Փորձագետ Արամ Գաբրիելյան. «Կառավարությունը բնապահպանական սուբվենցիաները համայնքերին բաշխում է ոչ թե ըստ օրենքի, այլ՝ ճաշակի»
ՀՀ կառավարությունը 2017-2018թ.թ. պետբյուջեի բնապահպանական սուբվենցիաներ ստացող համայնքերի ցուցակից հանել է Ախթալա համայնքը: Շամլուղ համայնքը ընդհանրապես չի ընդգրկվել այդ ցուցակի մեջ: Այս տարի բնապահպանական սուբվենցիաներից զրկվել են նաև Ալավերդի, Աքորի, Հագվի, Հաղպատ համայնքները:
Բնապահպանության նախարարության առաջարկով Տավուշի մարզի Դեբեդավան, Պտղավան, Արճիս, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Բերդավան, Հաղթանակ, Բագրատաշեն և Այրում համայնքները ընդգրկել է պետբյուջեից 2017թ.-ին բնապահպանական սուբվենցիաներ ստացող համայնքների ցուցակում: Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ այդ համայնքերը ոռոգվում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանից, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից և «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի հանքավայրից արտադրական պոչանքներով աղտոտվող Դեբեդի ջրով: Օրենքը սահմանում է, որ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ կատարվում են այն համայնքերին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Դեբեդի մոնիտորինգի արդյունքներով Ալավերդիով հոսող Լալվար գետակի Դեբեդի գետաբերանում ջրի որակը գրանցվել է վատ՝ 5-րդ դաս: Այստեղ Դեբեդի ջրի հիմնական աղտոտիչներ են գրանցվել սուլֆատ իոնը, պղինձը, ցինկը, կադմիումը, կապարը, մանգանը, կոբալտը, ծարիրը և կախված մասնիկները: Շնող գյուղով հոսող Շնող գետի Դեբեդի գետաբերանի հատվածում ջրի որակը նույնպես գրանցվել է վատ՝ 5-րդ դաս:
Այս հատվածում էլ պարզվել է, որ ջրի հիմնական ախտոտիչներն են մոլիբդենը և կախված մասնիկները: Դեբեդի ջրի որակը վատ՝ 5-րդ դաս է գնահատվել նաև Ախթալա գետակի Դեբեդի գետաբերանում: Այստեղ ջրի հիմնական աղտոտիչներ են գրանցվել ամոնիում և սուլֆատ իոնները, ցինկը, կադմիումը, մանգանը, կախված մասնիկները, մոլիբդենը, կոբալտը, պղինձը, երկաթը և հանքայնացումը:
Մեծ Այրումից 0,5 կմ վերև և հայ –վրացական սահմանային հատվածներում կատարված մոնիտորինգի արդյունքներով Դեբեդի ջրի որակը գրանցվել է անբավարար՝ 4-րդ դաս: Ջրի հիմնական աղտոտիչներ են գրանցվել մոլիբդենը և կախված մասնիկները: ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի արդյունքների և Տավուշի մարզի 10 համայնքների հետ կապված կառավարության որոշման մասին «Հետքին» հայտնեց հետեւյալը. «Առաջինը, եթե պարզվել է, որ Դեբեդի ջրում, այն էլ ոռոգվող, կան նման վտանգավոր պարունակություններ, ապա կառավարությունը պետք է նախ հանձնարարություն իջեցնի այդ համայնքերի գետի ջրով ոռոգվող հողերն ուսումնասիրելու համար: Պարզելու, թե այդ պարունակություններից ոռոգման միջոցով որ տարրերն են անցել հողին: Ապա պետք է ուսումնասիրվի այդ հողերում աճեցված տարբեր մշակաբույսերի վտանգավոր պարունակությունները: Այնուհետ, սոցիալական հետազոտությունների միջոցով անհրաժեշտ է պարզել այդ դաշտերում և այգիներում աճեցված պտուղ-բանջարեղենը ինչ տեղ է գրավում բնակչության սննդակարգում և ինչ ազդեցություններ է թողնում մարդկանց առողջության վրա»: Արմեն Սաղաթելյանը ասաց, որ այս դեպում խնդիրն առավել կարևորվում է այն բանով , որ հատկապես մոլիբդենի առկայությունը սննդի մեջ առաջացնում է ստամոքսի քաղցկեղ: Նման հետազոտություններից հետո միայն կառավարությունը կարող էր Դեբեդի աղտոտման վայրից մոտ 30կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի 10 համայնքերը ներգրավել պետբյուջեից բնապահպանական սուբվենցիաներ հատկացվող համայնքերի ցուցակում: «Կատարվե՞լ են այդ ուսումնասիրությունները»:
Այս մասին բնապահպանության նախարարությանն ուղղված մեր հարցումը մնաց անպատասխան: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին հուլիսի 8-ին գրավոր հայտնել է, թե ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը և մասհանումների համամասնությունները քննարկվել է այս տարվա մարտի 3-ին բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Խ. Աղաբեկյանի ասելով խորհրդակցության որոշումները կայացվել են «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դեբեդ գետի ջրի աղտոտվածության մոնիտորինգի արդյունքների հիման վրա: «Ախթալան ողջ հանրապետության ամենաաղտոտված համայնքն է, որտեղ կապարի թույլատրելի քանակությունը գերազանցում է 86 տոկոսով:
Ալավերդիում այն գերազանցում է 75 տոկոսով, իսկ Երևանի ամենաաղտոտված՝ Էրեբունի շրջանի վարչական տարածքում կապարի թուլատրելի սահմանը գերազանցում է 56 տոկոսով: Ախթալայի հողերում գրանցված արսենի (մկնդեղի) 27/76 մգ/կգ պարունակությունը գերազանցում է միջազգային գրեթե բոլոր ստանդարտները, սահմանված միջազգային ստանդարտները գերազանցում են նաև կադմիումի, պղնձի կոնցենտրացիաները: Դրանք իրենց ծանր հետևանքներն են թողնում ոչ միայն Ախթալայի երեխաների, այլև ամբողջ բնակչության առողջության վրա: Փոխանակ համայնքում առողջապահական ծրագրեր իրականացնելու, բնապահպանական սուբվենցիաներ ստացող համայնքների ցուցակից հանում են»,- ասում է քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում հրապարակված արդյունքներից պարզվում է, որ Ախթալա գետակի գետաբերանի մոտ Դեբեդի ջրի 5-րդ դաս՝ անբավարար որակը պայմանավորված է Ախթալա գետակի պղնձով և ցինկով աղտոտվածությամբ: Մեծ Այրումից 0.5կմ վերև և Վրաստանի սահմանի մոտ դիտակետերի արձանագրած ցուցանիշներով Դեբեդ գետի ջրի որակը մինչև 2014թ.-ը եղել է կամ միջին դասի, կամ լավ: Շնող գետի գետաբերանի 2013թ.-ի դիտարկման արդյունքներով Դեբեդի ջրի որակը նույնպես եղել է լավ դասի: Այն կտրուկ անբավարար դասի է դարձել 2014թ.-ին՝ Թեղուտի պղինձ –մոլիբդենային հանքավայրի շահագործման և Շնող գետակ մոլիբդենի մեծ արտահոսքով, որն է արտացոլվում է Մեծ Այրումից 0,5 կմ վերևի և Վրաստանի սահմանային հատվածների դիտակետերում:
Քաղաքպետ Հ. Խաչիկյանը պնդում է , որ Ախթալա գետակում երբևէ չի դիտարկվել մոլիբդենի թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում: Քաղաքապետը անթույլատրելի է համարում այս դեպքում Ախթալայի ԼՀԿ-ի բնապահպանական վճարների մասհանումները Տավուշի մարզի համայնքներին տրամադրելը՝Ախթալա համայնքի փոխարեն:
«Խորհրդակցության ժամանակ բացատրեցինք և շատ էլ պայքարեցինք, սակայն մեզ պատասխանեցին, որ Դեբեդավանը, Պտղավանը, Արճիսը, Դեղձավանը, Զորականը, Լճկաձորը, Բերդավանը, Հաղթանակը, Բագրատաշենը, Այրումը սահմանամերձ համայնքներ են, նրանք էլ օգտվում Դեբեդի ջրից և պետք է օգտվեն բնապահպանական սուբվենցիաներից»,-հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: «Օրենսդրությունը թերի է, չի մատնանշում ընկերությունների բնապահպանական վճարներից ազդակիր համայնքներին մասհանումներ հատկացնելու սկզբունքներն ու մեթոդները , որից էլ օգտվելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությամբ կառավարությունը բնապահպանական սուբվենցիաները բաշխվում է ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ ճաշակի»,- ասում է փորձագետ Արամ Գաբրիելյանը: Փորձագետը գտնում է, որ պետբյուջեից բնապահպանական մասհանումներ պետք է տալ ընկերությունների գործունեությունից տուժող բոլոր համայնքներին,սակայն այն համայնքներին, որոնց տարածքներում գործունեություն են ծավալում հանքարդյունաբերական ընկերությունները, պետք է լրացուցիչ սուբվենցիաներ տալ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել