
Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով
Տաթև Խաչատրյան
«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի քանակ:
Նույն նմուշներից 6-ի փորձաքննությունն ամիսներ առաջ իրականացրել է նաև Հանրային հեռուստատեսությունը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ հեռարձակվող «Համի որակը» հաղորդման ժամանակ, և ստացել բոլորովին այլ պատկեր։
Օգտակար և անվտանգ կաթնաշոռը
Կաթնաշոռը կաթնաթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և ֆոսֆոր։
Ցածր յուղայնությամբ կաթնաշոռը համարվում է դիետիկ սննդամթերք և օգտագործվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։
Գոյություն ունեն մի շարք նորմեր և որոշումներ, որոնցով սահմանված են կաթնամթերքի արտադրության ու անվտանգության չափանիշները: Մասնավորապես՝ Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքում խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: Տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ):
Սահմանված նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է և կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։
Օրինակ՝ կաթնաշոռում խմորասնկերի և բորոբոսասնկերի նորմայից ավել լինելը վկայում է արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Դրանց շեղումը կարող է նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։
Մաքսային միության տեխնիկական կանոնանակարգի (ՄՄ ՏԿ 033/2013)` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» նորմատիվ փաստաթղթերի համաձայն՝ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >106 ԳԱՄ/գ-ից։
Եթե կաթնաշոռում դրանք նորմայից ցածր են, ապա արտադրության սկզբնական փուլում տվյալ մթերքում տիտրը (մանրէնէրի քանակը) սխալ է պահպանվել, ինչպես նաև՝ խախտվել են մթերքի պահպանման պայմանները։
Աղիքային ցուպիկի առկայությունը ցանկացած մթերքում անթույլատրելի է. այն հանդիսանում է մի շարք հիվանդությունների հարուցիչ և վկայում է արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման մասին։
Փորձաքննության համար ընտրվել է տեղական արտադրության 7 կաթնաշոռ։
Նախքան փորձաքննության հանձնելը, կաթնաշոռերի պիտակները փակվել և համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նմուշները կաթնաշոռերը եղել են ժամկետի մեջ, արտադրողի փաթեթը վնասված չի եղել։
ՆՄՈՒՇ N1
Առաջին համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրած «Մարիաննա» 0.5 % յուղայնությամբ կաթնաշոռը:
Բաղադրության մակնշման մեջ արտադրողը նշում է, որ «կաթնաթթվային մանրէների քանակը պիտանիության ժամկետի ավարտին ոչ պակաս 1x 106 ԳԱՄ/գ» : Փորձաքննությամբ հաստատվել է, որ կաթնաթթվային մանրէները «Մարիաննա» յուղազերծ կաթնաշոռում նորմայի սահմաններում են:
Սակայն դրա մեջ եղել է խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. խմորասնկերը սահմանված նորման գերազանցել են 5, իսկ բորբոսասնկերը՝ 7 անգամ:
Ըստ այդմ՝ այս նմուշը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նորմերով սահմանված ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») և ՄՄ ՏԿ 021/2011( «Սննդային արտադրանքի անվտանգության մասին») պահանջներին:
Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ՍՊԸ-ի յուղազրկված կաթնաշոռը:
Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պահանջներով (ՀՀ ՏՊ), ՄՄ ՏԿ 033/2013 նորմերին համապատասխան և ունի EAC-ի նշան: Վերջինի առկայությունը վկայում է, որ արտադրանքն անցել է Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման բոլոր գործընթացները և կարող է վաճառվել ԵԱՏՄ տարածքում:
Փորձաքննությունից, սակայն, պարզ է դարձել, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրած յուղազրկված կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ:
Ավելին, բորբոսասնկերի քանակը նորման գերազանցում է 5,4 անգամ:
Այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» 9%-անոց կաթնաշոռը։ Մակնշման մեջ գրված է, որ կաթնաշոռն արտադրվում է սեփական տեխնիկական պահանջներին համապատասխան (ՀՀ ՏՊ 05724990.5792-2009):
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արզնի կաթ» կաթնաշոռում խմորասնկերը գերազանցում են նորման 4,1 անգամ։ Կաթնաշոռի մեջ նորմայից մոտ 2 անգամ ավելի էր նաև բորբոսասնկերի թիվը։
Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N4
Փորձաքննության ենթարկված չորրորդ նմուշը «Չանախ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող անյուղ (0.6 %) կաթնաշոռն է:
Արտադրողը մակնշման մեջ գրում է, որ կաթնաշոռում «1գ-ում կաթնաթթվային բակտերիաների քանակը 106 ԳԱՄ-ից ոչ պակաս» է։ Այնինչ, փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի անյուղ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէների քանակը 104 ԳԱՄ/գ է, ինչը պահանջվածից 100 անգամ ցածր է։
Բացի այդ, կաթնաշոռում խմորասնկերի քանակը նորման գերազանցում է 6,4 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝ մոտ 8 անգամ։
«Չանախ»-ի անյուղ կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N5
Հինգերորդ համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» ընկերության դասական կաթնաշոռը (7%)։ Այս կաթնաշոռի վրա փակցված է Հայկական բժշկական ասոցիացիայի տված «Խորհուրդ է տրվում» պիտակը։
Կաթնաշոռն ունի նաև EAC-ի նշանը, ինչը վկայում է, որ ապրանքը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին։
Փորձաքննությամբ, սակայն, պարզվել է, որ վերոնշյալ նորմերը խախտվել են. «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռի մեջ խմորասնկերը 1,6 անգամ գերազանցում են նորման։
Հետևաբար, այս կաթնաշոռը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N6
Վեցերորդ համարի նմուշը «Մարիլա» ընկերության «Սյունիքի բարիքներ» 9%-անոց կաթնաշոռն է։ Այն պատրաստված է ՀՀ ՏՊ 39344017.6980-2012-ով՝ արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան։
Մակնշման մեջ «Մարիլա»-ն, այլ ընկերությունների պես, նշում է, որ «1գ-ում կաթնաթթվային բակտերիաների քանակը 106 ԳԱՄ-ից ոչ պակաս» է։
Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում կաթնաթթվային մանրէների քանակը սահմանված նորմայից 10 անգամ ցածր է։ Բացի այդ, խմորասնկերի քանակը նորման գերազանցում է 5 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝ 12 անգամ։
«Մարիլա»-ի 9 % յուղայնությամբ կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N7
Վերջին՝ յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող 9 % յուղայնությամբ կաթնաշոռը։
Արտադրողի նշած կաթնաթթվային մանրէների քանակը (106 ԳԱՄ/գ) նորմայի մեջ է։ Սակայն, փորձաքննությունը ցույց է տվել, որ «Թամարա» ընկերության կաթնաշոռում խմորասնկերի քանակը պահանջված նորման գերազանցում է 7 անգամ, իսկ բորբոսասնկերի քանակը՝ մոտ 3 անգամ։
Այսինքն՝ «Թամարա»-ի այս կաթնաշոռը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
Նշված 6 նմուշները «Համի որակ»-ը համարել է անվտանգ
Կաթնաշոռի մի այսպիսի լաբորատոր փորաձաքննություն իրականացրել է նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ «Համի որակը» հաղորդման շրջանակներում։
Ինչպես նկարագրության մեջ ասվում է, հաղորդման նպատակն է ՝ «պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը» ։ Այն «առաջնորդվում է բացառապես հանրային շահով և գովազդի նպատակ չի հետապնդում»։
Հաղորդմանն աջակցում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իսկ փորձաքննություններն իրականացվում են ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ում։
2016թ., մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքում տեղադրվել է «Համի որակ» հաղորդաշարի հերթական տեսանյութը տեղական 6 արտադրողների կաթնաշոռի փորձաքննության արդյունքների մասին։ Նույն արտադրողների կաթնաշոռը փորձաքննության համար ընտրել էր նաև «Հետք»-ը։
ՀԱԲԼԾԿ-ում կատարված փորձաքննության ժամանակ «Համի որակը» պարզել էր, որ բոլոր 6 նմուշներում շեղում չկա. դրանք «համապատասխանում են անվտանգության պահանջներին և համարվում են մարդու առողջության համար անվտանգ»։
«Հետք»-ը կաթնաշոռի նմուշները փորձաքննության է տարել 2016թ. սեպտեմբերի 7-ին, բնականաբար, լաբորատորիա են տարվել տարբեր խմբաքանակի կաթնաշոռեր: Սակայն մեր փորձաքննության ժամանակ ոչ միայն շեղումներ են հայտնաբերվել (կաթնաթթվային մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ), այլև նմուշներից մեկում («Թամարա և Անի») եղել է աղիքային ցուպիկ։
Բացի սննդում ոչ պիտանի լինելուց, դրանք նաև ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում են կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:
Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես այստեղ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել