Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Ռումբերն անձրևի պես կթափվեին»,- պատմում է Հալեպից եկած ընտանիքը



«Երբ ինչ-որ գազի բալոն կպայթե, կմտածինք, կոր ռումբ է… Վիճա՞կը… Վիճակը շատ գեշ է հոն»,- սա ասելուց հետո Արփին լռում է: Թեև 5 օր է, ինչ Հայաստանում են, բայց դեռևս անհանգստությունն ու վախ կա, որ թվում է, թե ուր որ է ռումբ է պայթելու:

Արփի Բարդակչյանն ու Հովհաննես Մարանյանը երկու երեխաների հետ, ինչպես իրենք են ասում, ձգել են տունն ու եկել հայրենիք: Առաջին անգամ են Հայաստանում: Ավելի շատ նախընտրում են խոսել Երևանի, քան այսօրվա Հալեպի մասին:

Ամուսիններով քչախոս են, հակիրճ են պատասխանում հարցերին: Առհասարակ դժվար է խոսել պատերազմի մասին, հարցեր տալ ու գրել այդ մասին, եթե այդ ամենն ինքդ չես ապրել:

Մեզնից փոքր-ինչ հեռու Եղիան ու Արազն են խաղում: Նրանք ուրախ են: Ծնողները քիչ ավելի ուշ պատմում են, թե երեխաներն ինչեր են տեսել Հալեպում: Քաղաքից դուրս գալու օրը՝ օդանավակայանի ճանապարհին, երեխաները տեսել են դիեր ու արյուն՝ գետնին, մեքենաների մեջ: Արփին այս ամենը նկարագրում է առանց հուզմունքի, բայց հետո աչքերում ուրվագծվում են նուրբ կարմիր բծեր:

Տեսարանն, ասում է, սոսկալի էր նույնիսկ մեծահասակների համար, էլ ուր մնաց երեխաների: Եղիան անընդհատ լացում էր այդ դրվագները տեսնելիս: Մայրը պատմում է, որ երեխաներն ամիսներով բակ չեն իջել, չեն խաղացել: Տան սենյակից վախենում էին դուրս գալ: Նրանք բնակվում էին Հալեպի Նոր գյուղ թաղամասում:

Երեխաները նախորդ ձմեռվանից ընդհատումներով էին դպրոց գնում: Երկու օր գնում էին, երկու շաբաթ տանն էին մնում: Պայթյուններն այնքան են շատացել, որ չեն կարողացել տնից դուրս գալ: Պատահել է, որ երկու շաբաթով տանն են մնացել, նույնիսկ խանութ չեն կարողացել գնալ: Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ էիք անում սննդի համար: Արփին պատասխանում է, որ տանն ինչ ունեին, դրանով էին բավարարվում:

Ասում է, որ երկու ամիս է՝ Հալեպում էլեկտրականություն ու ջուր չկա: Ջուրը գնում են և՛ խմելու, և՛ կենցաղի համար:

Անցած մի քանի ամիսներին նրանց շենքում երկու ընտանիք էր մնացել: Հրթիռակոծությունների ժամանակ եթե հասցնում էին, իջնում էին առաջին հարկում գտնվող սենյակ, որտեղ քիչ թե շատ ապահով է: Սակայն, ամուսինների խոսքով, շատ հաճախ չէին հասցնում իջնել:

Հիշում են, որ օրեր էին լինում, երբ ռումբերն անձրևի պես էին թափվում, դադար չէին ունենում, երբեմն էլ մի քանի ժամով խաղաղվում էր, ապա կրկին անհանգիստ վիճակ սկսվում: Պայթյուններից ջարդվել էին նրանց պատուհաններն ու դռները:

«Պատերազմ է, գեշ վիճակ է, ամենն ալ ուզում են, որ գան Հայաստան: Սակայն գումար չունեն»,- ասում են Մարանյաններն ու ավելացնում, որ իրենք Հայաստան են եկել բարեկամներից մեկի միջոցով: Տուն են վարձակալել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում: Առայժմ աշխատանք չունեն: Հովհաննեսն ասում է՝ մի փոքր ուշքի գա, անպայման պետք է գործ գտնի: Պատերազմի ժամանակ Հալեպում զբաղվում էր նպարեղենի վաճառքով, մինչ այդ վառարաններ էր պատրաստում:

Երեխաներն այսօրվանից դպրոց են գնալու: Եղիան 6-րդ դասարան է, Արազը՝ առաջին: Մեր զրույցի ընթացքում Արազը վազվզվում էր՝ ձեռքին խաղալիք ատրճանակ: Արփին ասում է՝ Հալեպում այնքան է զենքով մարդ տեսել, որ սովորել է:

Հովհաննեսը նշում է, որ այլևս չեն վերադառնալու Հալեպ, չգիտի էլ, թե արդյոք մի օր խաղաղություն կլինի այնտեղ: «Ցավալի է, որ մեր տուները ձգեցինք, եկանք: Հոս ուրախություն է, եթե գործ ալ ըլլա, շատ լավ կըլլա»,- ասում է նա: Նրա ծնողները հիմա Հալեպում են, նրանց էլ պիտի տեղափոխեն Հայաստան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ