HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարուժան Սուքիասյանը խոսում եւ գործում է ոչ ադեկվատ. ճամպրուկները հավաքելու ժամանակն է

Հայաստանի ազգային հավաքականը երեկ կրեց պաշտոնական խաղերում (Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում) իր ամենախոշոր հաշվով պարտությունը, որը նաեւ նոր հակառեկորդ էր ընդհանրապես տնային հանդիպումների մեջ. Հայաստան-Ռումինիա՝ 0-5: Հեռավոր 90-ականներին 0-7 հաշվով զիջել էինք Վրաստանին ու Չիլիին, 0-6 հաշվով՝ Մարոկկոյին, բայց դրանք ընկերական խաղեր էին եւ անցկացվել էին դրսում: Վերջին ծանր ապտակը Հայաստանի ընտրանին ստացել էր 2014-ի հունիսի 6-ին, երբ Մայնցում 1-6 հաշվով զիջել էր աշխարհի ապագա չեմպիոն Գերմանիային: Պաշտոնական խաղերում մեր ամենածանր պարտությունը նույնպես գերմանացիներից էր, երբ ԱԱ-98-ի ընտրական փուլում՝ 1996-ի հոկտեմբերին, Երեւանում պարտվել էինք 1-5:

Մարտավարական եւ դիրքային մանկական սխալներ

Դեռ խաղից առաջ գրել էինք, որ քիչ է ասել, թե ծանր խաղ է լինելու: Կարծիք էինք հայտնել նաեւ, որ թիմը, ինչպես Դանիայում էր, այս անգամ էլ կխաղա 5 պաշտպանով: Կոպենհագենում այդ գործոնը թերեւս օգնել էր միայն խոշոր հաշվով չպարտվել, իսկ ընդհանրապես պաշտպանության թերացումներին անդրադարձել ենք նախորդ հոդվածում: 5 պաշտպանով մարտավարությունը սպասելի էր՝ նաեւ հաշվի առնելով նախկին փորձը: 2014-ի հոկտեմբերին Երեւանում առանց Մխիթարյանի, Մովսիսյանի ու Արասի մեր թիմը, հանդես գալով 5 պաշտպանով, 1-1 խաղաց սերբերի ամուր թիմի հետ, չնայած եւ կարող էր հաղթել:

Փաստորեն, Վարուժան Սուքիասյանն արդեն երրորդ խաղն անընդմեջ մարտավարական սխալներ է թույլ տալիս: Առաջին՝ դանիացիների հետ խաղից առաջ սպարինգ-մրցակից էր ընտրվել մեզնից մի քանի գլուխ ուժեղ Չեխիան, որի հետ մարզչական շտաբը չգիտես ինչ պիտի փորձարկեր: Այս ընտրության ոչ մանրակրկիտ հաշվարկի պտուղները քաղում ենք մինչեւ հիմա՝ Մխիթարյանը Սուխիի հետ բախումից հետո դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, իսկ Սուքիասյանը բողոքում է վնասվածքներից: Երեւի նա եւ օգնականները միայն խաղի ժամանակ էին հասկացել, որ չեխերը կոշտ ֆուտբոլ են դավանում: Երկրորդ՝ դանիացիների դեմ Սուքիասյանն առջեւում խաղացնում էր Դավիթ Արշակյանին, որից միայն ներկայությունը հիշվեց: Ոչնչով աչքի չընկավ Գեւորգ Հովհաննիսյանը, եթե չասենք, որ ձախողվեց: Երրորդ՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչով է զիջում Սարկիսովը երեկ հարձակվողի դիրքում հանդես եկած Վարդան Պողոսյանին: Եթե Սուքիասյանը դժգոհում է, որ չհրավիրվածները արագաուժային ֆուտբոլ խաղացող թիմերի դեմ չեն դիմանում ֆիզիկապես, ապա միայն կարելի է քմծիծաղ տալ, քանի որ Սարկիսովի հետ արագությամբ կարող են չափվել երեւի միայն Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը: Մյուս կողմից՝ մրցակիցը Սան Մարինոն չէ, որ հարձակման գծում նոր խաղացող փորձարկես, այնինչ Սարկիսովի ճարպկությունն ու արագությունն ավելի օգտակար կլիներ ռումինների բավական մոբիլ թիմի դեմ:

«Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջեւում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը եւ սխալվեցի: Ես կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- խաղից հետո ասել է Սուքիասյանը: Ախր, պարոն մարզիչ, Ձեր փորձարկումները փորձանք են դարձել թիմի գլխին, մի՞թե այդքան դժվար է հասկանալը: Պաշտոնական խաղը փորձադա՞շտ է, որ փորձարկումներ եք անում: 3-րդ րոպեին մնալով 10 հոգով՝ միայն կես ժամ անց, երբ հաշիվն արդեն 0-4 էր, Սուքիասյանը նոր հասկացավ, որ Պողոսյանին առջեւում պահելն անիմաստ է, պետք է հագեցնել հենակետային եւ պաշտպանական գոտին, այլապես ավելի խայտառակ հաշիվ կլինի, ինչից հետո դաշտ մտցրեց կենտրոնական կիսապաշտպան Կարեն Մուրադյանին: Բայց բանը բանից արդեն անցել էր:

Չեխերի հետ խաղից սկսած՝ Սուքիասյանի թիմը բոլոր 9 գոլերն ընդունել է կենտրոնական պաշտպանի գոտուց. յուրօրինակ ռեկորդ է: Գոռ Մալաքյանի կոպիտ սխալը բոլորը տեսան. առանցքային խաղացողն ուղղակի կրկնակի ծանր կացության մեջ դրեց ընկերներին՝ ձեռքով դարպասային գծի վրայից հետ մղելով գնդակը: Եթե նա դա չաներ, կարմիր քարտ չէր ստանա, արդեն 4-րդ րոպեին 11-մ չէր նշանակվի (այն հստակ իրացրեց Ստանկուն), փոխարենը կգրանցվեր ինքնագոլ Արտակ Գրիգորյանի հաշվին, որի մեջքից գնդակն ընթացավ դարպասը: Բայց ավելի լավ էր այդպես, քան ինչպես եղավ: 10-րդ, 12-րդ եւ 29-րդ րոպեներին եռակի ձախողվեց Անդոնյանը: Եթե առաջին երկուսի պարագայում նա չկարողացավ փակել Պոպայի ու Մարինի առաջխաղացումը, ապա երրորդում ուղղակի նվեր մատուցեց (աչքի ընկավ Ստանչուն) եւ հոգեբանորեն կոտրվեց բոլորիս աչքի առաջ ու փոխարինում խնդրեց: Վերջին գոլն էլ նման էր երկրորդին (կենտրոնում պաշտպանը արագության եւ սխալ դիրքի պատճառով բաց է թողնում գրոհող մրցակցին), միայն թե այս անգամ մանկական սխալ թույլ տվեց Մկոյանը, ում մատի վրա խաղացրեց Կիպչուն: Ռումինիայի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը նշել է, որ իրենք օգտագործեցին բաց տարածությունները: Երեկ դրանք չափազանց շատ էին մեր կենտրոնում: Բեգլարյանի դարպասին հետեւում էին նաեւ հեռահար հարվածներ այդ նույն գոտուց:          

Խաղի վիճակագրությունն այսպիսին է. հարվածներ դարպասին՝ 3-11 (5 արդյունավետ), հարվածներ դարպասի ուղղությամբ` 5-5, գնդակի վերահսկողությունը՝ 35 % - 65 %, անկյունային՝ 2-6, խախտումներ՝ 8-8, դեղին քարտ՝ 1-0, կարմիր քարտ՝ 1-0:

Ձեր ու ֆուտբոլիստների վզերից աչքի հուլունք կախեք, պարոն Սուքիասյան

Երբ երկրպագուները «Հանրապետականում» բղավում էին «ամոթ», «Յուրա», «Վարդան Մինասյան», «Սուքիասյան, հեռացիր», խաղից հետո գլխավոր մարզիչն ամենասկզբում մի պարզ բան պիտի աներ՝ իր ու ամբողջ թիմի անունից ներողություն խնդրեր խայտառակության համար: Իսկ երբ նա ասում է, թե ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իր թիմից ոչ մեկին լավություն չի անում, որովհետեւ գլխավոր ու ամենամեծ մեղավորն իսկապես ինքն է: «Ուղղակի հասկացեք, ես թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում եւ այս վիճակից թիմին հանեմ»,- ասել է Սուքիասյանը, բայց հետագա անելիքների մասին բավարարվել «կտեսնենք», «պետք է մտածենք» ամորֆ արտահայտություններով: Դժվար թե գտնվի մեկը, ով կարող է ասել, որ ամսի 11-ին լեհերի դեմ ինչ-որ դրական փոփոխություն ենք տեսնելու, այնպես որ ղեկին կլինի Սուքիասյանը, թե ուրիշը մեծ հաշվով արդեն միեւնույնն է:

«Ես Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի: Մենք պետք է հանդիպեինք, սակայն նա չեկավ»,- երեկ ասաց Սուքիասյանը, բայց այդպես էլ չմանրամասնեց, թե երբ պիտի հանդիպեին: Երկրպագուներն ու լրագրողները հարձակման գծի բացերի ու Յուրայի կարիքի մասին վաղուց էին խոսում, ինքը՝ Սուքիասյանն էլ նախկինում ասում էր, որ Մովսիսյանի հարցը փակված չէ, բայց փաստն այն է, որ այսքան ժամանակ համարձակություն չի ունեցել շրջանցել ՀՖՖ նախագահի վետոն նույն Մովսիսյանի հարցով, եւ հիմա, երբ դանակը ոսկորին է հասել, Յուրային մեղադրում է պայմանավորվածությունը չկատարելու մեջ:

Սակայն ամենացնցողը երեկվա ասուլիսում Սուքիասյանի բռնկումն էր: Նախ՝ ազգային թիմի գլխավոր մարզիչն այնքան քաղաքավարի պիտի լինի, որ լրագրողների հետ «դու»-ով չխոսի, նույնիսկ ամենավատ դրության մեջ հարցերին պատասխանի հարգալից տոնով: «Երեւի այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, այ դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»,- մի պահ ինքնատիրապետումը կորցրեց նա, ինչին լրագրողները ծափահարեցին (հետաքրքիր է, որ այս խոսքերը տեղ չեն գտել ասուլիսի՝ ՀՖՖ կայքում ներկայացված սղագրության մեջ):

Փաստորեն, այս տրամաբանությամբ եթե դիտարկենք, լրագրողներն են մեղավոր, որ Ռուբեն Հայրապետյանն առանց ապացույցների դավաճաններ էր փնտրում հավաքականում ու այդպես էլ հիմնավորում չգտավ, լրագրողներն են մեղավոր, որ «Եվրո-2016»-ից հետո հավաքականում մթնոլորտը ծայրաստիճան լարվել էր, եւ խաղացողներն իրենք կոչ արեցին թիմում դավաճաններ չփնտրել, ընդ որում՝ այդ լարվածությունը մինչ օրս չի մարել ու չի էլ մարելու, քանի կան անպատասխան հարցեր: Լրագրողներն են մեղավոր, որ խաղացողներն իրենց ակումբներում պրակտիկա չունեն ու հավաքականում մի ժամ խաղալուց հետո ուժասպառ են լինում: Եվրոպայում կամ ԱՄՆ-ում նման «խելոք» մտքերի համար գլխավոր մարզչին ուղղակի անարգանքի սյունին կգամեին եւ այնպես կխարանեին, որ երբեք չէր մոռանա: Ու դա նրա վերջին ասուլիսը կլիներ իբրեւ ազգային թիմի մարզիչ:

Բայց եթե ՀՖՖ նախագահը կարող է «վհուկների որս» սկսել ու հետո երկրպագուներին հաշվետու չլինել դրա վերաբերյալ, նրա ստորադասին ի՞նչն է խանգարում պարանորմալ երեւույթներից խոսել: Սուքիասյանին միայն կարելի է խղճալ ու խորհուրդ տալ իր, շտաբի անդամների ու ֆուտբոլիստների վզերից աչքի հուլունք կախել՝ թուղթ ու գրի սիրահար վայ-լրագրողների աչքից հեռու: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այսօր էլ առաջնահերթ է մնում մարզական հոգեբանի հարցը, որը մեծ աշխատանք ունի կատարելու Հայաստանի հավաքականում՝ սկսած խաղացողներից, վերջացրած գլխավոր մարզչով:        

Հ.Գ. Երեկ ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում գրանցվել են նաեւ հետեւյալ արդյունքները. Մոնտենեգրո-Ղազախստան՝ 5-0, Լեհաստան-Դանիա՝ 3-2:

Հոկտեմբերի 11-ին կկայանան Ղազախստան-Ռումինիա, Դանիա-Մոնտենեգրո, Լեհաստան-Հայաստան հանդիպումները:

Լուսանկարները՝ uefa.com-ից   

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի
Հայի մոտ մի բան է լավ ստացվում. թողել,որ դանակը հասնի ոսկորին,հետո քարի մեջ խաչ փորփրել ու կողքը նստել-լացել՝ անիծելով հայի «չար բախտը»:............................ Նոր մարզիչ ու նոր խաղացողներ. ինչքան հնարավոր է քիչ թվով հայեր: Գնացեք ուրիշ երկրների 2-րդ լիգաներից խաղացողներ գտեք, ՀՀ անձնագիր տվեք ու ազգային հավաքական կազմեք: Հայ տղամարդու ԾԵՐԱՑԱԾ (ու փնթփնթան) ԳԵՆԻՑ ազատվել՝ ամբողջ երկրով մեկ: Հ.Մխիթարյանին առաջինը դուրս հրավիրել հավաքականից: Այս տղուն սարքել են «կուռք», բայց ինքն էլ միայն օտարին է ուրախացնում՝ ինչպես հայ տղամարդու մեծ մասը: Երկու՛ խաղից հետո արդեն պարզ է,որ Հայաստանը 2018 թ. եզրափակիչ դուրս չի գալու. սրանից ՀԵՏՈ էլ ու՞մ է պետք Մխիթարյանի կամ մի ուրիշի հավաքականում խաղալը: Ու՞մ է հետաքրքրում «վնասվածք» ունել-չունենալը:
Վահե
Հարգելի Էդուարդ, շնորհակալություն մեկնաբանության համար։ Մարզչի հեռացումը իբրեւ այս պահին գլխավոր խնդիր նշված է վերնագրում։ Նշել եմ նաեւ, որ Սուքիասյանի լինելը որեւէ դրական բան չի երաշխավորելու Վարշավայում։ Այսինքն՝ եկել է ճամպրուկները հավաքելու ժամանակը։ Ռուբեն Հայրապետյանի մասին թերեւս ամենակոշտը արտահայտվել է Հետքը։ Կարող եք կարդալ նախորդ հոդվածները։ Օրինակ նույն վհուկների մասին։ Իսկ մարզական հոգեբանի խնդիրն առաջնահերթություն է սպորտային տեսանկյունից՝ որպես թիմի պատրատության բաղադրիչ։ Իսկ մարզիչն ու ՀՖՖ նախագահը մի փոքր այլ խնդիր են. եւ նրանց հեռացումը ինքս դիտարկում եմ ավելի շատ կադրային եւ համակարգային փոփոխությունների տեսանկյունից։
Վարազ Սյունի
Շնորհավոր Հայաստանի հավաքականին. տղաները հերոսաբար մինչև վերջին պահը պայքարեցին,որ 10:0 կամ 15:0 չպարտվեն: Բա դա հո իրենց մեղքը չէ,որ կարմիր քարտ են ստանում 3-րդ րոպեին: Լեհաստան գնալուց առաջ անպայման՝ 2798 մոմ վառել Երևանում, կամ Ապարանի 1716 խաչի առաջ 1716 աղոթք անել,որ Լեհաստանին գոնե 3:0 հաշվով պարտվեն: Իսկ ԱՄԵՆԱԼԱՎԸ այն կլինի,որ Հայաստանը 2 տարով դուրս գա մրցաշարից, ոտից-գլուխ փոխի թիմն ու ֆեդերացիան,մինչև ազգային հավաքականը կսկսի ՖՈՒՏԲՈԼ խաղալ: Թե չէ ազգին խայտառակ անելով ու թշնամիներին ուրախացնելով ու՞ր եք գնում:
Էդուարդ
Հարգելի Վահե Սարուխանյան, ձեր բոլոր եզրակացությունների ու հետևություններին համաձայն եմ բացի մեկից՝ ամենագլխավորից: Արդարացիորեն թվարկելով ավագ մարզիչի ու ՀՖՖ-ի նախագահի բազմաթիվ սխալները, նրանց հայկական ֆուտբոլից որքան հնարավոր է հեռու վռնդելու եզրակացության փոխարեն գրում եք՝ «...առաջնահերթ է մնում մարզական հոգեբանի հարցը»: Միթե «Հետք»-ն էլ չի համարձակվում այսքան ակընհայտ ճշմարտությունը բարձրաձայնել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter