HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

«Երկրաշարժի» չարչարանքները

Հայտնի դարձավ, որ Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմը, որի պաշտոնական անվանումը «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հայտերի ցուցակում այսպիսինն է՝ «Zemletryaseniye (Earthquake)»:

Ֆիլմի հայաֆիկացված անվանումն է «Երկրաշարժ», այն արտադրել է ռուսաստանյան «Մարս մեդիա» կինոընկերությունը: Ֆիլմը պաշտոնապես համարվում է ռուս-հայկական համատեղ արտադրանք, որի ընդհանուր բյուջեն կազմել է 3 միլիոն դոլար: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնեցին, որ «Երկրաշարժին» ֆինանսական ներդրում չի արվել, աջակցությունը եղել է զուտ խորհրդատվական և կազմակերպչական:

«Օսկարի» կոմիտեն համարել է, որ «Երկրաշարժը» «չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին»: Ընտրության այս փուլում խոսքը ոչ թե գեղարվեստական, այլ զուտ տեխնիկական հարցերն են:

Ըստ հայտատուի փաստաթղթերի ստացվել է, որ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը (համենայնդեպս, ֆիլամարտադրող առանցքային մասնագետները՝ ռեժիսորը, պրոդյուսերները, սցենարի հեղինակները, խմբագիրները և այլն), որպես իրենց ներկայացնելու իրավունք ունեցող երկիր, նշել են ոչ Հայաստանը: Ֆիլմի նկարահանումների մեծ ծավալը նույնպես իրականացվել է ոչ Հայաստանում:

Կինոակադեմիան դա բավարար պայման է համարել այլևս չքննարկել ֆիլմի հետագա ընթացքը «Օսկարի» ճանապարհին և առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ ֆիլմ ներկայացնել՝ շրջանցելով հայտերի ընդունման վերջնաժամկետը:

Որակազրկման փաստը «Մարս մեդիա» ընկերությանը խիստ բարկացրել է: Ընկերության հիմնադիր և «Երկրաշարժ» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը դա անվանել է «անհեթեթ իրավիճակ», քանի որ ըստ նրա՝ ստեղծագործական խմբում ոչ թե ռուսներ են, այլ ազգությամբ հայեր, որոնցից ոմանք նույնիսկ երկքաղաքացիություն ունեն:

Ռուսաստանում դա քաղաքական որոշում են համարում (բնականաբար ուղղված Ռուսաստանի դեմ), բայց փաստը մնում է փաստ. «Օսկարի» կոմիտեն հաշվի է առել միայն փաստաթղթային տվյալները, համաձայն որոնց՝ ֆիլմը ստեղծել են Ռուսաստանի քաղաքացիները: Եվ եզրակացրել է, որ այն իրավասու չէ ներկայացվել Հայաստանի անունից:

Ընդհանրապես «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգը տարբերվում է «Օսկարի» մյուս անվանակարգերից, որոնք խիստ հեղինակային են: Թեև մրցանակը ստանում է ֆիլմի ռեժիսորը կամ պրոդյուսերը, իրականում այն տրվում է ֆիլմարտադրող երկրին:

Կա կանոնակարգ և կան հստակ պահանջներ, որոնք իհարկե, կարող են ճկունության տարբեր աստիճանի գործածվել: Հիմա գործածվեցին խստորեն դեռ հայտերի ընդունման փուլում:

Նախկինում Հայաստանը մի քանի անգամ հայտեր ուղարկել է «Օսկար»՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում տեղ գտնելու նպատակով: Այդ ֆիլմերն էին «Լռության սիմֆոնիան» (2002 թ.), «Վոդկա-լիմոն» (2004 թ.) «Հրաշագործի աշունը» (2010 թ.), «Եթե բոլորը» (2013 թ.):  

«Օսկարի» բազմափուլանոց ու ֆիլմաշատ ընտրական ցանցով հայկական ֆիլմերը չեն անցել: Երկար ցուցակում (long list-ում) տեղ է գրավել միայն «Եթե բոլորը» ֆիլմը, բայց բուն հավակնորդների ցանկում (short list-ում) հայկական ֆիլմերը չեն ընդգրկվել:

Բոլոր դեպքերում՝ հայտ ուղարկելը, հավակնելն ու հաղթանակի հույս փայփայելը շատ դրական ու առողջ մղում է: Մանավանդ, որ «Օսկար» բառն ինքնին մոգական ձգողություն ունի: Դա մի բրենդ է, որը դրվելով ֆիլմի կողքին (նույնիսկ այսպիսի ձևակերպմամբ. «հավակնում է «Օսկարին»), արդեն իսկ հանրաճանաչության հնարավորություն է տալիս: Նաև հույս, որ ֆիլմն ավելի մեծ դրամարկղային հաջողություն կունենա և «ներկայացված է «Օսկարին» հավելվածի հետ ավելի թանկ կվաճառվի:

Եվ հիմա ստացվեց այնպես, որ Հայաստանն առաջին անգամ բաց քվեարկությամբ ու սեփական Կինոակադեմիայի անդամների մասնակցությամբ «Օսկար» ուղարկելու ֆիլմ է ընտրել, բայց այդ ֆիլմը որակազրկվել է, որովհետև Հայաստանի անունից այն չէր կարող ներկայացվել:

Այդ փաստը չարագուշակ երանգներով է պարուրում «Երկրաշարժի» մոտալուտ երևանյան պրեմիերան: Մինչ այդ ֆիլմը միայն փակ դիտման է արժանացել և միայն Գյումրի քաղաքում: Կարելի է ենթադրել, որ ֆիլմի չարչարանքները դեռ նոր են սկսվում: Այսինքն, այն պահից, երբ հայ հանդիսատեսը կդիտի այն...

«Երկրաշարժ». աղետի և ֆեյքի միաձուլում

«Երկրաշարժ»-ն իր ժանրով ֆիլմ-աղետ է: Գրեթե ողջ էկրանային ժամանակը տրամադրված է փլվող քաղաքին, փլատակներին ու փլատակների կողքը (մեջը, վրան) հայտնված մարդկանց:

Ֆիլմի թեման շատ հստակ է. Գյումրիի (Լենինականի) 1988թ. ավերիչ երկրաշարժն ու դրան հաջորդած առաջին չորս օրերը: Այդպես էլ գրվում է՝ օր առաջին, երկրորդ, երրորդ… Եվ քանի որ «Երկրաշարժը» ոչ թե ենթադրյալ վայրում տեղի ունեցած վերացական աղետի, այլ իրական քաղաքի, իրական մահի ու իրական մարդկանց մասին է, այն ստիպված ձեռք է բերում վավերագրական նշանակություն:

Այլ կերպ չի կարող լինել, քանի որ որքան էլ հնարված լինեն գործող անձիք, միևնույն է նրանք տեղադրված են վայրի և ժամանակի կոնկրետ համատքեստում, և այդ մասին հայտարարվում է ֆիլմի բոլոր պաստառներում, թրեյլերներում ու գովազդային անոնսներում: Այդ մասին թմբկահարվում է հենց առաջին իսկ կադրերից, երբ էկրանին հայտնվում է փլվող քաղաքի քրոնիկոնն ու պաշտոնական թվերը:

Ֆիլմի հեղինակներն ամեն ինչ անում են, որ հանդիսատեսը հավատա, թե ֆիլմի պատումը հիմնված է իրական դեպքերի վրա: Իրական են լուսագրերում հայտնվող զոհերի, ավերված բնակավայրերի, անտուն մնացած մարդկանց մասին փաստերը: Միգուցե անկեղծ ու իրական է ֆիլմի ստեղծան առիթը (ասենք, բարոյական պարտքի պես մի բան):

Բայց իրական չէ կինոպատմությունն ինքնին: «Երկրաշարժը»  ոչ թե ֆիլմ-աղետ է, այլ ֆիլմ-ֆեյք:

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կարողացել է նկարահանել այնպիսի մի տեսաշարային-ձայնային խառնուրդ, որը գրեթե փոշիացնում է հանդիսատեսի կարեկցելու բազային բնազդը: Եվ դա շատ զարմանալի է, քանի որ թե՛ բնական, թե՛ մարդածին ցանկացած աղետ (ջրհեղեղ, փոթորիկ, պատերազմ, այլմոլորակայինների գրոհ, մոլագար մարդասպանի դաժան վարք) վերաիմաստավորվում են հանդիսատեսի էմոցիանալ ցնցումներով և դրանց հաջորդող կատարսիսով:  

Դա հստակ մշակված բանաձև է, պարզապես պետք է մարդկային պատմությունները տրամաբանորեն հյուսել միմյանց, դժվար իրավիճակի հաղթահարման ներուժ ցույց տալ ու ամենակարևորը՝ սիրով ու հարգանքով ուրվագծել պերսոնաժներին: Ինչը ենթադրում է, որ նրանք պետք է հոդաբաշխ դիալոգներ ունենան ու չլինեն շտամպային ցավ ցույց տվող դիմակներ, և այն էլ՝ գավառական ինքնուս թատերական խմբակի ոճով:

Այսինքն, ռեժիսորը պետք է դերասաններին խաղալու նյութ տա: «Երկրաշարժ»-ում խաղալու նյութ չկա:

Բայց անգամ այս պայմաններում, ֆիլմում կա դերասան, որը ոչնչից կարողացել է բազմապլան կերպար գծագրել: Դա Միքայել Ջանիբեկյանն է, ում ստեղծած պերսոնաժն իր որակով այս ֆիլմի համար ուղղակի շռայլություն է:

Մոտ ժամ ու կես քաղաքը փլվում է, մարդիկ վազում են, նստած են փլատակների վրա, խոսում են փլատակների տակից, իսկ բարձր երաժշտությունը չի ընդհատվում ոչ մի վայրկյան: Մի խոսքով՝ քաոս է, շունը տիրոջը չի ճանաչում, անզորություն, փնթի վիճակ, երաժշտական խտացումներ (ռեքվիեմից մինչև ազգային մեղեդիներ) ու տարբեր անտրամաբանական դրվագներ:

Պատկերացրեք, որ ոչնչցաված և ամայի փողոցներով միայնակ երեխաներ են թափառում (երկրաշարժից երեք օր է անցել, բայց ոչ ոք չկա, որ նրանց մասին հոգ տանի), մի քանի օր շարունակ տեսնում ենք քարերի կույտից երևացող մարդու ձեռքը, որը ալեհեր ծերունին բռնում է և գոյաբանական հայացքով զրուցում է հանգուցյալի հետ: Չի փորձում հանել դին կամ օգնություն կանչել, այլ լուռ զրուցում է:  Մի քանի օր շարունակ փորձում են հասկանալ, արդյո՞ք կենդանի է տարեց ու հիվանդ կինը, որին չեն գտնում: Չորս օր հետո նրան գտնում են սալիկի տակից, առողջ, շպարով, չփոշոտված գլխաշորով: Նա դուրս է գալիս ու սկսում պարել՝ կարծես իր կյանքում ոչինչ չի փոխվել: Չորս սթրեսային օր է անցնել, և կինը անգամ չի էլ հարցնում՝ ո՞ղջ են, թե՞ ոչ իր հարազատները: Նույնիսկ ջուր չի ուզում խմել, միանգամից պարում է:

Իրականում սրանք անվնաս մանրուքներ չեն, այլ շինծու ու իսկապես փնթի (մի կերպ իրար կցմցած) սցենարական, ռեժիսորական, նկարչական վրիպակներ, որոնց անտրամաբանական և թույլ կապակցված լինելու փաստը ուղիղ համեմատական է դրանց ուղեկցվող երաժշտության դեցիբելների հետ:

Ֆիլմում հայտնվում են մարդիկ, արագ անհետանում պատումից և առկախում սյուժեին հետևելու հանդիսատեսի ջանքը: Օրինակ, տեսնում ենք, որ քաղաքը փակ է և փրկարարական տեխնիկան չի կարող մուտք գործել դեպքի վայր: Խցանված մեքենաների շարասյունը պատկերող կադրը սկսվում է ու անավարտ մնում: Հաջորդ կադրում հայտնվում է բեռնատարը, որը վարում է Դոնի Ռոստովից մի համակրելի ռուս երիտասարդ: Հարց. եթե ճանապարհը փակ է, ինչպե՞ս է այդ մարդը կռունկով հասել Լենինանական: Ի վերջո, Դոնի Ռոստովն ավելի հեռու է, քան Երևանը:

Ֆիլմի կիզակետը համարվող դրվագ կա, որտեղ ռուս ազնվագույն հերոսը, ճարտարապետ Բերեժնոյը, գտնում է իր զոհված դստերը: Դրվագն այն աստիճանի պարզունակ միզանսցենով է կառուցված, որ նույնիսկ ամոթի զգացում է առաջանում: Մարդը գրկել է իր աղջկան, տեսախցիկը պտույտ է անում նրա կողքը, վեր բարձրանում, շրջանակում կադրը: Կենտրոնում հերոսն է, իսկ կողքի բոլոր պերսոնաժները լուռ ինչպես հին հունական թատրոնի երգչախումբը, նայում են խորաթափանց հայացքով: Երաժշտությունն էլ թնդում է կրեսչենդո:

Հետո զավակին կորցրած հերոսին է մոտենում վրեժխնդրության ցանկությամբ տոգորված հայ երիտասարդը, ում ծնողները տարիներ առաջ մահացել են հենց այդ ռուս հերոսի պատճառով: Նա մոտենում է, ձեռքը դնում իր վրեժի թիրախի ուսուն ու ասում՝ մի վհատվե՛ք, հավատալ է պետք:

Ռուս հերոսը ծանր բարձրացնում է արցունքակալած աչքերն ու դանդաղ ասում՝ այո՛, այո՛, ճիշտ է, պետք է հավատալ:

Ռեքվիեմը ուժգնանում է: Այն ընդհանրապես ուժգնանում, երբ երկխոսությունները դատարկ բառերից են կամզվում (այսինքն, գրեթե միշտ): Իսկ երբ ֆիլմի հեղինակները զգում են, որ դատարկությունների թույլատրելի չափն անցնում են, փորձում են  բազմապատկել էմոցիաները. ռեքվիեմը հանում են, դնում են դուդուկ:

Նման թեմայով ֆիլմը պիտի հանդիսատեսի սրտերը տակնուվրա անի, ջնջի ու նորից կառուցի հուշերը: Իսկ հանդիսատեսին առաջարկվում է պարզապես լսել, թե ինչպես է մի հերոսը մյուսին ասում (ձեռքը դնելով ուսին), թե հավատալ է պետք: Հավատալ, Կառլ…

«Երկրաշարժի» ռեժիսորն ստացել է այնպիսի պատկերների շարան է, որտեղ աղետը՝ հուզական տարբեր փուլերով չի անցնում և անհետաքրքիր կախվում է որպես ճիգ: Դա նման է երկար ու միալար տեսահոլովակի՝ շատ տհաճ ուղերձներով հատկապես իրենց հայ զգացող ու երկրաշարժի սարսափը մաշկի տակ զմրսած մարդկանց համար:

Ողբերգության ու կորստի ցավը ֆիլմում հանձնված է ռուս ընտանիքին (Կոնստանտին Լավրոնենկո և Մարիա Միրոնովա), հայազգի հերոսները նրանց ֆոնն են: Բավականին էկզոտիկ, աղմկոտ, մի քիչ գավառական ու հանդիսատեսի համար դժվար սիրելի ֆոնը: Ինչպե՞ս կարող են իրենք սիրելի լինել, եթե երկրաշարժից մի քանի ժամ անց կողոպտում են, գողություն անում, թիկունքից միմյանց դանակահարում: Թիկունքից, Կառլ…

Այսինքն, ֆիլմի հայ պերսոնաժների մի մասը գող, վախկոտ ու թուլակամ է: Մյուս մասը՝ միամիտ, բարի, ու անօգնական: Երկու տեսակներն էլ լավ ծանոթ են ռուսաստանյան ապագա հանդիսատեսին թե՛ նախորդ կինոաշխատանքներից, թե՛ մեդիա դաշտից: Ռուսաստնյան լրահոսը ընտելացրել է այդ երկու կարծրատիպային ընկալումներին:

«Երկրաշարժը» վիզուալ էֆեկտներով հարուստ, բայց մանրունքներում ու սյուժետային գծերում ստող կինոժապավեն է: Այդ սուտն առաջին հերթին գեղարվեստական է: Եվ վատն այն է, որ երբ սուտը միանում է փաստին, արժեզրկվում է ոչ թե սուտը, այլ փաստը: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչու էր պետք արժեզրկել 1988թ, երկրաշարժը:

Հետաքրքիր է, որ ֆիլմն ունի երկու ֆինալային տարբերակ: Մեկը Հայաստանի հանդիսատեսի համար է, մյուսը Ռուսաստանի:

Հայաստանյան տարբերակում որբ մնացած ռուս տղային որդեգրում է հայ երիտասարդ և նորաստեղծ ընտանիքը՝ տալով տղային հայի ազգանուն: Ռուսաստանյան հանդիսատեսին այդ ֆինալը ցույց չի տրվի, ֆիլմը կավարտվի ստատիկ կադրով՝ կանգ առած ժամացույցով:



Մեկնաբանություններ (2)

Luis Bunuel
Լավ հոդված էր: Ինչ վերաբերվում է այդ տրեշին (չեմ կարող ասել ֆիլմին, քանի որ կվիրավորեմ այն ազնիվ ու պրոֆեսիոնալ կինոգործիչներին, ովքեր կինոարվեստ են ստեղծում կամ գոնե փորձում են ստեղծել), կարծում եմ` պետք է բոյկոտել ու չգնալ կինոթատրոն, արհամարհել իմպերիալիստական ծաղրով համեմված ռուսական այս էժանագին պրոպագանդան, ցույց տալ, որ Հայաստանում կինոն աղբից տարբերում են: Բնավ ֆիլմի տափակությունը չէ Օսկարի հանձնաժողովի մերժման պատճառը, ոչ էլ արտադրության կամ արտադրողների քաղաքացիությունը, չնայած, եթե արտադրողը հայերեն մտածեր` իր արտադրանքի (ուզում էի գրել արտաթորանքի) լեզուն էլ հայերենը կդարձներ: Նույնիսկ պրագմատիկ ամերիկացիներն են նկատել ցածրակարգ քարոզչությունն ու մերժել, փոխարենն առաջարկել են, բացառության կարգով, այլ ֆիլմ ներկայացնել, բայց դե երկրի կինոմեծամեծերը փոխանակ ուղարկեն, օրինակ, Դ. Սաֆարյանի ֆիլմը, ընկած են փաստաթղթեր դասավորելու հետևից: Մի խոսքով, деньги съедены, а позор остался...
Հասմիկ Շահինյան
Սա ծաղր է ռուսների կողմից հայ ազգի ու մեր դժբախտության, մեր զոհերի հանդեպ։ Հերիք չէ ռուսը փորձարկեց իր գեոֆիզիկական զենքը, շատ հարցեր լուծեց, անունը դրեց երկրաշարժ ու հրամցրեց աշխարհին, հիմա էլ ֆիլմ է նկարում ու «Օսկարի» հավակնում.... Զզվելի է շատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter