HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թիվ 34 ԸԸՀ-ի հրապարակած արդյունքները «ՀՎԿ», «ԳԱԼԱ» և «ԲՀԿ» կուսակցությունները վիճարկելու են դատական ատյաններում

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների ամփոփ արդյունքների հրապարակումը թիվ 34 ԸԸՀ-ում նշանակված էր ժամը 10-ին: «Ֆոտոն» վարժարանի շենքը, որտեղ նիստ էր գումարելու Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, շրջափակված էր «Հայկական վերածնունդ», «ԳԱԼԱ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համակիրներով, իսկ ներսում նրանց ներկայացուցիչներն ու ավագանու թեկնածուները հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանին ողջախոհության կոչ էին անում՝ հորդորելով չեղյալ համարել ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Նիստի սրահում ներկա «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու, գործող ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը նկատեց, որ ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասով, ավագանու 33 մանդատները հստակորեն բաշխվում են հետեւյալ կերպ. «Բալասանյան դաշինք»՝ 15 մանդատ, ԲՀԿ՝ 9 մանդատ, «Հայկական Վերածնունդ»՝ 5 մանդատ եւ «ԳԱԼԱ»՝ 4 մանդատ: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անտեսելով օրենքի այս կետի պահանջը, 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, որ 17 մանդատ պիտի տրվի «Բալասանյան դաշինքին եւ մնացածը բաշխվի երեք կուսակցությունների միջեւ:

Էդվարդ Բաղրամյանն էլ իր հերթին էր հորդորում ներկաներին ազատել նիստերի սրահը եւ թույլ տալ հանձնաժողովի անդամներին նիստ գումարել: Մեկ ժամ ուշացումով եւ որոշակի տարաձայնություններից հետո, նիստն, այնուամենայնիվ, սկսվեց: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը ներկաներին նախ ներկայացրեց ընտրական օրենսգրքի 141 հոդվածի համաձայն մանդատների բաշխման կարգը:

Թիվ 34 ԸԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինք»՝ 14.987(34.67%), «Բարգավաճ Հայաստան»՝ 9.344 (21.62%), «Հայկական վերածնունդ»՝ 4.578(10.59%), «ԳԱԼԱ»՝ 4.517 (10.45%), «Գյումրեցու ոգի»՝ 2.475 (5.74%), «Համախմբում»՝ 2.469 (5.72%), ՀՅԴ՝ 2.313 (5.36%), «Ալյանս»՝ 774(1.79%), «Քաղաքացիական պայմանագիր»՝ 638 (1.48%), «Գործարար» ՝  556 (1.29%), ՀԱԿ՝ 417(1.09%)։

Թիվ 34 ԸԸՀ-ի տվյալներով 17 մանդատ ստացել է «Բալասանյան դաշինք»–ը, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»–ը, 4 մանդատ՝ Հայկական վերածնունդ»–ը եւ 4 մանդատ՝ ԳԱԼԱ կուսակցությունը: Ներկայացված արդյունքներին հանձնաժողովականներից կողմ քվեակեցին 6-ը, մեկ հանձնաժողովական՝ Ալբերտ Դերձակյանը քվեարկեց ձեռնպահ:

Նիստին ներկա «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ կատարվել է մանդատների ապօրինի բաշխում եւ երեք կուսակցությունների 3 օր առաջ ստորագրած միացյալ դիրքորոշումը մտնում է ուժի մեջ: Այն է՝ թիվ 34 ԸԸՀ-ի ոչ օրինական որոշումը վիճարկել ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում, բոյկոտել ավագանու նիստերը մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Հայտարարություն էր հնչել նաեւ մանդատները չվերցնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter