HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարո Եղնուկյանը հացադուլ է հայտարարել՝ հինգ բողոք-պահանջներով

Վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ազգային անվտանգության մեկուսարանում հացադուլ է հայտարարել։

Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ Եղնուկյանը առողջական խնդիրներ ունի, մասնավորապես՝ նրա մոտ նախաինֆարկտային վիճակ է, և նման առողջական վիճակում նրան արգելվում է հացադուլը:

Փաստաբանն առանձնացրեց այն հինգ բողոք-պահանջները, որոնք հիմք ենք հանդիսացել Եղնուկյանի հացադուլին.

1. Եղնուկյանը կարծում է, որ իր նկատմամբ անհիմն և անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել։ Այսինքն՝ այն գործողությունները, որոնցում նա մեղադրվում է, ոչ թե հանցագործություններ են, այլ իրավունքներ և ազատություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել։

2-րդ պահանջը, իր գնահատմամբ, անհիմն և խիստ խափանման միջոցի ընտրությունն է։

3-րդը՝ գրավի կիրառման մերժումն է։ Փաստաբանը շեշտում է, որ երեկ աննխադեպ բարձր գնով՝ մեկ միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, որպեսզի որևէ ձևով կասկած չլիներ Եղնուկյանի վարքագծի առնչությամբ, սակայն կրկին մերժվել է։

4-րդ բողոքը այն մասին է, որ Եղնուկյանը կարծում է, որ իշխանությունը իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորում՝ սահմանափակելով տեսակցությունները, հեռախոսային զրույցները։ Հայրապետյանը նշում է, որ իր պաշտպանյալին նաև արգելում են տեսակցել իր անչափահաս երեխաներին։ Անգամ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի Եղնուկյանը հանդիպի ուսանելու նպատակով արտերկիր մեկնող իր զավակներին, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է։ Օրեր առաջ Եղնուկյանի հիվանդ մայրն է ժամանել ԱՄՆ-ից, որի համար նա մեկանգամյա կարճ տեսակցություն է խնդրել, սակայն կրկին մերժել են։ Եղնուկյանն այս գործողությունները որակել է որպես հաշվեհարդար։

5-րդ բողոքով Եղնուկյանը հայտնել է, որ դատարանը իրեն զրկել է պարզելուց՝ արդյոք ԱՄՆ դեսպանատունը միջնորդություն-երաշխավորություն դատարան ուղարկե՞լ է, թե՞ ոչ. «Դատական նիստին, երբ ներկայացրեցինք բոլոր հեղինակավոր մարդկանց՝ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու երաշխավորությունները, նախագահող դատավորը հայտնեց, որ ԱՄՆ հյուպատոսը կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ դատական նիստին ներկա գտնվելու միջնորդությունը է ներկայացրել։ Դատարանը մերժել էր այս դիմումը՝ նշելով, որ դատական նիստը դռնփակ է՝ մեջբերելով միջազգային կոնվենցիաներից կետեր։ Սակայն այս հանգամանքը կարող էր էական նշանակություն ունենալ դատական նիստի ընթացքի վրա»,-նշում է փաստաբանը։

Նախագահող դատավորը հայտնել է, որ ԱՄՆ դեսպանին դատական նիստի օրն են ուղարկել մերժման պատասխանը։ Եղնուկյանը դատավորին պարզաբանել է, որ միգուցե դեսպանն իր հետ բերելու էր գրավի դիմաց ազատ արձակելու երաշխավորագիր, այդ պատճառով խնդրել է պարզել՝ արդյո՞ք դեսպանը ստացել է մերժման պատասխանը, թե ոչ։

Ըստ փաստաբանի, Եղնուկյանը նաև դատավորից հետաքրքրվել է, թե՝ եթե դեսպանը այնպիսի միջնորդություն ներկայացնի, որով կերաշխավորի իրեն գրավի դիմաց ազատ արձակելու հանգամանքը, դա կօգնի՞ կալանքը գրավով փոխարինելուն. «Նախագահող դատավորը հասկացրեց, որ իհարկե դա կարևոր ապացույց է, սակայն նշեց, որ հիմա չի կարող ասել՝ որքանով կօգնի, բայց ընդգծեց, որ դա անմիջական կապ ունի գրավի հարցը որոշելու հարցում»,-պատմեց Տիգրան Հայրապետյանը։

Եղնուկյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, խնդրել է հետաձգել դատական նիստը՝ պարզելու միջնորդություն-երաշխավորություն ուղարկվե՞լ է դատարան, թե՞ ոչ ։

Այնուհետ մեկժամյա ընդմիջումից հետո դատավորը ժամանել է դատական նիստին՝ Եղնուկյանին հարցրել՝ պնդու՞մ է իր միջնորդությունը, թե՞ ոչ։ Եղնուկյանը հաստատել է միջնորդությունը, սակայն դատավորը մերժել է այն։

Հիշեցնենք՝ երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Կարո Եղնուկյանին մեկ միլիոն դոլարի և ավելի գրավի դիմաց ազատ արձակելու միջնոդությունը՝ անթույլատրելի համարելով գրավի կիրառումը։

Կարո Եղնուկյանին մեղադրվում է ՀՀ Քր. օրենսգրքի 218 (պատանդ պահելուն օժանդակելը) և 219 հոդվածներով (զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակել):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter