HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արամ Մանուկյանի կալանքի երկարացման դեմ բողոքը

«Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել էինք առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ ակտը։ Սակայն, դատարանը մերժեց այն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ թողնելով։ Մերժման որոշումը դեռ չեմ ստացել և տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է մերժվել բողոքը»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդում է, որ Արամ Մանուկյանի կալանավորման, կալանքի երկարացման միջնորդություններում փաստական ապացույցներ չկան, միայն միակ տուժող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքն է, որով հաղորդվել է, որ Մանուկյանը ներկա է գտնվել ՊՊԾ գնդում, սակայն, ըստ փաստաբանի, կատարված բուն գործողությունների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել։

Բաղդասարյանը ևս չի հերքում այն հանգամանքը, որ Արամ Մանուկյանը ներկա է գտնվել ՊՊԾ գնդում, որպես ապացույց նշում է Մանուկյանի՝ դիպուկահարի կրակոցից ստացած վիրավորումը, սակայն շեշտում է, որ պետք է լինի տեղեկատվություն, որը կանհատականացնի անձին, կմանրամասնի, թե գործում որպես մեղադրյալ ներգրավված անձն ինչ գործողություններ է կատարել։

Մանուկյանը ներկա չի գտնվել դատական նիստին, քանի որ փաստաբանը ենթադրում է, որ իր պաշտպանյալը չի հավատում տեղի ունեցող դատավարությունների իրավականությանը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter