Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Սամվել Դարբինյանի հեռանալու գինը` 160 մլն դրամ պետական բյուջեից



Հոկտեմբերի 10-ից, այսինքն` այն օրից, երբ Վանաձոր համայնքի ավագանին նոր համայնքապետ ընտրեց, համայնքապետարանը կատարյալ կազմալուծված վիճակում է: Չնայած համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի պաշտոնավարումը դեռեւս դադարեցված չէ, երբ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքներով ձեւավորված ավագանին հայտարարեց համայնքի նոր ղեկավարի անունը, նա առերեւույթ դադարեցրեց իր գործունեությունը:

Համայնքի նոր ղեկավարի ինտրիգներով հարուստ քվեարկության ավարտից հետո դեռեւս գործող համայնքապետ Սամվել Դարբինյանը շենքից դուրս եկավ արտաքուստ գոհունակություն արտահայտող դեմքով եւ համայնքապետարանի առջեւ խռնված բազմության ծափերի ուղեկցությամբ ու գրկախառնություններով հրաժեշտ տվեց համայնքապետարանին:

Զուր էին մեր ջանքերը նրա հեռանալուց հետո, նաեւ հաջորդ աշխատանքային օրը համայնքապետարանում գտնել որեւէ պաշտոնյա, որը կպատասխաներ քաղաքին կամ համայնքապետարանի գործունեությանը վերաբերող մեր հարցերին: Աշխատասենյակների դռները կամ փակ էին, կամ՝ հարցը լսելուց հետո մեզ հրամցնում էին աշխատանքից ազատվելու մասին համայնքապետի հրամանը, չնայած այդ հրամանով նրանք դեռեւս աշխատանքի մեջ են համարվում եւ վարձատրվում են:  

Բայցեւայնպես, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը համաձայնեց «ոչ պաշտոնական» պարզաբանում ներկայացնել մեր այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են համայնքապետարանի ենթակայության բյուջետային հիմնարկների եւ ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերի մեծ պարտքեր կուտակվել: Քաղաքի երկարամյա՝ 17 տարվա ղեկավարը պաշտոնը թողեց՝ պարտքերի մեծ բեռ փոխանցելով Կառավարությանը՝ 167,629.9 մլն դրամ:

Աշխատակազմի քարտուղարի ասածն ավելին չէր, քան համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանի` մինչ այդ մամուլին տված մեկնաբանությունը: «Դեռեւս 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացվեց, եւ կառավարությունն ընդամենը մեկ տարվա փոխհատուցում արեց, իսկ մյուս տարիներինը՝ ոչ, ինչի հետեւանքով էլ այս իրավիճակը ստեղծվեց»: Վանաձորցի պաշտոնյայի ներկայացմամբ՝ աշխատողների թվաքանակը, մուտքերը նույնն են մնացել, բայց բեռն ավելացել է: «Մեր համակարգի 1200 աշխատողից 1000-ը նվազագույն աշխատավարձ է ստանում, դե, պատկերացրեք, որ այդ 5000-ական դրամներն ինչ հսկայական գումար են կազմում: Այս հարցով դիմել ենք կառավարություն, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան կետով պետք է առաջացած ծախսերի համար պատասխան տա ծախսը բարձրացնող մարմինը»,- հայտնել էր քաղաքապետի տեղակալը: 

Լոռու մարզպետարանը մարզի համայնքների 2016թ. առաջին կիսամյակի գործունեությունն ամփոփելով՝ արձանագրել էր, որ մարզի 106 համայնքներից միայն Վանաձորն է աշխատավարձերի պարտքեր կուտակել: Օգոստոսի 15-ի դրությամբ հանրապետության երրորդ քաղաքի բյուջետային աշխատողների աշխատավարձերի պարտքը հասել էր 167, 629.9 մլն դրամի:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Կառավարության «անպարտաճանաչությունը» բացասաբար անդրադարձել միայն Վանաձորի բյուջեի վրա:

Պետք է ասել, որ նրանց հաջողվել էր իրենց «համոզիչ» բացատրությունը տարածել նաեւ շարքային աշխատողների շրջանում եւ չվճարված աշխատավարձերի մեղավոր ներկայացնելով Կառավարությանը՝ 3-4 ամիս չվարձատրված հազարից ավելի աշխատակիցների ցասումը հեռացնել իրենցից: «Շատ փոքր ուշացումներ են եղել, խոսքը ոչ թե ամիսների, այլ օրերի մասին է»,- ձայնի ոչ ինքնավստահ տոնով մեզ բացատրում էր աշխատակազմի քարտուղարը՝ թերեւս մտածելով, որ այդ աղմկահարույց պատմության մասին առաջին անգամ իրենից ենք լսում:

«Աշխատավարձի խնդիրը լուրջ ուսումնասիրության առարկա է դառնալու, քանի որ կառավարությունը պարտավոր չէր լուծելու համայնքի աշխատավարձերի պարտքը, սակայն հարցը վերահսկողությունից դուրս էր գալիս»,- «Ֆորտունա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա հայտնել է, որ Լոռու մարզպետն այդ հարցով եղել է հանրապետության նախագահի մոտ եւ վերջինիս հանձնարարությամբ Կառավարությունը որոշում է կայացրել վճարել Վանաձոր համայնքի ենթակայության հիմնարկների 1200 աշխատողների 3-4 ամսվա աշխատավարձը:

Մարզպետը դիմել էր հանրապետության նախագահին, որովհետեւ առջեւում ՏԻՄ ընտրություններ էին, իսկ սոցիալական պայթյունավտանգ վիճակում («Վանաձոր- Քիմպրոմը» լիուլի բավարար է դրա համար-Ս.Պ.) գտնվող Վանաձոր քաղաքում իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, քվե ստանալու ակնկալիքներ չէր կարող ունենալ:

ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում շարունակական պարտություն էր կրել այս քաղաքում: 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ գործող նախագահը վանաձորցիների քվեն չստացավ, Սամվել Դարբինյանը շատ լավ իմանալով, որ դա առաջին հերթին իր աշխատանքին տրված գնահատականն է, շտապեց հայտարարել հրաժարականի մասին: Նրա հրաժարականն այն ժամանակ չընդունվեց, քանի որ նույն պատճառով արդեն հրաժարականի դիմում էին ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, եւ շարունակական հրաժարականները սպառնում էին փլուզել համակարգը:

Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց նոր թեկնածուով: Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում Սամվել Դարբինյանը չընդգրկվեց: Քաղաքապետն, ըստ ամենայնի, հույսեր փայփայել էր, որ կուսակցությունը կառաջադրի իրեն եւ տարեսկզբից հանրությանը սիրաշահելու քաղաքականություն էր որդեգրել: Համայնքի բյուջեի վերլուծությունից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աղբի վարձավճարը մոտ 33 մլն դրամով պակաս է հավաքագրվել, 10 մլն 348 հազար դրամով պակաս են հավաքագրվել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողական վարձավճարները:

Օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Լոռու մարզ մեկնած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այդ հարցի առնչությամբ լրատվամիջոցներին հայտնել էր, որ քաղաքապետին հանձնարարվել է բյուջեում որոշակի վերափոխումներ կատարել, Կառավարությունն էլ իր մասով կփորձի որոշակի օժանդակություն ցուցաբերել ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Խոսքը ուռճացված հաստիքներից ազատվելու մասին էր, սակայն նրանց չհաջողվեց  կրճատումներ պարտադրել Ս· Դարբինյանին: Վանաձորցիների ասելով` նախորդ տարում մանկապարտեզներում կրճատվել էր պահակների հաստիքը, փոխարենը փոխտնօրենների հաստիքն էր ավելացել:

Սեպտեմբերի 2-ի նիստում Կառավարությունն իր ստանձնած «որոշակի օժանդակությունը» կատարեց. Վանաձոր համայնքին 160 մլն դրամ հատկացնելու մասին որոշում կայացրեց: Համայնքապետարանին թողնվեց մարել մոտ 8 մլն դրամի պարտքը: «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար ՀՀ Լոռու մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 160,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով: 

Ամռան ամիսներին աշխատավարձերի թեման ամենահրատապն էր Վանաձորում, միաժամանակ՝ ամենավտանգավորը ՏԻՄ ընտրություններից առաջ: Համայնքապետ Ս. Դարբինյանը, սակայն, փորձել է հանրությանը շեղել բուն պատճառներից եւ համընդհանուր դժգոհությունը կենտրոնացնել համայնքապետարանի ենթակայությամբ գործող 20 մանկապարտեզների վրա: Նա շարունակ շանտաժի է ենթարկել աշխատավարձի պահանջ ներկայացնողներին, օրինակ՝ մանկապարտեզների աշխատակիցներին, ծնողներին: Ավագանու անդամների հետ հարցը քննարկելու ժամանակ Ս. Դարբինյանը նշել էր, որ վարձավճարները չբարձրացնելու դեպքում ստիպված կլինեն քննարկել քաղաքի 4 մանկապարտեզները փակելու հարցը: Ապա շրջանառել այն լուրը, թե վարձավճարները չբարձրացնելու դեպքում առաջիկայում մանկապարտեզներում տրվող սննդի կալորիականությունը կիջնի:

Վանաձորի մանկապարտեզներում ծնողական վարձավճարի չափը տատանվում է 3000-6000 դրամի սահմանում: Համայնքի ղեկավարն առաջարկել էր վարձավճարը բարձրացնել եւս 2500 դրամով: Հարցը քննարկելու համար ձեւական հանրային քննարկում էր հրավիրվել, որին, սակայն, չէին հրավիրվել ծնողները (քննարկմանը ներկա են եղել թվով 20 մանկապարտեզների տնօրենները եւ ավագանու 19 անդամներից 2-ը):

«Տեսնում եմ, որ հանրությանն էլ չի հետաքրքրում մանկապարտեզների վարձավճարների բարձրացումը: Այնինչ, մտածում էինք՝ մանկապարտեզների վարձավճարների բարձրացումն ի շահ մեր մանկապարտեզ հաճախող երեխաների էր, որ նրանց սննդամթերքի կալորիաները, նաև մանկապարտեզների կենսամակարդակն ինչ-որ չափով բարձրացնեինք, սակայն քանի որ շահագրգռված կողմերը չկան՝ ո՛չ ծնողները, ո՛չ հանրությունը, ո՛չ ավագանին, ես՝ որպես քաղաքապետ, վարձավճարների բարձրացում չեմ անում: Հարցը փակվում է հենց այսպես. ոնց որ կա, այդպես էլ կմնա»,- հայտնել էր քաղաքապետը՝ հերթական շոուն ավարտված համարելով:

Գլխ. լուս.`  Սառա Պետրոսյանի, լուս.` Անի Գեւորգյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ