HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ ավելի շատ վնաս տվեց պետության տված էս տունը, քան օգուտ»,- ասում է Վանաձորի մանկատան շրջանավարտը

Գայանե Սարգսյան

Վանաձորի ծայրամասային թաղամաս ենք գնում մանկատան նախկին սան, արդեն երեք երեխաների մայր 29-ամյա Անի Չերչինյանի հրավերով: Փողոցի եռուզեռից հեռու գտնվող Չարենցի 7 շենք ուղեկցող Անին պատմում է, որ որպես մանկատան շրջանավարտ հասանելիք մեկ սենյականոց բնակարանը պետությունը հատկացրել է մանկատնից դուրս գալուց երեք տարի անց, երբ Անին արդեն ընտանիք էր կազմել մանկատան նախկին սան Արմենի հետ ու երկու երեխա ուներ:

«Մանկատնից դուրս եմ եկել 2006թ.-ին, ամուսինս ինձնից առաջ էր դուրս եկել: Մանկատանն  արդեն շփվում էինք, բոլորը տեղյակ էին: Մանկատանից դուրս գալուց մեկ-երկու ամիս անց սկսեցինք միասին ապրել: Մինչև էս բնակարանը ստանալը քաղաքապետարան էի դիմել: Ահագին սպասելուց հետո մեզ մեկ սենյակ էին հատկացրել հանրակացարում:Մի քանի տարի ապրեցինք ուսանողական հանրակացարանում»,- հիշում է Անին:

Պարբերաբար աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն ուղարկվող դիմումներով Անին հիշեցրել է բնակարանի անհրաժեշտության մասին: Երեք տարի անց՝ 2009թ.-ին Անիին ու Արմենին պաշտոնյաները ցույց են տվել նրանց տրվելիք  բնակարանը:

«Բերին էս մի փոքր սենյակը ցույց տվեցին: Եկանք, տեսանք պայմանները. ոչ ջրի խողովակ կար, ոչ դուռ, ոչ պատուհան, ոչ հատակ: Ասում էինք, որ հնարավոր չի ապրել էս պայմաններում, ասեցին՝ եթե չես ուզում, էդ էլ կվերցնենք, ուրիշին կտանք ու կմնաք դուրսը»,- պատմում է Անին:

Ընտանիքն ստիպված համաձայնել է վերցնել կիսավեր բնակարանը: Որոշ ժամանակ անց, երբ շենքի հակառակ կողմում Անին նկատում է «Բնակելի չէ» գրությունը, հասկանում է, որ անվտանգ չէ այդ շենքում ապրելը: Շենքի վթարային լինելու փաստը հաստատում են նաև Վանաձորի քաղաքապետարանում: Ամուսինները փոշմանում են, որ համաձայնվել են այդ բնակարանը վերցնել, սակայն արդեն ուշ է լինում: Ստիպված լծվում են այն փոքրիշատե կարգի բերելու գործին:

«Ամուսնուս հետ վարկ ենք վերցրել, դուռ, պատուհան դրել, ջրի խողովակները քաշել, հատակը սարքել, որ գոնե հնարավոր լինի ապրել էստեղ: Արդյունքում պարտքերի տակ ընկանք: Հիմա բանկերին մոտ 1 մլն, տարբեր մարդկանց էլ 600.000-700.000 դրամ ենք պարտք,- նշում է Անին ու հավելում- մեզ ավելի շատ վնաս տվեց պետության տված էս տունը, քան օգուտ: Հանրակացարանում թեկուզ փոքր, բայց չոր ու արևոտ սենյակ էր,  մի փոքր տաքացնում էինք, երևում էր մեր տաքացրածը, ոչ մի առողջական խնդիր չունեին երեխեքս, իսկ էստեղ չափից դուրս խոնավ է, եթե անձրև ա գալիս, դրսի պատը ուռչում ա ու խոնավությունը տուն ա գալիս: Իսկ որ ձմեռն ա գալիս, մենակ դուք տեսնեք, ամբողջ պոլը նամաբողոջ ա: Հիմիկվանից դեղ ենք շաղ տալիս, որ միջատները չգան սենյակ: Ամբողջ գիշեր ես ու ամուսինս հերթով նայում ենք, տեսնենք հո երեխեքի անկողնուն չեն բարձրացել»:

Հյուրասենյակում իսկապես չափազանց սառն ու խոնավ է: Մի քանի րոպեներն արդեն իսկ բավական են հասկանալու համար, որ ողջ օրն արևազուրկ այս սենյակում մնալու դեպքում առողջական խնդիրներն անխուսափելի կլինեն:

Անին ասում է, որ հատկապես ձմռան ամիսներին երեք երեխաներն էլ շարունակ հիվանդանում են ու ստացած 35000 դրամ նպաստը չի բավարարում նույնիսկ անհրաժեշտ դեղերը գնելու համար:

Շուկայում բեռնակիր աշխատող Արմենի վաստակածով ընտանիքը փորձում է հոգալ ամենօրյա սննդի հարցը: Գործ, սակայն, ամեն օր չի լինում, ու այդ դեպքում ծնողներն ստիպված են լինում ապավինել դպրոցում տրվող մեկանգամյա տաք սննդին:

«Թե գործի են կանչում, լինում ա 500 դրամ ա բերում, լինում ա՝ 2000: Օր ա ըլնում, որ երեխեքը դպրոցում ինչ կերած են լինում, էդ ա: Օրը մի անգամ դպրոցում տաք ճաշ են տալիս, եկան տուն, կարող ա էդ օրը հաց կամ մակարոն ունենանք, օր ա էղնում, կարողա  էդ էլ չունենանք ու տենց պառկեն քնելու: Հլա իրանք կարող ա մի բան ուտեն, բայց ես ու ամուսինս սուրճ ենք խմում ու վերջ, որ գոնե մեր բաժինը մնա երեխաներին»,- պատմում է  Անին:

Թաղամասի մթերային խանութում ամիսներ շարունակ չվճարվող պարտքերի պատճառով այլևս ապառիկ չեն տալիս: Մյուս կողմից էլ պարտքատերերն են պահանջում տված գումարը:

«Ամեն օր զանգում են, օր են դնում, ժամ են դնում, գալիս տեսնում են հնար չունենք, էլի մի երկու օր ժամանակ են տալիս: Ամուսնուս գործի տեղն էլ անընդհատ գալիս վիճում են, թե մեր փողը տուր, ու մի օր էլ էդ վեճը կարող ա ուրիշ բան դառնա»,-մտահոգվում է  Անին:

Թե ի՞նչ կլինի վաղը, Անին չի էլ ուզում պատկերացնել:

 «Չգիտեմ՝ էլ ո՞ւմ դիմեմ, ո՞նց անեմ, ո՞ւր գնամ: Գոնե որ մեկն օգներ պարտքերից դուրս գայինք… Հիմա ես ամենաշատը դրա մասին եմ մատծում, մեկ էլ որ երեխեքս սնունդ ունենան, ձմեռը կարողանանք հանել»,- նշում է երեք երեխաների մայրը:

Առողջական խնդիրներ ունեցող ամուսնուն Անին չի մեղադրում: Ասում է՝ ինքն էլ ամբողջ օրը մտածում ա, բայց հնար չկա ձեռքին․«Ինձ նման ոչ օգնող ունի, ոչ ձեռք մեկնող, ամեն օր վեր ենք կենում մի հույսով, որ ինչ-որ մեկը մեզ կօգնի, ինչ-որ դուռ էլ մեր համար կբացվի»:

Վերջինիս խոսքով, ամուսնու մեկ թոքը փոքր տարիքում հեռացվել է, բժիշկներն ասել են, որ նրան հաշմանդամության կարգ է  հասնում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հիվանդը ստացիոնար բուժման կուրս անցնի Երևանում:

Արմենը, սակայն, մինչ օրս չի կարողանում զբաղվել այդ հարցով:

«Տան միակ կերակրողն ա, որ չաշխատի, ո՞նց կլինի: Մյուս կողմից էլ գնալ-գալ ա, սնունդ ա, էդ ծախսերն էլ չենք կարա անենք: Երեխեքին էլ նայող չկա»,-այդ հարցով չզբաղվելու պատճառներն է թվում Անին:

Ու չնայած Արմենին ֆիզիկական ծանր աշխատանքը հակացուցված է,. բայց երեք երեխաների հայրն այլընտրանք չունի: Ուժերի գերլարմամբ աշխատելուց հետո, սակայն, գրեթե ամեն աշխատանքային օրվա ավարտին վատանում է տանը:

Անելանելի վիճակում հայտնված ընտանիքը դիմել է տարբեր պետական կառույցների,  անհատների ու կազմակերպությունների՝ աջակցության խնդրանքով: Դրական պատասխան, սակայն, դեռ ոչ մի տեղից չի ստացվել:

«Հույսս նոր վարչապետն է: Որ նոր էր նշանակվել, նամակ գրեցի, խնդրել եմ, որ էս տունը փոխեն կամ գոնե աջակցեն էս տան պատճառով առաջացած պարտքերը փակենք»,- նշում է Անին:

Իր ու մանկատան մյուս շրջանավարտների փորձից ելնելով՝ Անին ասում է՝ մանկատանից դուրս գալուց հետո պետությունն այլևս չի հետաքրքրվում իրենց ճակատագրով, այնինչ անհրաժեշտ է, որ գոնե նորմալ աշխատանքով ու բնակության համար պիտանի բնակարանով ապահովեն:

Հացի խնդիր ունեցող այս ընտանիքում կտրականապես դեմ են երեխաներին թեկուզ ժամանակավորապես խնամքի կենտրոնում տեղավորելու պաշտոնյաների առաջարկին:

«Մեր տուն եկել, հարցրել են, ամուսինս կտրականապես դեմ է, ես էլ չեմ ուզում: Չենք կարա էդ մտքի հետ համակերպվենք: Ասում են՝ մանկատուն չի, գիշերօթիկ ա, բայց մեկ ա, չենք կարա: Ասում ենք՝ ոնց էլ ըլնի, ավելի լավ ա մեր հետ ըլնեն, առանց իրանց մի օր չենք կարա մնանք»,- ասում  է երեխաների մայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter