HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք մահապատիժը վերականգնում ենք»,- ասում է ցմահ դատապարտյալը

Ամալյա Մարգարյան

«2003թ. նախագահ Ռ. Քոչարյանը փոխարինեց մահապատիժը ցմահ ազատազրկմամբ, էսօր մենք հետընթաց ենք ապրում և մահապատիժը վերականգնում: Երբ բողոքում ենք, մեզ ասում են` սուս նստեք. վաղաժամկետ գոյություն ունի»,-ասում է ցմահ ազատությունից զրկված դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը:

Տասնութ տարի ազատությունից զրկված դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է բողոքարկել իր՝վաղաժամկետ պայմանական ազատման դիմումը, որը մերժվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կողմից: Բողոքի հիմնական պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատողների կողմից տրամադրած բացասական բնութագիրն է:

Դատապարտյալն ասում է, որ. ինչպես ինքն է հասկանում, ՀՀ-ում մահապատիժը դեռ գործում է, քանի որ 15 ցմահ դատապարտյալներից որևէ մեկի դիմումը չի բավարարվել. և նրանց նկատմամբ չի կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատում:

«Մարդը կանգնել չի կարողանում, բայց նրան ասում են՝ դու չես գնացել թենիս խաղալու, մերժում ենք քո վաղաժամկետ ազատման դիմումը, իսկ մերժել նշանակում է մահապատիժ»,-մեկնաբանում է դատապարտյալը:

Քննության ընթացքում Ալիկ Գրիգորյանը նշեց, որ թեև բոլոր դատապարտյալների վրայից հանվել է ռիսկային լինելու գործակիցը, որոնցով բնութագրվել են ենթադրյալ փախուստ կատարողները կամ դիտավորյալ չարամիտ խախտում կատարողները, այնուամենայնիվ կատարված ռիսկայնության գնահատումը անդրադարձել է իրենց բնութագրի վրա:

«2012-ին բոլորի վրայից հանվեց ռիսկայնության գործակիցը՝ «կարմիր գիծը», իսկ այսօր 15 հոգու ռիսկայնության գործակիցը բարձր լինելու պատճառով «մահապատժի» են ենթարկում, ասում են՝ դու չես ուղղվել, ռիսկայինությունդ բարձր է եղել, իսկ ռիսկայնության գործակցի սանդղակը ինչպե՞ս եք չափում»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդարադատության կապիտան Արմեն Պետրոսյանը, պատասխանելով դատապարտյալի այն հարցին, թե ինչպես է կազմվել վերջինիս բնութագիրը. մեկնաբանեց. «Բնութագիրը գրել եմ ես, կազմվել է անձնական գործին համապատասխան, անձնական գործում առկա նյութերից, անձի հետ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տարված աշխատանքների հիման վրա»:

Չբավարարվելով այս պատասխանով՝ Ալիկ Գրիգորյանն ասաց. «Բնութագրի մեջ գրված է՝ ամեն ինչ լավ, դրական: Եղբայր, սա քո գրածն ա, քո ստորագրածն ա, նորմալ ա, լավա, շփվող ա, իսկ վերջում տալիս եք՝ բացասական է: Սա ո՞նց հասկանամ, ախր դու պիտի մարդուն ճանաչես, նոր կազմես բնութագիրը»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter