HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սպասելիքները նվազագույն են

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական մրցաշարի իր երկրորդ հանդիպումն է անցկացնելու: Սեպտեմբերի 4-ին մեր թիմը մեկնարկային արտագնա խաղում 0-1 հաշվով զիջել էր դանիացիներին, իսկ այսօր՝ 20:00-ին, «Հանրապետականում» ընդունելու է Ռումինիային:

Ասել, թե խաղը ծանր է լինելու, նշանակում է ոչինչ չասել: Վարուժան Սուքիասյանի թիմն այնպիսի կացության մեջ է, որ երկրպագուները նվազագույն հույսեր ունեն ռումինների եւ ամսի 11-ին լեհերի հետ խաղերից: Թիմի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնի է, չի ժամանել Երեւան, քանի որ, ըստ «Մանչեսթեր Յունայթեդի», դեռ ամբողջապես չի ապաքինվել վնասվածքից: Շարունակում է խնդիր մնալ հավաքականի անդամների պրակտիկայի հարցը: Ինչպես սեպտեմբերին, այնպես էլ այսօր իրենց ակումբներում խաղալու հնարավորություն չեն ստանում պոտենցիալ առաջատարները՝ Մարկոսը, Արասը (արդեն լուրեր կան, որ Արասը թուրքական «Բեշիքթաշից» կարող է տեղափոխվել Գրոզնիի «Թերեք»): Չնայած վնասվածքից հետո թիմ է վերադարձել ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, նույն պատճառով կազմից դուրս են մնացել աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որոնք խաղում են մակեդոնական «Վարդարում», նաեւ «Ալաշկերտից» Արտակ Եդիգարյանն ու «Շիրակից» Գեւորգ Հովհաննիսյանը: Հին գվարդիայից բացակայում են Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Սարկիսովը: Յուրա Մովսիսյանի մասին բոլորը գիտեն:

Հատկապես զարմանալի է Արթուր Սարկիսովի բացակայությունը, որը Սարանսկի «Մորդովիայի» մեկնարկային կազմում մասնակցել է թիմի վերջին 4 խաղերին, ընդ որում՝ դրանցից երկուսում չի փոխարինվել: Կազմը հրապարակելիս Սուքիասյանն ասել էր, որ հավաքական չեն հրավիրվել ազգային հավաքականի պահանջներին չհամապատասխանող եւ խաղային բավարար պրակտիկա չունեցող ֆուտբոլիստները: Դատելով վերը նշվածից՝ պիտի եզրակացնենք, որ մարզիչը Սարկիսովին համարում է ազգային ընտրանուն անհամապատասխան: Քանի որ Սուքիասյանն առաջացած դեֆիցիտի պայմաններում այդպես էլ հավաքական չի հրավիրում Յուրա Մովսիսյանին, ում ներկայության վրա ՀՖՖ նախագահը վետո է դրել, չի բացառվում, որ Սարկիսովը նույնպես Հայրապետյանի «սեւ ցուցակ» է ընկել: Երեկ կայացած նախախաղային ասուլիսում Սուքիասյանն ասել է. «Ես նայում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բոլորն էլ մեր տեսադաշտում են, ավելի լավ է սպասենք վաղվա խաղին, որպեսզի տեսնենք, թե նրանք որքանով կարդարացնեն սպասելիքները: Ես կուզեմ մի փոքր բացել չակերտները: Եկեք իրատես լինենք. այդ ֆուտբոլիստներից շատերը իրենց թիմերում չեն խաղում, արագաուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ չեն դիմանում ֆիզիկապես: Այնպես որ կարծում եմ, որ այն ֆուտբոլիստները որոնք հրավիրվել են հավաքական ներքին առաջնությունից, պետք է նույնիսկ ավելի լավ խաղան: Տեսնենք»:

Սուքիասյանը չհրավիրված լեգեոներների բացը լրացրել է տեղացի խաղացողներով: 23 ֆուտբոլիստներն են.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»                 
Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»  
Անդրանիկ Ոսկանյան, «Ալաշկերտ»
Վահագն Մինասյան, «Ալաշկերտ»          

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Ղադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Հայաստանի հավաքականը նախկինում 3 անգամ է հանդիպել Ռումինիային: Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում Երեւանում (17.11.2004) մեր թիմը 1-1 խաղաց ռումինների հետ: Հանդիպման հաշիվը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց Կարեն Դոխոյանը: Այդ հանդիպումից հետո Ռումինիայի գլխավոր մարզիչ, գեներալ Անգել Յորդանեսկուն պաշտոնանկ արվեց:

Կոնստանցայում կայացած պատասխան խաղում (08.06.2005) դաշտի տերերը հաղթեցին 3-0 հաշվով: Մեկ հանդիպում էլ կայացավ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում 2006-ի փետրվարին, ռումինները հաղթեցին 2-0:

Չնայած գերմանացի Քրիստոֆ Դաումի սաները առաջին տուրում սեփական հարկի տակ 1-1 են խաղացել Մոնտենեգրոյի հետ, «Եվրո-2016»-ն էլ տապալել են, մեզ համար նրանք վտանգավոր մրցակիցներ են: Նախ՝ անհատական մակարդակով մրցակցի ֆուտբոլիստները գերազանցում են մերոնց, նրանք խաղում են ավելի բարձրակարգ թիմերում, մեզ պես կադրային խնդիրներ էլ այս պահին չունեն: Կարելի է ենթադրել, որ Սուքիասյանի թիմը խաղալու է պաշտպանությունից, որովհետեւ ոչ-ոքին նման պարագայում բավարար արդյունք կհամարվի թերեւս բոլորի կողմից: Իրավիճակն ինչ-որ առումով հիշեցնում է 2014-ի հոկտեմբերը, երբ դանիացիներին Կոպենհագենում 1-2 պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը Երեւանում առանց Մխիթարյանի 1-1 խաղաց սերբերի հետ: Նույնիսկ կարող էր հաղթել, եթե Մարկոսը 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացներ: Այն ժամանակ թիմը խաղում էր 5 պաշտպանով, չի բացառվում, որ նույնը կտեսնենք այսօր, մանավանդ այդպես էր նաեւ սեպտեմբերի 4-ին դանիացիների հետ խաղում:  

Այնուամենայնիվ, այս ընտրական փուլից առաջ, երբ պարզ դարձավ, որ ֆուտբոլիստներից շատերը չունեն խաղային պրակտիկա, հավաքականից վտարվածների հարցն էլ գլխավոր մարզիչը չի կարողանում լուծել ինքնուրույն, հայկական ֆուտբոլին հետեւողները հասկացան, որ առաջիկայում մեր թիմից շատ բան սպասել չի կարելի: Այս շրջափուլն անցումային շրջանի պես մի բան է լինելու, ուղղակի հարցն այն է, թե ինչ իրավիճակ է լինելու դրա ավարտին. արդյոք դրական զարգացումներ կլինեն, թե ամեն ինչ ավելի կվատանա: Մխիթարյանի սերունդը մոտենում է 30-ին, բայց դեռ կա չօգտագործված ներուժ, եւ դժվար է հավատալ, որ 2010-2013 թթ. ելույթներն այլեւս չեն կրկնվելու, ու պիտի ուրախանանք հատուկենտ ոչ-ոքիներով կամ հաղթանակներով: Այո, Սուքիասյանը որոշակի ռիսկով հանդերձ չի սխալվում, երբ հրավիրում է տեղացիներին, քանի որ Հայաստանի առաջնությունում կան իսկապես լավ ֆուտբոլիստներ, ում վստահել եւ խաղացնել է պետք: Ժամանակին գրել ենք, մասնավորապես, «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանի մասին, ով երկար դադարից հետո կրկին հավաքականում է, չնայած դժվար է ասել՝ կխաղա, թե ոչ: Բայց մյուս կողմից՝ Սուքիասյանը պիտի դուրս գա ՀՖՖ նախագահի կապանքներից եւ հստակ դիրք բռնի ֆուտբոլիստներին հրավիրել-չհրավիրելու հարցում: Որքան էլ որ մարզչական շտաբին վարձատրողը ՀՖՖ-ն է, հավաքականը նախեւառաջ երկրպագուներինն է, երկրինը, այնպես որ բնական է, որ ամեն մի տակտիկական կամ այլ բնույթի սխալ երկրպագուների կողմից պիտի ընդունվի սրերով, եւ նախորդ անատամ (Չեխիա-Հայաստան՝ 3-0, Դանիա-Հայաստան՝ 1-0) ելույթների կրկնությունից հետո թերեւս բարձրացվի նաեւ մարզչական շտաբի ու ինչու չէ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ (հիշենք անցյալ աշնանը երկրպագուներ-ֆեդերացիա առճակատումը, որն այս պահին գուցե սառել է, բայց լարվածությունը չի մարել):

Երիտասարդականի խայտառակ պարտությունը ահազանգ է

Եթե Սուքիասյանի հրաժարականը դեռ օրապահանջ չէ, ապա երիտասարդականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի գլխին ակնհայտ դոմոկյան սուր է կախված: Երեկ գաճաճ Լյուքսեմբուրգի իր հասակակիցներին պարտվելուց հետո (0-1) գրեթե պարզ է, որ Բարսեղյանը պիտի հեռացվի: Ընդհանրապես, անձամբ ինձ համար անհասկանալի էր տարեսկզբին Բարսեղյանի նշանակումն այս պաշտոնին: Եթե Սուքիասյանն ինչ-որ հաջողությունների էր հասել մարզչական կարիերայում եւ ըմբռնելի էր նրա նշանակումը 2015-ի դեկտեմբերին, ապա Բարսեղյանի պարագայում բազմաթիվ հարցեր կային: Այս մարզիչը երբեւէ հաջողություններ չի գրանցել այն թիմերի հետ, որտեղ աշխատել է: Երիտասարդականի նախորդ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի ղեկավարությամբ թիմը Եվրոպայի 2017 թ. առաջնության ընտրական փուլում միայն մեկ ոչ-ոքի էր խաղացել, այն էլ տանը Լյուքսեմբուրգի հետ, 5 խաղում էլ պարտվել էր: Իսկ Բարսեղյանի օրոք թիմը 3 անգամն էլ պարտվել է՝ ընդունելով 6 գոլ, խփելով միայն մեկը: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի մեր երիտասարդականի վերջին՝ ամսի 11-ին կայանալիք Ուելսի հետ տնային հանդիպումը, թիմը մրցաշարային աղյուսակը եզրափակելու է վերջինը, քանի որ Լյուքսեմբուրգից հետ է մնում 5 միավորով:

Երիտասարդականը մեր վաղվա ազգային հավաքականն է, այսինքն՝ ոչ պակաս կարեւոր է, բայց այսօր ականատես ենք թե մեկի, թե մյուսի գահավիժմանը: Հասկանալի է, որ խնդիրը համակարգային է, ծագում է հայաստանյան ֆուտբոլի տխուր վիճակից, երբ ներքին առաջնությունում (բարձրագույն խումբ) ընդամենը 6 թիմ է խաղում, առաջին խմբի նորաստեղծ ակումբներն էլ («Կոտայք», «Էրեբունի») արդեն ճգնաժամի մեջ են, ինչն իր հերթին պայմանավորված է երկրի տնտեսության ողբերգական վիճակով, ու այս պարագայում մեծ ակնկալիքներ ազգային թիմից չենք կարող ունենալ, սակայն սխալ է նաեւ կարծել, թե անձերի փոփոխությունը դրական տեղաշարժերի չի կարող հանգեցնել: Մասնավորապես, երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը վաղուց ապացուցել է, որ արժանի է ազգային թիմը կամ նվազագույնը երիտասարդականը մարզելուն (2013-2014 թթ. նա գլխավորել է երիտասարդականը, բայց հիմա 48-ամյա մարզիչն առավել քան հասունացել է այդ պաշտոնի համար): Չնայած 2010-2013 թթ. հաջողությունները դժվար կլինի կրկնել (կատարողներն են փոխվել, ժամանակ է անհրաժեշտ եւ այլն), գուցե համաձայնի վերադառնալ Վարդան Մինասյանը, որի օրոք իսկապես միասնական կոլեկտիվ ու մտածված խաղ կար դաշտում: Ժամանակն անցնում է:

Հ.Գ. Այսօր ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում կհանդիպեն նաեւ Մոնտենեգրո-Ղազախստան, Լեհաստան-Դանիա զույգերը:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter