HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայության ազգային միասնության սիրիական փորձաքարը

«Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանն հալեպահայության վիճակից խոսելիս սրտնեղում է, թե չնայած Սիրիան արդեն վեց տարի պատերազմի մեջ է, սակայն Սփյուռքի նախարարությունը Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում ներկայացուցիչ չունի:

5 օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ  սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ խորհրդակցություն էր անցկացնում: Դրա մասին պաշտոնական կարճ հաղորդագության հիմնական ուղերձն այն էր, որ վարչապետը պետական մարմիններին հանձնարարել է համագործակցել ՀՀ արտգործնախարարության և Սփյուռքի նախարարությունների հետ և շարունակել համակարգված աշխատանքները:

Ի՞նչ աշխատանքների, առավելևս՝ ի՞նչ համակարգվածության մասին էր խոսքը, բացարձակապես պարզ չէր: Թե՛ հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից Հալեպում տիրող իրավիճակն օրհասական բնորոշողներս և թե նրանք, ովքեր ամեն վայրկյան ռումբի պայթյունի զոհ դառնաու ահը սրտում ապրում են Հալեպում, պատերազմի կիզակետում գտնվող այլ քաղաքներում, չեն կարող անգամ մոտավոր պատկերացնել՝ ի՞նչ է իրենց առաջարկում Հայաստանի կառավարությունը կամ առաջարկու՞մ է առհասարակ ինչ-որ բան, թե՞ ոչ:

Արդյուքնում համընդհանուր արձագանքը մնում է էմոցիոնալ, ոչ սթափ, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես պոպուլիստական:  

Ինչ էին անելու Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները Սիրիայում, եթե մի պահ պատկերացնենք, որ նախարարությունն այնտեղ ոչ թե մեկ-երկու աշխատակից է գործուղե, այլ ամբողջ աշխատակազմը: Հայաստանը Դամասկոսում ունի դեսպանություն, Հալեպում և Դեր Զորում՝ հյուպատոսություններ: Դրանք դիվանագիտական այն եզակի ներկայացուցչություններն են, որոնք ոչ միայն գործում են ավերվող այդ երկրում, ամենօրյա ահաբեկչական ակտերի ու պայթյունների պայմաններում, այլև առանց չափազնացության աշխատում են գերազանց: Այդ մարդիկ կատարում են իրենց աշխատանքը: Բայց կատարում են արտակարգ, ճգնաժամային ռեժիմում: Եվ անկախ իշխանության և կառավարության հանդեպ տրամադրվածությունից՝ չի կարելի այդ մարդկանց աշխատանքն ու ջանքերը չգնահատել: Սա այնքան էլ, մեղմ ասած, ազնիվ չէ:

Այլ հարց է՝ թե ի՞նչ խնդիր է կառավարությունը դնում նրանց առջև: Արդեն 5 տարուց ավելի է՝ Սիրիան ծվատվում է քաոսային պատերազմներից:  5 տարուց ավելի է՝ սիրիահայ հզոր և ազգային ընդգծված դիմագիծ ունեցող համայնքը ոտքի վրա հալվում է: Սկզբում Քեսաբում, Լաթաքիայում, հետո մասամբ Դամասկոսում, այս օրերին արդեն ամիսներ շարունակ Հալեպում ի թիվս հազարավոր սիրիացիների, զոհվում են նաև հայեր: Հինգ տարի է՝ ամեն օր այդ մարդիկ ապրելու խնդիր են լուծում ընդամենը: Եվ չնայած այդ ահռելի ժամանակահատվածին, Հայաստանի կողմից սիրիահայության հետ կապված ոչ մի ռազմավարական մոտեցում չդրսևորվեց: Հինգ տարի շարունակ ամեն ինչ որոշվեց պահի թելադրանքով, հընթացս: Սիրիան և սիրիահայությունը համազգային մտահոգության առարկա էին դառնում միայն այն շրջափուլերում, երբ արկերն ու հրթիռներն սկսում էին պայթել մեր հայրենակիցների գլխին: Դրանցից դուրս սիրիահայության խնդիր գոյություն չուներ: 

Չնայած դեսպանության և հյուպատոսությունների գործունեությանը, Սիրիայում հայկական կազմակերպությունների, կուսակցությունների գրասենյակների, մշակութային կենտրոնների, եկեղեցու առաջնորդարանի առկայությանը՝ մինչև հիմա ոչ ոք կոնկրետ չգիտի՝ որքա՞ն հայ է մնացել Հալեպում, Դեր Զորում, Լաթաքիայում, Դամասկոսում: Ոչ ոք չի վերլուծել՝ նրանց որ մասն է նախընտրում մնալ սեփական տներում, որ մասն է նախընտրում հեռանալ, որոնք են հեռացողների արտագաղթի հիմնական ներքին ու արտաքին ուղղությունները: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի կառավարությունը, Սիրիայում գործող հայկական կազմակերպությունները կամ չեն տիրապետում իրավիճակին, կամ գործում են իրարից նույնիսկ ոչ թե բավականաչափ անկախ, այլև, գուցե, ի հեճուկս միմյանց: Չկա մոտավոր պատկերացում՝ ո՞րն է  մնացողների այն շրջանակը, որը  չի հեռանում ֆինանսական հնարավորություն չունենալու կամ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ընդունող, հյուրընկալող չունենալու պատճառով: Հավաստի տեղեկատվության, վիճակագրության բացարձակ վակուում է: Եվ քանի որ չկա ուղղորդված տեղեկատվական քաղաքականություն, ամեն մեկն իր պարտք է համարում լցնել այդ վակուումն ինչպես ուզում է ու որքան ուզում է. մեկը՝ բամբասանքով, մյուսը՝ իր խուճապային տրամադրություններով, երրորդը՝ մութ սենյակում սև կատու փնտրելու մղումներով, հաջորդները սովորական պոպուլիզմով զբաղվելով, ոմանք էլ, իհարկե, մարդկային առողջ մտահոգություններից ելնելով: Արդյուքնում տեղեկատվական այնպիսի մի շիլաշփոթ է առաջացել, որից ոչ ոք գլուխ հանել չի կարող: Մինչդեռ առանց հավաստի տեղեկատվության հնարավոր չէ ոչ օբյեկտիվ որոշումներ կայացնել, ոչ ինչ որ բան ծրագրել և ոչ էլ նպատակային իրականացնել:

Սա խնդիր է, որն ամբողջությամբ գտնվում է Հայաստան պետության պատասխանատվության տիրույթում: Տեղեկատվական և հոգեբանական այս քաոսը շատ պարզ ցույց է տալիս, թե չնայած պետական կառույցների գոյությանը, որքան անպատրաստ էր Հայաստանը նման մարտահրավերին և որքան անպատրաստ է շարունակում մնալ: Մինչդեռ ոչ միայն սիրիահայության, այլ նաև ռիսկային տարածաշրջաններում ու երկրներում գտնվող բոլոր հայկական համայնքների կտրվածքով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և վերլուծություններն արդեն պետք է արված լինեին, դրանց հիման վրա նախանշված պետք է լինեին թե տեղեկատվական քաղաքականության և թե նյութական ու բարոյահոգեբանական օժանդակության ցուցաբերման ռազմավարական առաջնայնությունները: Այս սիրողական վերաբերմունքն խորքային պատճառներ ունի: 

Չնայած Հայաստանի 25 տարվա անկախությանը, Սփյուռքի հետ տարերային հարաբերություններին, տարին մի քանի անգամ Հայրեինք-Սփյուռք գիտաժողովների ու համաժողովների կազմակերպմանը, ոչ գիտական, ոչ էլ ազգային-քաղաքական մակարդակով չհիմնավորվեց, չբանաձևվեց՝ ի վերջո, բացի հնարավորինս շատ «փող պոկելը», Հայաստանին ուրիշ ինչի՞ համար է պետք Սփյուռքը, կամ պե՞տք է այն ընդհանրապես, թե՞ ոչ: Ի՞նչ խնդիր են լուծում կամ պետք է լուծեն հայկական համայնքները, ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը Հայաստանի և  հայկականության համար:

Խորհրդային Միության գոյության տարիներին սփյուռքահայությունը ենթագիտակցորեն ինքնապահպանության համար որոշակի գաղափարական կռվաններ, բանաձևեր գտել էր: Դրանց վրա էր խարսխվում հայկական համայնքների ազգային դիմագծի, ազգային ինքնագիտակացության պահպանման, ազգային կրթամշակութային արժեքների ստեղծման ամբողջ գործընթացը: Դա էլ իր հերթին ձևավորում էր հավաքական Սփյուռքի գոյությունն իմաստավորող ինստիոտւցիոնալ համակարգը: Բայց անկախ Հայաստանի պարագայում Սփյուռքի և հայկական համայնքների հետ կապված բոլոր հիմնական հարցերը դարձան ակտուալ: Վերարժևորման, վերագնահատման խորքային շարժընթաց տեղի չունեցավ:

Հենց դրա հետևանքն է, որ խճճվել ենք գերակայությունների մեջ. սիրիահայությանը Հայաստան տեղափոխե՞լն  է գերխնդիրը, նրանց ֆիզիկական փրկության ապահովո՞ւմը, թե՞ սիրիահայությանը պատուհասած ողբերգությունն արտագաղթի ու համընդհանուր փախուստի այս մրցավազքում Հայաստանի և Արցախի ժողովրդագրական աղետալի վիճակը փրկուն ծառայեցնելը: Իսկ խճճվել ենք, որովհետև խնդիրն առնչվում է երկարաժամկետ կտրվածքով գուցե ամենակարևոր հարցերից մեկին. Սիրիայի հայկական համայնքի հետագա գոյությանը: Սիրիայի հայկական համայնքի կորուստն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն կորցնել տասնամյակներով ձևավորված ազգային մշակույթային հսկայական ժառանգությունը, այլ նաև ազգային ու պետական շահերի սպասարկման առումով մերձավորարևելյան տարածաշրջանում ստրատեգիական երեք (Իրան, Լիբանանб Սիրիա) հիմնական «ֆորպոստներից» մեկը. ամենախոշորը և ամենաազդեցիկը: Սա ամեն սիրիահայի անձնական ողբերգությունը լինելուց, ազգային բարոյական հարց լինելուց բացի նաև լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական հարց է:

Մինչդեռ այն առաջարկները, որոնք վերաբերում են Հայաստանում և Արցախում սիրիահայերի վերաբնակեցմանը և դրա համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների, ենթակառուցվածքների ստեղծմանը, գիտակցաբար թե երնթագիտակցաբար, բխեցվում են հիմնավոր հայենադարձության կանխավարկածից: Այսինքն որքան էլ ցինիկ է հնչում, սիրիահայությունը ընկալվում է որպես Արցախի և Հայաստանի ժոովրդագրական վիճակի բարելավման պոտենցիալ ռեսուրս: Եթե խնդիրը դեմոգրաֆիական ճգնաժամն է, ապա բեռը ողջ հայությանն է, այլ ոչ թե միայն սիրիահայությանը, կամ այն երկրների հայկական համայքններինը, որտեղ Աստված մի արասցե, հետագայում կարող է նման իրավիճակ ստեղծվել: Եթե առաջնահերթությունը սա է, ապա պետք է համակերպվել այն մտքի հետ, որ դրանով քարուքանդ ենք անելու Սիրիայում հայկական համայքնի վերականգնման, իսկ գլոբալ իմաստով Սփյուռքի գոյության հեռանկարը: Վտանգավոր է հիմա նման արհեստական երկընտրանքներ ստեղծել ինքներս մեզ համար:

Բոլոր գործողությունները, որքան էլ դրանք համակարգային բնույթ չեն կրում, թերևս պետք է բխեն սիրիահայության ֆիզիկական գոյությունը պաշտպանելու, փրկելու, նրանց ժամանակավոր կեցության ապահովման կոնցեպցիայից՝ լինի դա Հայաստանի և Արցախի, թե՞ աշխարհասփյուռ հայության և տարբեր երկրներում հայկական համայնքների ռեսուրսներով: Մնացածը հենց իրենց սիրիահայերի որոշելիքն է: Բայց արվե՞լ է արդյոք որևէ հաշվարկ, գույքագրում, թե ինչպիսի՞ն է նրանց օժանդակության համահայկական ընդհանրական պոտենցիալը, դրա ո՞ր մասն է Հայաստանի մասնաբաժինը և որ մասը՝ Սփյուռքինը: Որքան էլ ամոթալի է խոստովանել, այս տարիների ընթացքում համազգային միասնության մասին դիֆերամբներ ձոնող հայությունը Հայաստանի կառավարության գլխավորությամբ, նման գործընթաց չձեռնարկեց: Հայի «վերջին խելքով» հավանաբար սպասում ենք Սիրիայից վերջին հայի դուրս գալուն, որպեսզի «հայի բախտը» ողբալու հերթական առիթն ստեղծենք և պատասխանատվությունը միմյանց վրա գցելով շարունակենք ինքնահոսի մատնված իներցիոն մեր գոյությունը:

Հ.Գ. Ընդամենը մեկ ամսից տեղի կունենա համահայկական հերթական դրամահավաք-մարաթոնը: Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը սիրիահայության հիմնահարցի լուծման կոնկրետ ծրագիր չդնի սեղանին և դրամահավաք-հանգանակությունը դրա իրականացմանը չուղղի, ուրեմն բովանդակային իմաստով Հայաստան-հայրենիքի գաղափարը սին է: Իսկ մենք, բոլորս՝ ընդամենը «կենացային հայրենասերների» սովորական խառնամբոխ:

Լուսանկարը՝ sayyidali.com-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter