Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Վեչ մի պետություն մեզ օգնող չի, մենք պիտի մեր կռիվը անենք, պրծնենք»,- ասում է ապրիլին զոհված Գեղամ Մկրտչյանի հայրը


Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ Գեղամ Մկրտչյանի հայրական տան բակը սառն է ու տխուր: Վանք գյուղի կենտրոնական թաղամասի՝ ոչնչով աչքի չընկնող տներից մեկում է ծնվել ու ապրել Գեղամը: Առավոտ կանուխ մոտենում եմ Մկրտչյանների տան դարպասին: Գեղամի հայրը լուռ՝ բակը կարգի բերելով է զբաղված: Մայրը մի փեշ կորկոտ է փռել չորացնելու եւ ձեռքի ափով մեղմ գլորում է հատիկները, որ լավ չորանան:

Անծանոթ լրագրողի այցը կարծես թե այնքան էլ չի ուրախացնում Գեղամի ծնողներին: Եվ իրոք դժվար է ու պատասխանատու՝ ի՞նչ իրավունքով փորփրես որդեկորույս մարդկանց վերքը: Առօրյայից եմ հարցնում: «Առավոտ արթնանըմ ենք, յեր եմ կենըմ, վեդրոնին յոր ինք օնըմ, ես ու կինս պիցրանըմ հարեւանների մոտ, էրկու-իրեք անգամ քյամ ընք ճյուր ինք պիրըմ, որ մեր գոյությունը պահպանենք: Էս ճրի հարցը լուծում չի ստանըմ»,-ասում է Ռաշիդ Մկրտչյանը: Նա հրավիրում է նստել, տիկնոջը ձեն տալիս, թե՝ սուրճ դիր, ղոնաղի հետ խմենք: 

1986 թվականին է ծնվել Գեղամը: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է գործարար Լեւոն Հայրապետյանի՝ Վանքում գործող արտադրամասերից մեկում, այնուհետեւ պայմանագրային հիմունքներով վերադարձել ծառայության, հետախուզական ստորաբաժանման կազմում ռազմական հանձնարարություններ կատարել:

Գեղամը պայմանագրային զինծառայության անցնելով՝ Վանքից տեղափոխվել է շրջկենտրոն Մարտակերտ, ամուսնացել եւ հաստատվել այդ քաղաքում: Ապրիլյան քառօրյա պատերազմում նրա վաշտը մասնակցել է ռազմական գործողություններին:

«Թալիշում առաջինն իրենք են մտել, զինվորների հետ միասին դիմադրություն ցույց տվել: Էդ պոստերը, որտեղ որդիս զոհվել է, հիմա ադրբեջանցիների ձեռքին է: Բայց դիրքը կամովին չեն հանձնել: Ուղղակի նահանջի հրաման է տրվել»,-պատմում է Ռաշիդ Մկրտչյանը:

Դեպքից երկու ժամ առաջ Գեղամը մոր հետ հեռախոսազրույց է ունեցել, ասել, մեծ դաշտերում են՝ դիրքերից բավականին առաջ: Հետախուզական ջոկատը հակառակորդի 4 տանկ է շարքից հանել, իսկ հինգերորդը՝ թաքնված, կրակ է բացել, կորուստներ պատճառելով հայկական ստորաբաժանմանը: Գեղամը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորությանը, հոր խոսքերով, Արցախի իշխանություններից որեւէ մեկը ներկա չի եղել: «Միայն Գեղամիս վիրավոր ընկերներն էին: Վիրավոր, վիրակապված, էդ վիճակում եկել էին իրենց ընկերոջ հանդեպ վերջին պարտքը կատարելու»,-ասում է հայրը:

«Ժողովրդի մեջ տարածված խոսք ա, թե՝ ցավը բոլորինն ա: Բայց ցավը քաշողը ես եմ: Մարդիկ մենակ ուրանք ու ուրանք են՝ կյամ ներկայանըմ, ցավակցություն հայտնում, քինում: Պետական ուշադրություն չկա: Ֆինանսականը վեչ մնին պետքը չի: Մարդ մենակ հանդիպի, էդ մարդին ցավակցեն, ծեռ տան: Հինգ ամիս ա՝ իսկի գյուղապետարանից, դպրոցից, մի պետական հիմնարկից եկած չեն: Մենակ Ստեփանակերտի համալսարանից դասախոսեն հետ եկել են, քյացել ենք Գեղամի հանգիստը, ծաղիկներ ենք տիրել: Կարիլ չեմ տյա ժխտիմ: Հասարակական կազմակերպություններն ավելի են ցավակցում, քան պետական»,-ասում է Ռաշիդ Մկրտչյանը:

Նա նշում է, որ Գեղամից հետո իր կյանքում դատարկություն է. «Ճիշտ ա, իրեք զավակ ունեմ՝ մի աղջիկ, էրկու տղա: Գեղամն իմ փոքր տղաս ա, տրա հետի երեւի ավելի շատ կապված եմ էղել իրա հետ: Միակ հույսը իրան էս ժառանգն ա»: Խոսքն այն մասին է, որ Գեղամի կինը՝ Անուշը, զավակի է սպասում: Այդ մասին հայտնի է դարձել Գեղամի զոհվելուց ընդամենը մի քանի օրեր անց: Ապրիլի 4-ին Անուշին հայտնել են ամուսնու զոհվելու մասին, իսկ դրանից մեկ շաբաթ չանցած՝  բժիշկները Անուշին հայտնել են, որ նա հղի է:

Անուշը պատմում է, որ Գեղամը երազում էր դուստր ունենալու մասին: Անուշի խոսքով՝ Գեղամի բոլոր երազանքները կապված էին ընտանիքի հետ: Գեղամը Մարտակերտում կնոջ հետ վարձով է ապրել: Վարձի մի մասը, որպես զինվորականի, փոխհատուցել է պետությունը: Գեղամի զոհվելուց հետո վճարի փոխհատուցումը դադարեցվել է, չնայած Անուշը նույնպես զինվորական է: Գեղամը նաեւ հերթագրվել էր բնակարան ստանալու նպատակով: Հայրն ասում է, որ բնակարանի հարցով առայժմ լռություն է՝ որեւէ տեղեկություն չունեն, թե ինչ կլինի: «Կինը մենակ, առանց տուն... Էգուց խոխեն պիտի որտեղ ապրի՞: Քաղաքա աղջիկ ա, ես կարի՞մ իրան ստիպեմ, որ թողնի ամեն ինչ, ծառայություն, նստի կողքս»,-անհանգստանում է Գեղամի հայրը:

Զրույցը սահուն անցնում է արցախյան կոնֆլիկտի թեմային, ինչը Գեղամի մորը դուր չի գալիս: Նա դեմ է, որ ամուսինը նման հարցեր է շոշափում: «Քոնը քո տղան էր, զոհվել ա»,-ասում է:

Ռաշիդ Մկրտչյանն ասում է, որ կոնֆլիկտը միայն ղարաբաղցիները կարող են լուծել՝ կռվով: Ազատամարտիկն իր փորձից է ասում: «Մեր վախտը գեներալ Իվանյանին զինվորնին հարց են տվել՝ պարոն գեներալ, պատերազմը վերջացա՞վ: Ասել ա՝ չէ, պատերազմը նոր ա սկսել: Մենք էնքան պիտի թխինք, վեր իրանք ձեռները պցցնին, իրանք խնդրեն, վեր պատերազմը վենն անենք: Վեչ մի պետություն մեզ օգնող չի: Մենք պիտի մեր կռիվը անենք, պրծնենք: Քառօրյա պատերազմը մի լյավ խաղ ա լյալ: Ռուսին ու Թուրքիայի հաշտության հետի մեր հարյուր ջահելը մահացալ ան: Տյրա պատասխանը ո՞վ ա տալու՝ վեչ մինը: Մինն էլ ա կարալ չի տյրա պատասխանը տա: Ասում ա՝ ամեն ինչ ունինք: Բա խի՞ չի կռիվ արալ: Գեներալնին ամեն մինը տասը մաշին ունին, ջիփեր ունին: Թող էդ ջիպերը վերցնին, զենք առնին, կռիվ անին»:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։