HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Գերիշխող դիրք եւ չարաշահումներ հեռուստատեսային եւ առցանց գովազդի շուկաներում. անկախ մասնագիտական ուսումնասիրության արդյունքները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հեռուստատեսային գովազդի ոլորտում առկա մենաշնորհի վերաբերյալ վարույթ է հարուցել եւ միջոցներ է ձեռնարկում պարզելու՝ արդյոք հայաստանյան 5 հեռուստաալիքների («Արմենիա Թի Վի», «Ա Թի Վի», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Շանթ») եթերի վաճառքն իրականացնող «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» (ՄԻՍ) ընկերությունը գովազդի շուկայում ունի գերակա դիրք: Եթե այո՝ չարաշահո՞ւմ է այն: Վարույթի համար հիմք է հանդիսացել «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ուսումնասիրությունը, որի ղեկավար Աղասի Ենոքյանն էլ հենց դիմել է ՏՄՊՊՀ՝ խնդրելով քննություն իրականացնել և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառել: Նույնանման դիմում ներկայացվել է նաեւ առցանց գովազդի ոլորտում առկա մենաշնորհի վերաբերյալ: 

2016թ. հունվար-մայիս ամիսներին Ա. Ենոքյանի ղեկավարած թիմն ուսումնասիրել է Հայաստանի հեռուստատեսային, ռադիո եւ համացանցային լրատվամիջոցների գովազդային շուկաները, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները եւ մանրամասն զեկույց պատրաստել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հեռուստատեսային եւ համացանցային գովազդի շուկաներում կան գերակշիռ դիրք ունեցող ընկերություններ: Ընդ որում՝ հեռուստատեսային շուկայում գերակշիռ դիրք ունեցող մասնակիցներ կան ե՛ւ վաճառողի, ե՛ւ գնորդի շուկաներում: Ռադիոգովազդի շուկայում չկան գերակշիռ դիրք ունեցող մասնակիցներ:

«Հետազոտություն իրականացնելու գաղափարը ծագեց երկու պատճառով. առաջին՝ մենք տեսնում էինք, որ մեր ԶԼՄ-ները նույնանման տեղեկատվություն են հաղորդում, նույնանման կառուցվածք ունեն, ուզում էինք հասկանալ՝ ո՞րն է դրա պատճառը: Երկրորդ՝ երբ Հայաստանում 90-ականների վերջին սկսեց զարգանալ մեդիաոլորտը, սկսեցին զարգանալ նաեւ գովազդային ենթակառուցվածքները: Դա դրական էր այն առումով, որ խոշոր միջազգային գովազդատուները Հայաստան մուտք գործելու համար դրանց կարիքն ունեին: Ըստ այդմ՝ հույս կար, որ ենթակառուցվածքների զարգացումը կհանգեցնի նոր գովազդատուների՝ նոր ֆինանսական ներհոսքերի, ինչն իր հերթին կբազմազանեցնի մեր լրատվամիջոցների ծրագրերը, դա էլ կնպաստի նրանց ազատությանը, քանի որ գոնե պաշտոնապես ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրը համարվում է գովազդը: Սակայն, այս վերջինն այդքան էլ իրականություն չդարձավ»,- ասում է պրն Ենոքյանը:

«Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ»-ը լուրջ ջանքեր է գործադրում իր կառույցի մեջ չմտնող հեռուստաալիքներին շուկայից դուրս մղելու համար

Հեռուստատեսային գովազդը նախաձեռնում եւ իրականացնում են երեք սուբյեկտներ` պատվիրատուն, գովազդ արտադրողն ու հեռարձակողը: 2013 թվականից, երբ Հայաստանում ստեղծվեց առաջին sales house-ը՝ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» (Media International Services) ընկերությունը, որը կարգավորում է գովազդի վաճառքն ու հեռարձակումը, երկու օղակները՝ պատվիրատուն եւ հեռարձակողը, մեկ կենտրոնից են ղեկավարվում:

Այս ընկերությանն են պատկանում հինգ հեռուստաալիքներով՝ «Արմենիա Թի Վի», «Ա Թի Վի», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Շանթ» գովազդի վաճառքի բացառիկ իրավունքները: «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս հաուսը գովազդատուների հետ աշխատում է բացառապես գովազդային գործակալությունների միջոցով:

Ուսումնասիրելով հայաստանյան 11 հեռուստաալիքների այս տարվա հունվար-մայիս ամիսների գովազդային բյուջեները ըստ գնացուցակային գների՝ Ենոքյանի թիմը եզրակացրել է, որ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս հաուսը միջինում տիրապետում է հեռուստաալիքների համախառն բյուջեների 74%-ին: Սա հակամենաշնորհային կարգավորման մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտում է: ««Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մենաշնորհ կամ գերիշխող դիրք է համարվում մենաշնորհային այն դիրք ունեցողը, որը որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից: Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը: Այստեղից հետեւում է, որ ‹‹Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզը›› սեյլս հաուսը շուկայում ունի ակնհայտ գերակշիռ դիրք եւ չարաշահում է այդ դիրքը»,- գրված է կազմակերպության հրապարակած զեկույցում:

Համեմատելով րոպեով վաճառք իրականացնող հեռուստաալիքները վարկանշային միավորներ վաճառող հեռուստաալիքների հետ («Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ»-ը գովազդի վաճառքն իրականացնում է ոչ թե րոպեներով, այլ հեռուստաալիքների վարկանիշով), ակնհայտ է դառնում, որ մենաշնորհային դիրքի շնորհիվ՝ «Արմենիա», «Շանթ», «Ա Թի Վի», «Արմնյուզ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները վաճառում են օրենքով թույլատրելի գովազդային ծավալների (արտահայտված րոպեներով) միջինում 50%, այն դեպքում, երբ մնացած հեռուստաալիքներին հաջողվում է իրականացնել գովազդային ծավալների վաճառքի ընդամենը 25-30%-ը: Ըստ զեկույցի՝ եթե դիտարկելու լինենք prime time ժամանակահատվածը` երեկոյան ժամը 18:00-ից մինչև ժամը 24:59-ը, ապա ստացվում է, որ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս-հաուսը կարողանում է վաճառել հինգ նշված հեռուստաալիքների մինչև 70% գովազդային ծավալը, մինչդեռ մնացած հեռուստաալիքները նույն ժամանակահատվածում վաճառում են գովազդային ինվենտարի միայն ընդամենը 30-35%: Իսկ եթե վաճառված գովազդային ծավալները դիտարկվում են ոչ թե րոպեներով, այլ համախառն վարկանշային միավորներով՝ wGRPs-ով, ապա ստացվում է, որ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս-հաուսին պատկանող հինգ  հեռուստաալիքները վաճառել են հասանելի ծավալի 81%-ը, այն դեպքում, երբ այլ հեռուստաալիքներին չի հաջողվել վաճառել նույնիսկ 20%:

Ենոքյանը նշում է, որ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ»-ը լուրջ ջանքեր է գործադրում իր կառույցի մեջ չմտնող հեռուստաալիքներին շուկայից դուրս մղելու համար. «Օրինակ՝ միայն իր կազմի մեջ ընդգրկված հեռուստաալիքներով գովազդ հեռարձակելու համար այն կիրառում է մինչեւ 35% զեղչի մեխանիզմը, ինչը նշանակում է, որ գովազդատուները երբեք չեն գնա անիմաստ թանկացման եւ այս հինգ հեռուստաալիքներով գովազդ տեղադրելիս (որոնց թվում են են ամենադիտվող երեք հեռուստաալիքները) իրենց փաթեթներում չեն ներառի այլ հեռուստաալիքներ, կամ պետք է գնան տարբեր խորամանկությունների՝ մյուս հեռուստաալիքներով գովազդ տեղադրելու համար»:

Ենթադրվում էր, որ սեյլս-հաուզի մուտքով հեռուստագովազդի ոլորտում ներգրավված մասնակիցները կաշխատեն քաղաքակիրթ շուկայի կանոններով, դաշտը պրոֆեսիոնալ ձեւով կկարգավորվի, եւ այդ բարեփոխումը կնպաստի մենաշնորհների կանխարգելմանը: Սակայն, Ենոքյանի կարծիքով, «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս-հաուսի հայտնվելով որեւէ դրական տեղաշարժ տեղի չունեցավ, քանի որ այն չստեղծեց հավասար պայմաններ հեռուստատեսային գովազդի շուկան զարգացնելու համար, այլ սկսեց թելադրել իր գերակշիռ դիրքից:

Հեռուստագովազդի շուկայում որպես գնորդներ հանդես են գալիս հեռուստաալիքները: Հայաստանում հեռուստագովազդի գնորդի շուկայում գերակշռող դիրք է զբաղեցնում «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» հոլդինգը (ՊԱՄԳ), որի կազմի մեջ մտնող հեռուստաընկերությունները («Արմենիա», «Արմնյուզ», «Ա թի-վի») տիրապետում են շուկայում բյուջեների 46%-ին, ինչը նշանակում է գերակշիռ դիրք: Ենոքյանը համոզված է, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ը եւ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ»-ը հանդես են գալիս որպես մեկ բիզնես միավոր եւ քաղաքականություն թելադրում հեռուստագովազդի շուկայում: Այդ մասին են վկայում նաեւ այդ ընկերությունների ղեկավարների միջեւ առկա կապերը: ՊԱՄԳ-ի խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը Արմեն Արզումանյանն է, ՄԻՍ-ի գլխավոր տնօրենը՝ Արմեն Արզումանյանի եղբայրը՝ Արամ Արզումանյանը: 

Անվստահություն՝ հեռուստաչափում իրականացնողների նկատմամբ

Խնդիրը ոչ միայն գովազդային գումարների ազատ հոսքերն են, այլեւ հեռուստաչափումներ իրականացնող ընկերությունների իրական անկախությունը:

Քանի որ գովազդի վաճառքն իրականացվում է ոչ թե րոպեներով, այլ հեռուստաալիքների վարկանիշով (ռեյտինգ)՝ դիտումների քանակով (թե քանի մարդ է նայում այդ գովազդը), շատ կարեւոր է, թե ով է չափում ռեյտինգները եւ ինչպես: 2005 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում են հեռուստաալիքների մոնիտորինգ և հեռուստալսարանի չափման ուսումնասիրություններ: Նշված ժամանակահատվածում 3 տարբեր ընկերություններ իրականացրել են հեռուստալսարանի չափման ուսումնասիրություններ: 2005 թվականին նման ուսումնասիրություն Հայաստանում սկսեց իրականացնել  «Էյ Ջի Բի Նիլսեն» (AGB Nielsen) ընկերությունը, իսկ 2008թ. զուգահեռ շուկա մտավ նաև «Ջի Էֆ Քեյ» (GFK) ընկերությունը: 2013թ. «Էյ Ջի Բի Նիլսեն»-ի սեփականատերերը որոշեցին փակել բիզնեսը Հայաստանում: Իսկ 2016 թվականի հունվարի 1-ից «Ջի Էֆ Քեյ» շվեյցարական հետազոտական ընտանիքի արտոնագրով աշխատող «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ հայաստանյան ընկերությունը դուրս եկավ շուկայից: «Ջի Էֆ Քեյ» ընկերությունը ցանկություն չհայտնեց հավելյալ և բավականին մեծ ներդրումներ անել Հայաստանում և արդիականացնել սարքավորումներն ու տեխնոլոգիան՝ դրանք համապատասխանեցնելով թվային ազդանշանի չափմանը, այդ իսկ պատճառով «Տելեմեդիակոնտրոլը» ընկերությունը հեռացավ շուկայից: Նրա փոխարեն հեռուստալսարանի չափման աշխատանքները սկսեց իրականացնել «Ադմոսֆեր-Արմենիա» ՓԲԸ նորաստեղծ մասնավոր ընկերությունը, որի գործընկերը «Նիլսեն Ադմոսֆեր» չեխական չափողն է: Ստեղծվեց «Ադմոսֆեր Արմենիա» մասնավոր ընկերությունը, որն էլ ներկայումս հեռուստաչափումներ է իրականացնում, հնարավորություն ունի նաեւ չափել թվային ազդանշաններ:

Զեկույցի քննարկման ժամանակ, 29 սեպտեմբեր, 2016թ.:  Լուս.՝ Աշոտ Իսրայելյանի

Աղասի Ենոքյանի եզրակացությամբ՝ շուկայում որոշակի անվստահություն կա հեռուստաչափումներ իրականացնող ընկերության տրամադրած տվյալների նկատմամբ ինչպես մեթոդաբանության, այնպես էլ ընտրանքի կառուցման եւ ծրագրային ապահովման տեսանկյունից: ««Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպության աշխատանքը անհրաժեշտ չափով չի բացահայտվում շահագրգիռ կողմերին, ինչն էլ հարուցում է այս մտահոգությունները»,- նշված է հրապարակված զեկույցում: Այս իրավիճակից խուսափելու համար Գովազդատուների համաշխարհային ֆեդերացիան (World Federation of Advertisers) մշակել է 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որը հրապարակված է Եվրոպական հեռահաղորդողների միության (European Broadcasters Union) www.ebu.ch կայքում: Այդ պահանջների թվում են տվյալների վավերականությունը, հուսալիությունը, ողջ շուկան ծածկելու հնարավորությունը, մեթոդաբանության ամբողջական թափանցիկությունը, օգտագործողներին հավասար մուտքի հնարավորությունը, արդար գինը, որակի վերահսկողությունը եւ այլն: «Հայաստանի դեպքում «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության աշխատանքը հեռու է այդ չափորոշիչներից։ Ընկերության ընտրանքի հետ կապված կան մեծ խնդիրներ, քանի որ ընտրանքը հեռու է ներկայացուցչական լինելուց, կան ծրագրային սխալներ, ինչպես նաև չի ապահովվում հնարավոր թափանցիկությունը շահառուների համար»,- ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավարը։

Ըստ զեկույցի՝ վստահության պակասը հեռուստալսարանը չափող ընկերության տվյալների նկատմամբ հանգեցրել է նրան, որ հեռուստաընկերությունները դադարել են հեռուստավարկանիշների համար պայքարել: Եթե նախկինում հայկական հեռուստաեթերում կային այնպիսի միջազգային հեղինակավոր հաղորդումներ, ինչպես ‹‹Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր››, ‹‹Հայաստանի ձայնը›› եւ այլ հեռուստահաղորդումներ, օտարեկրյա հեռուստասերիալներ, ապա այժմ գերակշռողը տեղական հեռուստասերիալները եւ նրանց կրկնություններն են, որոնք արտադրական քիչ ծախսեր են պահանջում: Ենոքյանն անհրաժեշտ է համարում շուկայի հետագա ուսումնասիրություն իրականացնել եւ պարզել «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի, «Ադմոսֆեր Արմենիա»-ի եւ «Մեդիա Ինթերնեշնլ սերվիսիզ»-ի բաժնետերերի միջեւ փոխկապակցվածությունը: Դա, հավանաբար, կարող է անել ՏՄՊՊՀ-ն, քանի որ այդ ընկերությունները ՓԲԸ-ներ են եւ դրանց բաժնետերերի մասին տեղեկությունները մատչելի չեն: Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, որոնք ձեռք է բերել «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն»-ը, «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի հիմնադիրները գրանցված են օֆշորում՝ «Բենեթ Գրուպ Օֆշոր» եւ «Պան Արմ Օֆշոր», «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ-ի հիմնադիրը Տիգրան Հակոբի Եղոյանն է (100%), իսկ «Մեդիա Ինթերնեշնլ սերվիսիզ»-ի հիմնադիրը՝ Տիգրան Սաֆարյանը (100%), որը միաժամանակ Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրենն է: Եթե այդ կապերը հաստատվեն, կստացվի, որ մի հարկի տակ են կենտրոնացել եւ՛ չափումները, եւ՛ չափումների հիման վրա արված վաճառքը, եւ՛ վաճառքի արդյունքում կատարված հեռարձակումը:

Մեկ տարում «Դի Ջի սեյլզ»-ը գրավել է առցանց գովազդի շուկայի 41%-ը

Ի դեպ, նույն Տիգրան Սաֆարյանը առցանց գովազդի շուկայում գործող առայժմ միակ սեյլս- հաուս-ի՝ «Դի Ջի սեյլզ»-ի ամենախոշոր սեփականատերն է՝ 65% բաժնեմասով: «Դի Ջի սեյլզ» ՍՊԸ-ի մյուս երկու բաժնետերերն են՝ Արսեն Սուլթանյանը (12.25%), որը նաեւ IP marketing ընկերության համահիմնադիրը եւ տնօրենն է,  եւ Բորիս Սահակյանը (22.75%): Երկու ոլորտներում՝ առցանց գովազդի եւ հեռուստագովազդի, Տիգրան Սաֆարյանի ներկայությունը Աղասի Ենոքյանին մղում է այն եզրակացության, որ այդ երկու մեդիադաշտերը փոխկապակցված են: «Մոնոպոլիզացիան զուգահեռ չի գնում երկու դաշտերում, բայց միասնական է գնում»,- ասում է նա: 

Տիգրան Սաֆարյանը Media International Service ընկերության  շնորհանդեսին: Լուսանկարը՝ Մեդիամաքսի

«Դի Ջի Սեյլզ» ընկերությունը առցանց գովազդի շուկայում հայտնվեց 2015 թվականին: Այն սկսեց գնել որոշ առցանց հարթակներում գովազդի տեղադրման բացառիկ իրավունքները եւ հայտարարեց իր մասին՝ որպես սեյլս հաուսի: Ըստ զեկույցի՝ ներկայումս «Դի Ջի Սեյլզ» ընկերությունը տիրապետում է առցանց գովազդային շուկայի ամենավարկանիշային մի շարք հարթակներում, ինչպեսին են՝ news.am, tert.am, lragir.am, panarmenian.net եւ այլ լրատվական-վերլուծական կայքերում գովազդի տեղադրման բացառիկ իրավունքին: «Դի Ջի Սեյլզ» ընկերությունը հանդես է գալիս եւ՛ որպես սեյլս հաուս, եւ՛ որպես գովազդային գործակալություն: Որպես գովազդային գործակալություն այն իր հետ համագործակցող առցանց կայքերի համար կարող է ունենալ ամենամեծ զեղչերը եւ ըստ այդմ՝ լինել մրցակցությունից դուրս շատ գովազդատուների համար: Լինելով սեյլս հաուս՝ այս ընկերությունը առանձնապես շահագրգիռ չէ աշխատել ցածր վարկանիշային եւ նոր-նոր շուկա մտնող կայքերի հետ: «Ստացվում է, որ  «Դի Ջի Սեյլզ» ընկերությունը, մեծ հաշվով, առցանց գովազդային շուկայի զարգացման խնդիրը չի լուծում, քանի որ նախընտրում է աշխատել արդեն կայացած կայքերի հետ, եւ, լինելով գերակշիռ դիրքում, խոչընդոտում է գովազդային բյուջեների հոսքերին դեպի նոր մուտք գործող կայքեր»,- 5-ամսյա հետազոտության արդյունքում նման եզրահանգում է կատարել Ա. Ենոքյանը:

2016 թվականի մայիսին «Դի Ջի Սեյլզ» ընկերությունը  տիրապետել է առցանց գովազդային շուկայի բյուջեների 41.3%-ին, ինչը, ըստ զեկուցման հեղինակների, «ակնհայտորեն գերիշխող դիրք է համարվում»: «Դի Ջի Սեյլզ» ընկերության կողմից Հայաստանի առցանց գովազդի շուկայում մասնաբաժնի դինամիկան 2016թ. 5 ամիսներին հետեւյալն է.

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

«Դի Ջի Սեյլզ»

28,7%

32,2%

39,7%

38,2%

41,3%

Թե ինչ որոշում կկայացնի ՏՄՊՊՀ-ն առցանց եւ հեռուստագովազդի շուկաներում գերիշխող դիրքի առկայության եւ դրա չարաշահման վերաբերյալ դիմումի վարույթի արդյունքում՝ պարզ կլինի, հավանաբար, հոկտեմբերի վերջին: «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը դիմումը ՏՄՊՊՀ է ուղարկել հուլիսի 21-ին: Հանձնաժողովը այն քննարկելու է ստացման օրվանից 90-օրյա ժամկետում, եթե կասեցման կամ վարույթի ժամկետը երկարացնելու որոշում չկայացնի: ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանի խոսքով՝ վարույթի շրջանակներում կազմակերպվել են լսումներ համապատասխան սուբյեկտների մասնակցությամբ, ստացվել են պարզաբանումներ: «Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, համապատասխան սուբյեկտներից տեղեկություններ ենք պահանջել, հանձնաժողովի՝ որպես մասնագիտացված մարմնի եզրակացությունը կարտացոլվի վարույթի վերջնական արդյունքում ընդունված որոշման մեջ՝ կա՞ գերիշխող դիրք, այդպիսի դիրքի չարաշահում առկա՞ է, թե՞ ոչ»: Իսկ մինչ այդ, նրա անձնական դիրքորոշմամբ՝ եթե սեյլս-հաուս հանդիսացող ընկերություններն առաջարկվող զեղչերի մասին տեղեկատվությունը հրապարակային ձեւով ներկայացված գնացուցակում չեն նշում, եւ դա տրամադրվում է միայն այն անձանց, ովքեր պայմանագիր են կնքում, ապա դա անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: «Եթե սուբյեկտն ունենում է գերիշխող դիրք, նրա վարքագիծը պետք է էականորեն տարբերվի շուկայի մնացած խաղացողների վարքագծից: Այսինքն՝ նրա պայմանները պետք է բոլորի համար հավասար լինեն: Եթե հավասար չեն, ընտրության չափանիշները պետք է լինեն ոչ խտրական եւ արդարացի: Զեղչի տրամադրումը այն պայմանով, որ միայն իր հարթակներից պետք է օգտվեն, կարող է խնդիր առաջացնել, եթե պարզվի, որ այդ ընկերություններն ունեն գերիշխող դիրք»,- ՔՄՀԿ-ի զեկույցի ներկայացման ժամանակ նշեց Արսեն Հովհաննիսյանը:

Անկախ ՏՄՊՊՀ որոշումից՝ գովազդի շուկայում առկա այս խնդիրները լուծելու համար ուսումնասիրությունն իրականացրած կազմակերպությունը անհրաժեշտ է համարում որոշ քայլեր կատարել, որոնք առաջարկությունների տեսքով տեղ են գտել զեկույցում.

  • Անկախ աուդիտի ենթարկել «Ադմոսֆեր Արմենիա» հեռուստալսարանը չափող ընկերության գործունեությունը մեթոդաբանության, օգտագործվող ծրագրերի եւ ընտրանքի տեսանկյունից՝ հեռուստավարկանիշների նկատմամբ վստահության ավելացման, հեռուստաալիքների միջեւ մրցակցությունը խթանելու, գովազդատուների բյուջեները ավելի արդյունավետ ծախսելու, լրատվամիջոցների անկախությունը բարձրացնելու նպատակով:
  • Ստեղծել գովազդային ինդուստրիալ կոմիտե միջազգային ընդունված չափորոշիչների համաձայն, որի առաջնահերթությունը կլինի հենց այդ աուդիտի կազմակերպումը: Աուդիտի ֆինանսավորման համար առաջարկվում է դիմել գովազդային ընկերություններին, ինչպես նաեւ խոշոր միջազգային գովազդատուներին կամ միջազգային կազմակերպություններին: Անհրաժեշտ է հեռուստաչափումներ իրականացնող ընկերության գործունեությունը դարձնել հնարավորինս բաց, թափանցիկ, եւ, համաձայն MFA եւ EBU չափորոշիչների, այն միշտ պահել գովազդային շուկայի մասնակիցների վերահսկողության ներքո:
  • Իրականացնել գովազդային շուկայի հետագա հետազոտություն՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ», «Տելեմեդիակոնտրոլ», «Ադմոսֆեր Արմենիա» եւ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» ընկերությունների հնարավոր փոխկապակցվածությունը պարզելու համար: Այն հնարավոր է անել հեռուստաչափումների հետագա մանրամասն ուսումնասիրության եւ զուգահեռ որակական ուսումնասիրությունների, ինչպես նաեւ՝ շուկայի մասնակիցների հետ հարցազրույցների միջոցով: Այս աշխատանքները կարող է իրականացնել գովազդային ինդուստրիալ կոմիտեն: Հեռուստաչափող ընկերության աշխատանքի կանոնակարգումը հնարավորություն կտա փորձել ստեղծել երկրորդ սեյլս հաուսը, ինչը էապես կբարձրացնի «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ» ընկերության ցանկից դուրս մնացած հեռուստաալիքների գովազդային հնարավորությունները:
  • Վերանայել հեռուստատեսային գովազդը կարգավորող օրենսդրությունը, քանի որ ներկայումս այն կանոնակարգում է գովազդի վաճառքը րոպեներով, մինչդեռ իրականում հեռուստատեսային գովազդի վաճառքը հիմնականում իրականացվում է ըստ համախառն վարկանիշային միավորների:
  • Կատարել փոփոխություններ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում՝ կարգավորելու համացանցային հարթակների գործունեությունը, ինչը հնարավորություն կտա հստակեցնել նրանց գովազդային հնարավորությունները եւ թափանցիկ ու հաշվետու կդարձնի նրանց ֆինանսական գործունեությունը:

«Որքանո՞վ է հնարավոր երկրորդ սեյլս-հաուսի ստեղծումը» հարցին Աղասի Ենոքյանը պատասխանում է. «Հեռուստաընկերությունների պարագայում գրեթե անհնար է, բայց առցանցում հնարավոր է, որովհետեւ երեք խոշոր հեռուստաընկերությունները՝ ամենառեյտինգայինները, արդեն ՄԻՍ-ի կազմում են, եւ մնացած հեռուստաընկերությունները միասին չեն ստանա այնպիսի ռեյտինգ, որ գովազդատուներին գրավեն: Մյուս խոչընդոտն այն է, որ մեծ կասկածներ կան, թե այն ընկերությունը, որը որոշում է ռեյտինգները, սերտ կապի մեջ է այն կազմակերպության հետ, ով վաճառում է ռեյտինգները: Այսինքն՝ իրենք իրենց որոշում են՝ ում ինչքան փող է հասնում, ու այդ փողը բաժանում են»:

«Սա համակարգային խնդիր է, եւ դրա լուծումն անհնար է մի երկրում, որտեղ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտաճած են»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ձեւավորվեց, «Երկիր մեդիան» մտավ «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» սեյլս-հաուսի մեջ»,- իբրեւ Մելիքյանի խոսքի հավաստում եզրափակում է Աղասի Ենոքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter