Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ստորագրված ցուցակները հրապարակելու նպատակով ընտրական օրենսգրքում առաջարկվում է հերթական փոփոխությունը



2016թ. մայիսի 26-ին ընդունված և սահմանադրության պահանջով հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ ընտրական օրենսգրում առաջարկվում է կատարել հերթական փոփոխությունն ու լրացումը՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո թվով երրորդը: Այս փոփոխությունները կատարվում են իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի պայմանավորվածությունների արդյունքում, որով առաջարկվում է հրապարակել նաև ընտրողների ստորագրված ցուցակները:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Նկարահանումները հեռարձակվելու են ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով:

Նախագծով սահմանվել է, որ տեղադրված անշարժ տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով, ինչպես նաև ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:

Եթե նախագիծն ընդունվի և օրենքի ուժ ստանա, ապա գրավոր դիմումի հիման վրա, մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճենները տրամադրվելու են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդակական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:

Տեսանկարահանված նյութերը արխիվացվելու են մասնագիտացված կազմակերպության կողմից և պահպանվելու են ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

Բացի այդ, նախատեսվում է հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները՝ բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած իրականացնելու է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ըստ նախագծի՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության հաջորդ օրը ընտրողների ցուցակների սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվելու և ներբեռնվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, որը պետք է ունենա նաև որոնման հնարավորություն:

Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը, ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի, նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության. կուսակցությունների դաշինքի լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվելու է տուգանքով նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով (700 հազարից մինչև 1 մլն դրամ): Ներկայումս պատժի չափը սահմանված է հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով (500-700 հազար դրամ):

Փոփոխություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:  Ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնելու է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (100-300 հազար դրամ):

Նույն պատիժն է նախատեսված նաև ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելու դեպքում:

Իսկ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելու դեպքում տվյալ անձը պատժվելու է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հստակեցվել է նաև այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնել համապատասխան տարածքային հանձնաժողով: Նման իրավունք ունեն ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, ում տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնելու է հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Նախագծով հստակեցվել է, որ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները պետք է ներկայացվեն առանձնացված՝ ըստ Հայաստանի Հանրապետությունից բացակայող և քվեարկությանը չմասնակցած և ըստ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քվեարկությանը չմասնակցած անձանց: Այս դրույթները չպահպանելու դեպքում տարածքային հանձնաժողովը մերժելու է դիմումների քննումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ