HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Գյումրիում: Նպատակը Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանին ներկայացնելն ու մարզի իրավապահների հետ խորհրդակցություն անցկացնելն էր: Լրագրողների հարցերին գլխավոր դատախազը գերադասեց պատասխանել նախքան խորհրդակցությունը: Հարցին, թե ինչո՞ւ են Շիրակի մարզում մեծ թիվ կազմում աղմկահարույց, չբացահայտված քրեական գործերը, Արթուր Դավթյանը նկատեց, որ ինքը չունի տվյալներ բոլոր մարզերի կտրվածքով եւ ըստ այդմ չի կարող ասել, թե որ մարզում են չբացահայտված գործերը գերակշռում:

«Ես կարող եմ վստահորեն ասել, որ դատախազությունը նաեւ Շիրակի մարզում է բարեխղճորեն իրականացնում իր գործառույթները, բայց ցանկացած գործում էլ կան թերացումներ, ցանկացած աշխատանք առավել արդյունավետ դարձնելու, առավել կատարելագործելու տեղ ունի»,-նկատեց գլխավոր դատախազը:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 14-ին Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում ժամը 14-ի հատվածում գրանցված միջադեպին (երկու մեքենաների բախումը մեքենատերերի միջեւ վերածվել էր վիճաբանության եւ քաշքշոցի, որոշ աղբյուրների փոխանցմամբ հնչել են կրակոցներ-հեղ. ) գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ հարուցվել է քրեական գործ, կան երկու ձերբակալվածներ:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի չհրապարակման պատճառները: Արթուր Դավթյանի փոխանցմամբ կան մի քանի «եթե»-ներ, որոնց հստակեցումից հետո նոր կանդրադառնան դրան, եւ որ պետք է սպասել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին: «Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը լիովին բացահայտված է համարում Ավետիսյանների սպանությունը» հարցին` վերջինս պատասխանեց, որ կայացվել է դատական ակտ, որի հետ մեղադրող կողմը լիովին համաձայնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter