HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի համայնքապետը երդվեց առանց ավագանու ընդդիմադիր անդամների ներկայության

Գայանե Սարգսյան

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը: Արարողությանը համայնքի թվով 32 ավագանու անդամներից ներկա էին միայն ՀՀԿ-ի ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները: «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական Վերածնունդ» կուսակցություններից ավագանու որևէ անդամ չէր ներկայացել արարողությանը: Նրանց համար նախատեսված տեղերը զբաղեցրել էին մարզի տարբեր հաստատությունների վարչական աշխատակիցները, Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի վարչության ու բաժինների պետերն ու աշխատակիցները:

«Ստանձնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը՝ ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին»,- խոստացավ Մ. Ասլանյանը:

Վանաձորի խորհրդանշական բանալին Մ. Ասլանյանին փոխանցեց նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանը:

Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորելով Մ. Ասլանյանին՝ ասաց.

 «Շատ լավ տրադիցիա է դրվում մեր քաղաքում և կարծում եմ, որ մեր քաղաքի համար այս նոր սկիզբը շատ կարևոր է, որ մենք կարողանանք կազմակերպված, միասին առաջ տանել, պրոբլեմները լուծել և երկրաշարժից հետո դժվարին վիճակում ապրող մեր համաքաղաքացիների համար սոցիալական ոլոտում առաջխաղացում ապահովել»:

Ընդգծելով, որ վանաձորցիները մշտապես աչքի են ընկել քաղաքական ակտիվությամբ, նախարարը դրա լավագույն ցուցանիշը համարեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները. «Մենք պետք է հպարտ լինենք, որ ընտրությունների արդյունքում ունեցել ենք մի այնպիսի քարտեզ, որտեղ և՛ ընդդիմության, և՛ այսօրվա իշխանության ուժերը համատեղ պետք է կարողանան աշխատել և արարել մեր քաղաքի համար… Ունենալով Վանաձորի ավագանու ընդդիմության այսպիսի մեծ թիմ, ես ուրախանում եմ, որ մենք կունենանք վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք կստիպեն մեր կոալիցիոն ուժին, որը ղեկավարելու է Վանաձոր քաղաքը առաջիկա 5 տարիների ընթացքում, առավելագույն ճիգ թափել արդյունք ցույց տալու համար և բարելավելու քաղաքի ընդհանուր վիճակը»:

Դ. Լոքյանը հույս հայտնեց, որ քաղաքում առկա քաղաքական տատանումները ժամանակավոր բնույթ կկրեն. «Այն փոքր քաղաքական տատանումները, որ այսօր կան Վանաձորում, կարծում եմ խիստ ժամանավոր բնույթ են կրում, քանի որ ցանկացած ավագանի, որը ժողովրդի քվե է ստացել իր կուսակցությունը, իր քաղաքական ուժը ներկայացնելով, թիվ մեկ խնդիր ունի ծառայելու այս քաղաքի բնակիչներին, ոչ թե կուսակցական կամ այլ խնդիրների»,- նշեց նախարարը:

Վերջինս անդրադարձ կատարեց նաև քաղաքի կառավարման համակարգին՝ փաստելով, որ այսօր Վանաձորը աղքատ, ոչ բարետես, ոչ մաքուր քաղաք է: «Սա գաղտնիք չէ և ես չեմ դժվարանում այս ամբողջը հնչեցնել: Սա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է  եղել: Բայց մենք Վանաձորը չպետք է տեսնենք այդպիսին…Մենք ունենք շատ ուռճացված ապարատ: Վանաձոր քաղաքի շուրջ 2.3-2.4 մլրդ դրամ բյուջեի հիմնական մասը մենք ուղղում ենք միայն աշխատավարձ վճարելուն: Որտե՞ղ է լինելու այս քաղաքի զարգացումը, որտե՞ղ է լինելու այս քաղաքի ծրագրի իրականացումը,- նշեց Դ. Լոքյանը՝ համայնքի ղեկավարի ու ավագանու առաջնահերթ լուծելիք խնդիրը համարելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարձրացումն ու ուռճացված աշխատակազմից ձերբազատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter