կենդանու առկայությունն է, որ ստիպում է դիմել բնական ինքնապաշտպանության, այն է՝ մերժել սեփական գոյությանը վտանգ սպառնացող վրացերենը, մերժել այնքան ժամանակ, քանի դեռ չեն խորտակվել հայոց լեզուն ու սեփական ինքնությունը սահմանափակող շղթաները՝ լինեն դրանք օրենքներ, սահմանային կամ այլ հատուկ ծառայություններ կամ թբիլիսյան ցինիկ հայտարարություններ: Հետևաբար՝ ներկա պայմաններում վրացերենի չյուրացումը կամ մերժումը ջավախքահայության գոյության հիմնաքարն է, հայ մնալու միակ և լավագույն երաշխիքը, նաև՝ վրացական զազրելի քայլերի ամենաադեկվատ պատասխանը: Այս իրողությունը նաև բնական օրինաչափություն է, քանի որ ջավախքահայության հիշողություններում դեռ թարմ են Վրաստանի տարբեր մարզերում ոչ վաղ անցյալում հայության շրջանակներում տեղի ունեցած սպիտակ ջարդերը, որոնց արդյունքում ստեղծվեցին հայկական արմատներով Սահակաշվիլիներ ու Մերաբիշվիլիներ, Ղարիբաշվիլիներ ու Օքրոաշվիլիներ: Ջավախքահայությունը լավ գիտի հարևան Բորժոմի և այլ շրջաններում սեփական հարազատների շրջանում առկա զզվելի գործընթացների մասին,  գործընթացներ, որոնց միջոցով հայության պապենական ազգանուններին ավելացվում է «ինտեգրացիայի» արգասիքը՝ «շվիլին»: Այսքանից հետո՝ հայկական շրջանակների համար միթե՞ պարզորոշ չէ, որ վրացերենը յուրացնել - չյուրացնելու մեջ թաքնված է մի ողջ գործընթաց, մի ողջ արժեհամակարգի, ժողովրդի, հայրենիքի լինել – չլինելու հարց…

Իրականում «Վրացական երազանքն» իր գործելաոճով չի տարբերվում Սահակաշվիլի կոչված երևույթից. հայությանն ուծացնելու գործընթացում ոչ միայն չեն փոխվել  մեթոդները, այլև դրանք առավել կատարելագործվել են, դարձել բազմազան, երբեմն ստացել «փափուկ ուժի» քաղաքականության տեսք (տե՛ս Սահակաշվիլիական շրջանի քաղբանտարկյալներից ոմանց ազատ արձակումը և այլն):

«Վրացական երազանքի» կառավարման տարիներին խորացան և առավել բացահայտ դարձան Մ. Սահակաշվիլի-Վ. Մերաբիշվիլի զույգի կողմից սկզբնավորված կամ սահուն ռելսերի վրա դրված մի շարք չարաբաստիկ իրողություններ: Դասագրքերի պարագան արդեն նշեցինք (ի դեպ, Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից այս փաստը որակվեց որպես աննախադեպ՝ Ջավախքի հետխորհրդային ողջ պատմության ընթացքում), օր-օրի վրա ավելանում է հայազգի գործիչների այն թվաքանակը, որոնց մուտքը արգելվում է Վրաստան և դա ակնհայտորեն կապված է վերջիններիս գործունեության հետ: Վերջին շրջանում արդեն բացահայտորեն արգելում են Վրաստան մտնել նաև հայտնի լրագրողների: «Վրացական երազանքի» կառավարման շրջանում էր, որ ընդունվեց և դեռ մինչ օրս հետ չի կանչվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց կացության վերաբերյալ տխրահռչակ այն օրենքը, որը վտանգի տակ դրեց այլ երկրի քաղաքացիություն ունեցող (ոչ սեփական մեղքով, այլ՝ վրացական քաղաքական ուղեգծի բերումով) տասնյակ հազարավոր ջավախքահայության՝ սեփական տանը մնալու իրավունքը: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ունենալով ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն՝ արտագնա աշխատանքի բերումով տարեկան երկիր են բերում տասնյակ միլիոնավոր դոլարներ, ոչ միայն զանգվածորեն զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից, այլև սեփական երկրում, տանը, ընտանիքի հետ երկարաժամկետ մնալու իրավունքից: Վրաստանի ղեկավարության լկտիությունը, հիրավի, անչափելի էր: Շարունակվում է Ջավախքի հայկական դպրոցներում կիրառվել ամբողջովին իրեն ձախողած երկլեզվյա (բիլինգվիստական) ուսուցման համակարգը, որի շնորհիվ, կարելի է ասել, գրեթե ամբողջովին ջախջախվեց կրթական նախկին որակյալ համակարգը, և այսօր Ջավախքի հայ դպրոցը գրեթե կանգնած է վերացման եզրին, իսկ ուսման ծարավ աշակերտները զանգվածորեն լքում են հարազատ կրթոջախները՝ տեղափոխվելով ՀՀ տարբեր վայրեր կամ Երևան: 

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զավթողական ներկայացվածությանը Վրաստանում: 2012 թ. վերջերին ու 2013 թ. սկզբներին, հենց Բ. Իվանիշվիլու իշխանության գալու առաջին ամիսներին, մենք ազգովի ոգևորվեցինք այս միլիարդատիրոջ մի քանի հայտարարություններից, որոնց համաձայն պետք է վերանայվեին շատ թուրք-ադրբեջանական նախագծեր: Եվ երբ այդ նույն դաշնազույգը սկսեց մի քիչ անհանգստանալ, ապա մեր ոգևորությունը հասավ կատարյալ վիճակի: Այդուհանդերձ, մեր շարքերում կային եզակի մարդիկ, ովքեր դառնորեն ժպտացին՝ ասելով՝ մի հավատացեք, Բ. Իվանիշվիլին բիզնեսմեն է, նա այս հայտարարություններով Թուրքիային ու Ադրբեջանին ասում է՝ այժմ երկրի տերը ես եմ, գալիս եմ, որ բոլոր փողային հարցերը կարգավորեք ինձ հետ: Ցավոք, այս մարդիկ ճիշտ էին, իսկ այս ամենին ինչպես միշտ հեռվից նայող ՀՀ իշխանական թևի պատասխանատու որոշ ներկայացուցիչներ ակամայից հայտնվեցին երջանիկ ապուշի կարգավիճակում:        

Վերադառնանք այժմ Ջավախքում իրականացվող վերոհիշյալ սոցիալ-տնտեսական ծրագրերին: Կարծում ենք՝ արդեն անգամ ավելորդ է փաստել, որ տարբեր երանգներով ներկվում է մի տուն, որը հիմքից քայքայված է և շուտով փլուզվելու է: Ջավախքում զանազան ծրագրեր իրականացնող բոլոր կառույցները, լինեն դրանք միություններ կամ հիմնադրամներ, ՀԿ-ներ կամ ՈԿԿ-ներ, պետական գերատեսչություններ և այլն, պետք է իրենց ծրագրերն առաջնահերթորեն ուղղեն ոչ թե հայության ստամոքսին, որը սեփական աշխատանքով քիչ թե շատ լցվում է, այլ ազգային դիմադրողականության ոգու բարձրացմանը, քաղաքական հարցերի լուծմանը, որոնք կնպաստեն ազգային հողի վրա հայության զարգացմանը: Այլևս բավակա՛ն է, վե՛րջ գորբաչովյան քաղաքականությանը Ջավախքում:

Պարզորոշ է, որ ծնունդով Ջավախքից բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ ու խորհրդարանականներ (խոսքը մի քանիսի մասին է, իսկ, օրինակ, Վարդան Այվազյանի նմաններին, ելնելով հայտնի իրողություններից, դժվար է ջավախքցի համարելը) շատ լավ են գիտակցում այս ամենը: Վերջիններիցս շատերն իրենց կաշվի վրա են զգացել և շարունակում են զգալ վրացական քաղաքականության ողջ փիլիսոփայությունը, այդուհանդերձ, վերջիններիցս շատերը խուլ հառաչում են, շատերն ատամները սեղմած սպասում, շատերը փորձում են համոզել  «Վրացական երազանքին»՝  հրապարակային ելույթներով գովաբանելով նրա ներկայացուցիչներին կամ վերջինիս քաղաքական գիծը (մանկական դիվանագիտություն !), ցավոք, շատ ջավախահայ հայտնիներ էլ մի տեսակ չլսելու են տալիս, երբ ներկա են լինում Ջավախքում իրականացված հերթական ստորացուցիչ քայլի մասին խոսակցությանը: Այդ տեսակը վաղուց սերտաճել է ՀՀ իշխանությունների մեջ և յուղալի պատառները չի ցանկանում թունավորել տհաճ համերով: Ցավոք, ջավախքահայության հարցերով շահագրգիռ ոչ այնքան մեծաթիվ որոշ կազմակերպությունների շրջանում էլ, ինչ-ինչ հանգամանքների բերումով (և հատկապես ՀՀ իշխանությունների հատուկ միջամտությամբ), իշխում է «բալկանիզացիան», այսինքն՝ քաղաքական մասնատվածությունը: Իսկ ՀՀ գերհարմարվող իշխանությունները, ինչպես ՀՀ ազգաբնակչությանը, այնպես էլ ջավախքահյությանը հորդորում են հարմարվել և փորձել քարշ տալ սեփական գոյությունը, մինչև… մի բան կլինի: Այդուհանդերձ, ծնունդով Ջավախքից և ՀՀ-ում բարձր դիրքեր զբաղեցնող մտավորականությունը, պետական օղակների ներկայացուցիչները և գործարար խավը կամքի և ցանկության առկայության դեպքում կարող են շատ բան փոխել: Օրինակ, տարբեր իմաստներով և ձևերով ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ Ջավախքի հանդեպ դրսևորվող այս կրավորական վարքագիծը հիմնովին խմբագրելու համար: Պետք է ի վերջո չմոռանալ, որ պատմության ու սերունդների առջև պատասխանատվության են կանչվելու բոլորը:  

Ուրախալի է, որ այս թոհուբոհի մեջ Ջավախքում ի հայտ են եկել և նորահայտ ընդդիմության դիրքերից հանդես են գալիս որոշ սրտացավ հայորդիներ: Այդուհանդերձ և ցավոք, հիմնական պայքարը թեժանում է սահակաշվիլիականների և «Վրացական երազանքի», այսինքն՝ գայլերի և գառան դիմակով գայլերի միջև, և ջավախքահայությունն ընտրություն է կատարելու վատագույնի և վատագույնի միջև: Զավեշտական է նաև, որ «Վրացական երազանքը» ներկայացնող Ջավախքի մեծամասնական թեկնածուն ևս Մ. Սահակաշվիլու ամենահավատարիմ անձն էր, ում համար գործում է «Մեռավ թագավորը, կեցցե՛ թագավորը» կարգախոսը: Խոսելով ջավախքյան տեղական պաշտոնյաների մասին, ապա պետք է փաստել, որ վերջիններիս գերակշիռ մասն իրականում երկար ժամանակ է, ինչ ստանձնել է այն նույն դերակատարումը, ինչը դեռ 18-րդ դարում ուներ հայտնի փոխարքա Գրիգորի Պոտյոմկինը: Լինելով ճարպիկ և շահամոլ գործիչ, այս անձնավորությունը Ռուսաստանին նոր միացված բոլոր այն գյուղերի խրճիթները, որտեղով 1767 թ. անցնելու էր Եկատերինա 2-րդը, ներկեց, տվեց դեկորատիվ տեսք և դրանով ստեղծեց պատրանք, թե իբր ազգաբնակչությունն ապրում է բարեկեցիկ և բախտավոր վիճակում: Ահա Ջավախքում այս նույն երևույթին ենք ականատես լինում այն ժամանակ, երբ Ջավախքի խնդրով մտահոգ մեկը այցելում է այնտեղ կամ մի որևէ լրագրող զանգում է տեղի ղեկավարներին: Արդեն վերևում բերվածից տեսանք նաև, որ փոքրիկ Պոտյոմկինիկները քիչ չեն նաև մայրաքաղաք Թբիլիսիում: Հավելենք, որ այս Պոտյոմկինիկներին, որպես օգտագործված թաշկինակ,  վրացական իշխանությունները պարբերաբար շպրտում են պատմության աղբանոցը (բոլորովին վերջերս նույնը տեղի ունեցավ որոշ «անպարտելիների» հետ):

Այսպիսով, եթե համեմատենք «Վրացական երազանքի» և Մ. Սահակաշվիլու իշխանության տարիներն իրենց բոլոր դրսևորումներով, ապա եզրակացությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Վրացական երազանքի» յուրաքանչյուր նորը շարքային ջավախքցու համար դեռ հնից և հատկապես Սահակաշվիլու տարիներից ծխացող տխրահռչակ հինն է…

Ջավախքահայությունը եթե չմերժի բոլոր այս կապիկությունները և բոլոր հակահայ ծրագրերին միասնաբար դիմակայող ուժ չդառնա, ապա գումբուրդոցի հայտնի գործիչ Պ. Աբելյանի՝ դեռ դարասկզբին պատկերավոր ասված այս խոսքերով՝ «Ջավախքի այս սերունդը վերջինը կդառնա երկրագնդի վրա…»:    

Ա. Կարախանյան

Ախալքալաք-Երևան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter