HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրան ՔԿՀ տեղափոխելու որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։

Նազարյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը դժգոհ են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի այս որոշումից։ Վարոսյանը «Հետք»-ին ասաց, որ իր պաշտպանյալը, որի մեկ թոքը հեռացված է, հաճախ է ցավեր ունենում, ջերմում, թևի թմրությունից բողոքում։

«Այսինքն՝ այս ընդհանուր իրավիճակը հաշվի առնելով է, որ մենք՝ որպես ականատեսներ, հանգել ենք այն կարծիքին, որ շատ վաղ էր՝ Սեդրակ Նազարյանին քրեկատարողական հիմնարկ տեղափոխելու որոշում կայացնելը»,- նշում է փաստաբանը։

Սեդրակ Նազարյանը նաև գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ նշելով իր գանգատները, պնդելով, որ դեռևս բուժման և ապաքինման կարիք ունի, սակայն, ինչպես նշում է փաստաբանը՝ դրա պատասխանը եղավ նրան՝«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխումը։

Փաստաբանները դեռևս քայլեր չեն ձեռնարկի Սեդրակ Նազարյանին քաղաքացիական հիվանդանոց կամ կրկին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, քանի որ սպասում են իրենց պաշտպանյալի հետ խորհրդակցությանը։ Սակայն Վարոսյանը նշում է, որ Սեդրակ Նազարյանը չի սիրում առողջական վիճակին հետևել, գանգատվել։

Հիշեցնենք, որ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter