Նախարարություն. վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»:
Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները, ըստ հաղորդագրության, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ ձևավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ չի հստակեցվում` ով է Կարեն Պողոսյանը: Դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա նաև վթարի հնարավոր պատճառների մասին:
Լուսանկարը` TASS գործակալության
Մեկնաբանել