HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը անկում է ապրում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև կատարվող առևտուրը շարունակում է նվազել։

 Այս տարվա առաջին 7 ամիսներին ԵԱՏՄ երկրները միմյանց հետ 22.3 մլրդ դոլարի առևտուր են արել, որը 17.2%-ով պակաս է 2015-ի նույն ամիսներին ցուցանիշից։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները։  

 ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալը միության ներսում երկրների կատարած արտահանումների գումարն է։ Ավելի պարզ՝ 2016թ. հունվար-հուլիսի ցուցանիշների գումարը, որոնք ներկայացված են ներքևում գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում, կազմում են հենց նշված 22.3 մլրդ դոլարը։  2015-ի հունվար-հուլիսի համեմատ այս տարի դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ամենամեծ անկումը, ըստ  տոկոսային  համեմատության, գրանցել է  Ղրղզստանը, իսկ գումարային հաշվարկով՝ Ռուսաստանը։

Հայաստանը նրանց շարքում միակ երկիրն է, որը դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման  աճ է գրանցել, այն էլ՝ միայն դեպի ՌԴ արտահանման աճի հաշվին։ ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ հունվար-հուլիսին աճը կազմել է 71.8% (միայն այստեղ մեջբերել ենք ԱՎԾ-ի տվյալը, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակման մեջ այդ տվյալը չգտանք): Դրանով էլ պայմանավորված՝ ԵԱՏՄ երկրների առևտրում, ըստ արտահանման ցուցանիշների, Հայաստանի տեսակարար կշիռը 2015-ի հունվար-հուլիսին գրանցված 0.4%-ից այս տարի հասել է 0.9%-ի։

Իսկ Ռուսաստանի կշիռը արտահանման կազմում 62.8%-ից դարձել է 62.3%։  

Ինչպես տեսնում եք, ԵԱՏՄ առևտրի կազմում ամենամեծ կշիռը Ռուսաստանինն է, որը հունվար-հուլիսին կազմել է 62.3%, ամենափոքրը՝ Ղրղզստանինը (0,6%)։ Հայաստան գերազանցում է միայն վերջինին (0.9%)։  Բելառուսի կշիռը կազմել է 26.8%, իսկ Ղազախստանինը՝ 9.4%:

Իսկ եթե ԵԱՏՄ առևտրի  ցուցանիշները դիտարկում ենք ըստ ներմուծման, ապա այստեղ Հայաստանի կշիռը 1.9%-ից հասել է 2.4%-ի։ Իսկ Ռուսաստանի կշիռը 31.4%-ից՝ 33.3%։  

Թեև Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է, սակայն Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հունվար-հուլիսին նվազել է 5.8%-ով, քանի որ այս ընթացքում ՌԴ-ից ՀՀ ներմուծումը պակասել է։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի` նվազումը կազմել է 3.9%: Մյուս երեք երկրների հետ Հայաստանի առևտուրը փոքր ծավալներ ունի։ Չափազանցություն չի լինի նշելը, որ  Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Հայաստանը առևտուր գրեթե չի անում։

ԵԱՏՄ ներսում առևտրի ամենամեծ կշիռը Բելառուս-Ռուսաստանինն է

 Ինչպես նշեցինք, ԵԱՏՄ-ի ներսում առևտրի ծավալներով առաջատարը Ռուսաստանն է։ Մյուս չորս երկրները ակտիվ առևտուր են անում հենց Ռուսաստանի հետ, իսկ միմյանց հետ առևտուրը զգալի չէ։ Ըստ ընդհանուր առևտրաշրջանառության՝ տնտեսական միության ներսում ամենամեծ տեսակարար կշիռն ունի Բելառուս-Ռուսաստան առևտուրը, ամենափոքրը՝ Հայաստան-Ղրղզստան առևտուրը։ Վերջինի դեպքում առևտուր ասվածը շատ հարաբերական է, քանի որ դրա տեսակարար կշիռը ընդհանուր մեջ 0% է։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ առևտրաշրջանառությանն ավելի վաղ մանրամասն անդրադարձել ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter