HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրաստ սպասում եմ Սլավոնական համալսարանի դասախոսներին

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մեքենայով քաղաքից դուրս ենք գնում, անցնում ենք Սովետաշենի գերեզմանների մոտով: Երևի 6 -7 տարեկան եմ, մեքենայի հետևում նստած` երեսս կպցրել եմ պատուհանին, նայում եմ դեպի ամայի տարածություն: Մեկ էլ բլուրներից մեկի արանքից ինչ-որ կլորավուն շենք տեսա:    

- Պա՛պ, էս ի՞նչ ա:                                                                                                                               Հայրս շարունակում է վարել մեքենան, մայրս, մի փոքր մտածելուց հետո, ասում է.

- Բանտ:                                                                                                                                               - Էդ ի՞նչ ա, - զարմացած հարցնում եմ ես. առաջին անգամ էի նման բառ լսում:   

Ծնողներս գիտեին, որ չեմ հանձնվի, մինչև ամեն ինչ չպարզեմ:

- Տեղ, որտեղ մարդկանց են պահում - վերջապես ասում է մայրս:  

Հաջորդ հարցս չի ուշանում:

- Ինչի՞ համար են պահում, - մտածեցի, որ հիվանդանոցի տիպի ինչ-որ հիմնարկ է:   

- Օրենքներ խախտելու, - ասես կանխատեսելով, որ ամեն պատասխան էլ մի նոր հարց է առաջացնելու, հայրս վերջակետ է դնում,- երբ մեծանաս, մնացած հարցերիդ պատասխանները կիմանաս:    

- Մա՛մ, բա էդ մարդիկ տուն չե՞ն գնում,- մի փոքր վախենալով, որ հայրս կարող է բարկանալ, այնուամենայնիվ հարցրեցի ես:

- Չէ՛, նրանց դռների հետևում` փակի տակ են պահում՝ վանդակում:

- Բա ինչի՞ չեն փախնում, - անկեղծ զարմանալով ու բարկանալով հարցրեցի ես, - քանի որ նույնիսկ մեր տան երկու` կանաչ ու կապույտ թութակներին ամեն օր վանդակի միջից բաց էի թողնում, որ ազատ թռչեն տան մեջ:

Մտքերը հանգիստ չէին տալիս ինձ, երևակայությունս տարբեր պատկերներ էր բերում աչքիս առաջ:     «Լա՛վ,- մտածում էի,- էն մարդիկ, որ բանտում են, մի՞թե ելք չունեն…»:

Տարիներ անց ինքս հայտնվեցի այդ տարօրինակ կլոր շենքում և հենց այդտեղ էլ իմ առաջին գրքում գրեցի. «Երևանի ծայրամասերից մեկում կա գերեզմանոց, աղբանոց և ևս մի կլորավուն տեսքով յուրահատուկ գերեզման: Հարազատները ծաղիկների փոխարեն այստեղ սնունդ ու հագուստ են բերում»:

Ասես ճակատագրի հեգնանք լինի այս ամենը, և ես պարտավոր եմ գտնել ելքը… Երկու օր առաջ վերջացրեցի մի պատմվածք, որը, կարծում եմ, կարևոր հարցերի պարզաբանում է տալիս կապված իմ տարօրինակ ճակատագրի հետ… Հուսով եմ, որ մինչև տարվա վերջ լույս կտեսնի պատմվածքների և վավերապատումների ժողովածուն, որը արդեն վերնագրել եմ «Զգացմունքների պետություն»:                  

Այս տարվա ընթացքում և՛ թարգմանություններ եմ կատարել, և՛ շարունակել եմ ուսումս ու աշխատանքս: Երեք գրքերիս բոլոր օրինակներն էլ սպառվել են վաղուց, ես էլ խոստացել եմ, որ հաջորդ գիրքը նվիրելու եմ Սողոմոնին: Գրիքի սկզբում գրել եմ. «Այս գիրքը նվիրում եմ իմ ընկերոջը՝ Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ 20 տարի բանտում տառապած անարդարություն վերապրած ՍՈՂՈՄՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ով պատգամել է ինձ գրչով ու մտքով պայքարել անրարդարության դեմ»:

Պատրաստելով ցմահ ազատազրկման թեմայով կուրսային աշխատանքս` իմացա, որ Եվրոպական դատարանում անմարդկային վերաբերմունքի և պատժի հետ կապված բողոքները հիմնավորելը բավական դժվար է: Մի կողմից բանտարկյալները պարզապես խուսափում են բարձրաձայնել բանտային պայմանների մասին, մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում` ինչպե՞ս ապացուցել անմարդկային վերաբերմունքը կամ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը:

Մի հետաքրքիր դեպքի մասին կարդացի, որը տեղի է ունեցել Ռուսաստանում: Ելնելով նրանից, որ ՄԻԵԴ-ը չի կարող ընդունելի համարել դատապարտյալի կողմից անօրեն կատարված պայմանների տեսանկարահանումը, Ռուսաստանում մի բանտարկյալ ԵԴ-ին գրված իր գանգատի թերթերի վրա ճզմել է խցում վխտացող միջատներին և գրել՝ այլ կերպ չի կարող ապացուցել անմարդկային պայմանները: Եվ գիտեք ի՞նչ` այդ տղան հաղթել է գործը` ճանաչվել է նրա իրավունքների խախտումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

Իսկ հիմա քննություններին ու ստուգարքներին պատրաստ՝ սպասում եմ, որ Սլավոնական համալսարանի դասախոսներն այցելեն բանտ, հանձնեմ 4-րդ կուրսի քննություններն ու ստուգարքները: Առաջին քննությունը լինելու է «Միջազգային մասնավոր իրավունք» առարկայից, որը շատ սիրեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter